2 Corinthians 3
1 Վերստին սկսենք ինքներս մեզ հանձնարարել. թեև մեզ, ինչպես ոմանց, պետք չեն հանձնարարական նամակներ՝ ներկայացնելու ձեզ կամ ձեզնից ստանալու։
2 Մեր նամակները դուք եք՝ գրված մեր սրտերում, ճանաչված և կարդացված բոլոր մարդկանցից։
3 Հայտնի է, որ դուք եք Քրիստոսի նամակները՝ շարադրված մեր ծառայության միջոցով, գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարեղեն տախտակների, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։
4 Այսպիսի մի վստահություն ունենք առ Աստված Քրիստոսի միջոցով.
5 չենք մտածում, թե կարող ենք մեր ուժերով ինչ-որ բան անել, այլ Աստծուց է մեր կարողությունը։
6 Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։
7 Արդ, եթե քարեղեն տախտակների վրա գրով դրոշմված մահվան ծառայությունը տրվեց այնպիսի փառքով, որ իսրայելացիները չկարողացան նայել Մովսեսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ անհետանալու էր,
8 որքա՜ն ավելի փառքով կլինի Հոգու ծառայությունը։
9 Որովհետև եթե դատապարտության տանող ծառայությունը փառավոր էր, որքա՜ն ավելի փառավոր կլինի արդարության տանող ծառայությունը։
10 Արդարև, այս դեպքում այն, ինչ փառավոր էր, կորցնում է իր փառքը ներկայիս գերազանց փառքի հետ համեմատած։
11 Որովհետև, եթե ինչ որ անհետանալու էր, տրվեց փառավորությամբ, որքա՜ն ավելի փառավոր կլինի այն, որ մնայուն է։
12 Եվ արդ, քանի որ այսպիսի հույս ունենք, մեծ համարձակությամբ ենք վարվում,
13 և ոչ թե Մովսեսի նման, որ քողով ծածկում էր իր երեսը, որպեսզի իսրայելացիները մինչև վերջ չնայեն այն փառքին, որն անհետանալու էր։
14 Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր էլ նույն քողը մնում է, երբ կարդում են Հին Կտակարանը, և չի վերանում, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։
15 Եվ մինչև այսօր, երբ Մովսեսի գրքերն են կարդում, նույն վարագույրը մնում է նրանց սրտերի վրա։
16 Բայց երբ դառնան Տիրոջը, ապա վարագույրը կվերցվի։
17 Տերը Հոգին է. որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է։
18 Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով։