2 Corinthians 13
1 Երրորդ անգամ է, որ գալու եմ ձեզ մոտ, որպեսզի «ամեն խոսք հաստատվի երկու կամ երեք վկաների բերանով» ։
2 Առաջ ասել եմ, երբ երկրորդ անգամ ներկա էի ձեր մեջ, և այժմ հեռվից դարձյալ կանխավ ասում եմ նրանց, ովքեր նախապես մեղանչեցին, և բոլոր մյուսներին. երբ դարձյալ գամ, չեմ խնայելու։
3 Եթե ապացույց եք փնտրում, թե ինձնով Քրիստոսն է խոսում ձեզ հետ, ապա կտեսնեք, որ նա զորությամբ է գործում է ձեր մեջ և ոչ թե տկարությամբ։
4 Թեև նա խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ, թեև տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կլինենք նրա հետ Աստծու զորությամբ։
5 Քննե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք։ Փորձե՛ք ինքներդ ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուսը ձեր մեջ է, այլապես ձախողված դուրս կգաք։
6 Բայց հույս ունեմ, որ գիտեք, թե մենք չձախողվեցինք։
7 Եվ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որ դուք բարին գործեք, հոգ չէ, թե մենք ձախողված թվանք։
8 Որովհետև ճշմարտության դեմ ոչ մի հակառակ բան չենք կարող անել, այլ պաշտպան ենք ճշմարտությանը։
9 Ուրախ ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Հենց դրա համար էլ աղոթում ենք, որ դուք հաստատուն լինեք։
10 Ուստի հեռվից այս ամենը գրում եմ, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց՝ հաստատելու և ոչ թե քանդելու համար։
11 Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։
12 Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Բոլոր սրբերը ողջունում են ձեզ։
13 Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող ձեզ հետ լինեն։ Ամեն։