Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 1

:
Armenian - NEA
1 Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալը, և Տիմոթեոս եղբայրը, Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, ամբողջ Աքայիայում գտնվող բոլոր սրբերով հանդերձ.
2 շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
3 Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության,
4 որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր որևէ տեսակ նեղության մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծու կողմից։
5 Որովհետև որքան շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, այնքան Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն առավել կլինի։
6 Քանի որ եթե նեղություն ենք կրում, ձեր մխիթարության և փրկության համար է, և եթե մխիթարվում ենք, ձեր մխիթարության համար է, որն օգնում է համբերությամբ կրելու այն նույն չարչարանքները, որ մենք ենք կրում։
7 Մեր հույսը հաստատուն է ձեր հանդեպ, որովհետև գիտենք, որ ինչպես մասնակից ենք չարչարանքներին, այնպես էլ մասնակից ենք մխիթարությանը։
8 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք Ասիայում մեզ պատահած նեղությանը։ Այդ բեռը մեր կարողությունից այն աստիճան ծանր էր, որ գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը։
9 Եվ մեզ վրա անձնապես զգացինք մահվան վճիռը, որպեսզի ապավինենք ոչ թե ինքներս մեզ, այլ Աստծուն, որ հարություն է տալիս մեռելներին։
10 Նա էր, որ այդպիսի մահվանից փրկեց մեզ և փրկելու է,
11 քանզի հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքների օգնությամբ, որպեսզի բազում անձանց աղոթքների միջոցով մեզ տրված շնորհը տեսնելով՝ շատերը մեզ համար գոհություն տան Աստծուն։
12 Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
13 Որովհետև ձեզ այլ բան չենք գրում, քան այն, ինչ կարդում և հասկանում եք։ Հույս ունեմ, որ ամբողջությամբ կհասկանաք,
14 ինչպես արդեն փոքրիշատե հասկացել եք, որ ձեր պարծանքն ենք, ինչպես դուք էլ կլինեք մեր պարծանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։
15 Այս վստահությամբ էի կամենում նախ գալ ձեզ մոտ, որպեսզի դուք կրկին շնորհ ընդունեք,
16 և ձեր մոտից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մոտ և ձեր օգնությամբ ճանապարհվել Հրեաստան։
17 Իսկ եթե այս մտածեցի, մի՞թե թեթևամտությամբ շարժվեցի, կամ՝ ինչ որ որոշում եմ, մարդկայի՞ն շարժառիթներով եմ որոշում, այնպես որ իմ կողմից այո-ն այո լինի, և ոչ-ը՝ ոչ։
18 Վկա է Աստված, որ ձեզ ուղղված մեր խոսքը այո և ոչ չէ միաժամանակ,
19 որովհետև Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, որ ձեր մեջ քարոզեցինք մենք՝ ես, Սիղվանոսն ու Տիմոթեոսը, չեղավ թե՛ այո և թե՛ ոչ, այլ Աստծու այո՛-ն եղավ։
20 Որովհետև Քրիստոսն Աստծու այդչափ խոստումների այո-ն է։ Դրա համար էլ նրանով է, որ ասում ենք «Ամեն»՝ Աստծու փառքի համար։
21 Եվ Աստված է, որ մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատուն է պահում և օծեց մեզ։
22 Ինքն է, որ նաև կնքեց մեզ և Հոգու առհավատչյան դրեց մեր սրտերի մեջ։
23 Բայց ես Աստծուն եմ վկա կանչում իմ անձին, որ ձեզ խնայելու համար այլևս չեկա Կորնթոս։ Ոչ թե իշխում ենք ձեր հավատի վրա, այլ գործակից ենք ձեր ուրախությանը, քանի որ հավատի մեջ հաստատուն եք։