Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 11

:
Armenian - NEA
1 Լավ կլիներ, եթե մի քիչ հանդուրժեիք իմ անմտությունը. բայց անշուշտ հանդուրժում եք։
2 Ձեր հանդեպ լցված եմ Աստծու նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի միակ փեսայի հետ՝ որպես անբիծ կույս՝ Քրիստոսին ներկայացնելու համար։
3 Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։
4 Որովհետև երկյուղ ունեմ, որ հաճույքով կընդունեք որևէ մեկին, եթե գա ու քարոզի մեր քարոզածից տարբեր Քրիստոսի, ձեր ստացած Հոգուց տարբեր մի հոգի կամ ձեր ընդունած Ավետարանից տարբեր մի ավետարան։
5 Բայց ես այնպես եմ կարծում, որ ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից»։
6 Թեև ճարտար չեմ խոսքի մեջ, բայց ոչ գիտության մեջ, և դա ամբողջությամբ ամեն ձևով ցույց տվեցի ձեզ։
7 Արդյո՞ք մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, որ Աստծու Ավետարանը ձեզ ձրի քարոզեցի։
8 Ապրուստ ստանալով ուրիշ եկեղեցիներից՝ նրանց կողոպտեցի ձեզ ծառայելու նպատակով։
9 Եվ երբ եկա ձեզ մոտ, ձեզնից ոչ ոքի համար բեռ չեղա, չնայած կարիքի մեջ էի, որովհետև իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եվ ամեն կերպ, առանց ձեզ վրա բեռ լինելու, ինքս ինձ պահեցի և շարունակելու եմ պահել։
10 Քանի որ Քրիստոսի ճշմարտությունն իմ մեջ է, ոչ ոք չի լռեցնի իմ այս պարծանքը նաև Աքայիայի կողմերում։
11 Ինչո՞ւ։ Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ։ Աստված գիտի դա։
12 Այսպես եմ անում և անելու եմ, որպեսզի վերջ դնեմ պատճառաբանություններին նրանց, ովքեր առիթ են փնտրում պարծենալու, թե իրենք էլ են աշխատում մեզ նման։
13 Այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք կերպարանավորվում են Քրիստոսի առաքյալների կերպարանքով։
14 Եվ դա զարմանալի չէ, որովհետև սատանան ինքն էլ է կերպարանավորվում որպես լույսի հրեշտակ։
15 Եվ տարօրինակ չէ, որ նրա սպասավորներն էլ կերպարանավորվեն որպես արդարության սպասավորներ։ Նրանց վերջը կլինի ըստ իրենց գործերի։
16 Դարձյալ ասում եմ. թող ոչ ոք ինձ անմիտ չհամարի, իսկ եթե ոչ, ընդունե՛ք ինձ թեկուզ իբրև անմիտի, որպեսզի ես էլ մի փոքր կարողանամ պարծենալ։
17 Եվ ինչ որ ասում եմ, ոչ թե ըստ Տիրոջ ուզածի եմ ասում, այլ որպես մի անմիտ, որ պարծենալու վիճակի մեջ է գտնվում։
18 Քանի որ շատերը պարծենում են մարդկային նկատառումներից առաջնորդված, ես էլ պիտի պարծենամ։
19 Դուք՝ իմաստուններդ, անմիտներին սիրով եք հանդուրժում։
20 Հանդուրժում եք, երբ մեկը խաբում է ձեզ, երբ մեկը ստրուկի տեղ է դնում ձեզ, երբ մեկը լափում է ձեր ունեցածը, երբ մեկը կողոպտում է ձեզ, երբ մեկն արհամարհում է, երբ մեկն ապտակում է ձեզ։
21 Ամաչելով եմ ասում, որպես թե մենք թույլ ենք եղել։ Անմտությամբ եմ ասում. եթե որևէ մեկն ինչ-որ բանի մեջ համարձակվում է պարծենալ, ես էլ եմ համարձակվում։
22 Եբրայեցի՞ են՝ ես էլ եմ եբրայեցի։ Իսրայելացի՞ են՝ ես էլ։
23 Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, ավելի հանդգնությամբ կարող եմ ասել, թե ես առավե՛լ ևս։ Եթե վաստակով՝ առավել, եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ։
24 Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ կերել,
25 երեք անգամ խարազանվել, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մեկ ցերեկ ու մեկ գիշեր տառապել եմ ծովի անդունդներում։
26 Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։
27 Բազում անգամ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտահար ու մերկ։
28 Մի կողմ թողած մյուս նեղությունները և դեռ այն, որ շարունակ ամբոխն ինձ վրա էր կուտակվում, ինչպես նաև բոլոր եկեղեցիների հոգսերը։
29 Ո՞վ է տկարանում, որի հետ ես չեմ տառապում, ո՞վ է գայթակղվում, որի համար սիրտս չի այրվում։
30 Եթե պարծենալ է պետք, իմ տկարությամբ պիտի պարծենամ։
31 Աստված և մեր Տեր Հիսուսի Հայրը, որ օրհնյալ է հավիտյանս, գիտի, որ չեմ ստում։
32 Դամասկոսում Արետաս արքայի կառավարիչն ինձ ձերբակալելու համար հսկողության տակ էր պահում Դամասկոս քաղաքը,
33 բայց պատուհանից՝ պարսպից ներքև, ինձ զամբյուղով իջեցրին, և ես փախա նրա ձեռքից։