Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Corinthians 4

:
Armenian - NEA
1 Հետևաբար, Աստծու ողորմությամբ ունենալով այս պաշտոնը՝ չենք տկարանում։
2 Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։
3 Իսկ եթե նույնիսկ մեր Ավետարանը ծածկված է, ծածկված է նրանց համար, ովքեր կորստյան տանող ճամփի վրա են։
4 Այդ անհավատների միտքն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի Ավետարանի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։
5 Որովհետև մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ձեր ծառաների՝ ի սեր Քրիստոսի։
6 Որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարից թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից։
7 Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
8 Ամեն ինչի մեջ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք,
9 հալածված ենք, բայց լքված չենք, չարչարված ենք, բայց կործանված չենք։
10 Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։
11 Քանզի մենք, որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։
12 Այսպիսով մահը զորանում է մեր մեջ, իսկ կյանքը՝ ձեր մեջ։
13 Արդ, հավատի նույն հոգին ունենք, ինչպես որ գրված է. «Հավատացի, դրա համար էլ խոսեցի» ։ Մենք էլ հավատում ենք, այդ իսկ պատճառով խոսում ենք։
14 Գիտենք, որ նա, ով հարություն տվեց Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։
15 Քանզի ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհն ավելանա ի փառս Աստծու։
16 Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։
17 Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։
18 Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ հավիտենական։