Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 12

:
Armenian - NEA
1 Արդ, ես պիտի պարծենամ, թեև անօգուտ է։ Սակայն կպատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների և հայտնությունների մասին։
2 Գիտեմ Քրիստոսով մի մարդու, որ տասնչորս տարի առաջ (չգիտեմ՝ մարմնով էր, թե առանց մարմնի, Աստված գիտի) հափշտակվեց մինչև երրորդ երկինք։
3 Եվ գիտեմ այնպիսի մարդու (մարմնով էր, թե առանց մարմնի՝ չգիտեմ, Աստված գիտի),
4 որ հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատմելի խոսքեր, որ մարդու արտոնված չէ արտասանել։
5 Այդպիսի մեկով պիտի պարծենամ, բայց ինքս ինձնով չպիտի պարծենամ, եթե ոչ միայն իմ տկարություններով։
6 Իհարկե, եթե ուզենայի պարծենալ, անմիտ չէի լինի, որովհետև ճշմարտությունն ասած կլինեի։ Բայց հրաժարվում եմ ասելուց, որպեսզի չլինի թե որևէ մեկն ավելի բարձր համարում ունենա իմ մասին, քան այն, ինչ տեսնում է իմ մեջ կամ լսում է ինձնից։
7 Եվ որպեսզի այդ բացառիկ հայտնություններով չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ՝ սատանայի մի ներկայացուցիչ՝ բռնցքահարելու ինձ, որպեսզի չգոռոզանամ։
8 Երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն ինձնից հեռացնի։
9 Բայց նա ինձ ասաց. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»։ Ահա թե ինչու հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը։
10 Դրա համար էլ գոհ եմ ի սեր Քրիստոսի կրած իմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքներին և նեղությունների համար, որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր։
11 Անմիտ եղա պարծենալով, բայց դուք ստիպեցիք։ Որովհետև պետք էր, որ ես ձեզնից վկայություն ստանայի, թե ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից», թեև ոչինչ եմ։
12 Առաքյալ լինելու նշանները Աստված ցույց տվեց այն գործերով՝ նշաններով, սքանչելիքներով և զորավոր հրաշքներով, որ ես մեծ համբերությամբ կատարեցի ձեր մեջ։
13 Եվ արդ, ինչո՞վ պակաս մնացիք մյուս եկեղեցիներից, եթե ոչ այն բանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներեցե՛ք ինձ այդ հանցանքը։
14 Ահա երրորդ անգամ է, որ պատրաստվում եմ գալ ձեզ մոտ. ձեզ համար բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ փնտրում, այլ ձեզ։ Որովհետև որդիները չէ, որ պարտավոր են հայրերի համար հարստություն կուտակել, այլ հայրերը՝ որդիների։
15 Ես ինքնահոժար կծախսեմ և կզոհաբերվեմ ձեզ համար, թեկուզ և, հակառակ ձեզ շատ սիրելուս, ձեզնից քիչ սիրվեմ։
16 Բայց ասենք թե ես բնավ բեռ չեղա ձեզ վրա, որովհետև խորամանկ էի, խաբեությամբ բռնեցի ձեզ։
17 Մի՞թե ձեզ շահագործեցի նրանցով, որոնց ուղարկեցի ձեզ մոտ։
18 Աղաչեցի, որ Տիտոսը գա ձեզ մոտ, և հետն էլ ուղարկեցի այն մյուս եղբորը։ Մի՞թե Տիտոսը ձեզ շահագործեց։ Նույն ոգով չշարժվեցի՞նք, նույն հետքերով չքայլեցի՞նք։
19 Դարձյալ կարծում եք, թե մենք ամեն կերպ մե՞զ ենք պաշտպանում ձեր առջև։ Աստծու առաջ է, Քրիստոսով, որ խոսում ենք. ամեն ինչ, սիրելինե՛ր, ձեր շինության համար է։
20 Բայց վախենում եմ, որ երբ գամ, ձեզ գտնեմ այնպես, ինչպես որ ես չէի ուզենա, և դուք էլ ինձ գտնեք այնպես, ինչպես որ դուք չէիք ուզենա։ Այսինքն՝ ձեր մեջ դարձյալ վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, հպարտություն, ամբարտավանություն, խռովություն լինի։
21 Վախենում եմ, որ երբ գամ, իմ Աստվածը դարձյալ ինձ նվաստացնի ձեր առաջ, և սուգ անեմ շատերի համար, որոնք նախապես մեղանչել են և չեն ապաշխարել իրենց գործած պղծության, պոռնկության և անբարոյության համար։