Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 9

:
Armenian - NEA
1 Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավը, շատ մեծ շքախմբով և խնկեր, բազում ոսկի ու թանկարժեք քարեր բարձած ուղտերով եկավ Երուսաղեմ, որ Սողոմոնին փորձի հանելուկներով։ Նա եկավ Սողոմոնի մոտ և նրա հետ խոսեց այն ամենի մասին, որ մտքում ուներ։
2 Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. և չգտնվեց մի հարց, որին Սողոմոնը չպատասխաներ։
3 Սաբայի թագուհին, տեսնելով Սողոմոնի իմաստնությունը, նրա կառուցած տունը,
4 սեղանների վրա դրված ուտելիքները, նրա պաշտոնյաների նստելը, սպասավորների կեցվածքն ու նրանց հանդերձանքը, նրա մատռվակներին ու նրանց զգեստները և այն ողջակեզները, որ նա մատուցում էր Տիրոջ տանը, ապշեց
5 և ասաց արքային. «Ճշմարիտ էր այն, ինչ լսել էի իմ երկրում քո խոսքերի ու քո իմաստնության մասին։
6 Չէի հավատում ասված խոսքերին, մինչև որ չեկա, և աչքերս տեսան, որ ինձ չեն պատմել քո իմաստնության մեծության նույնիսկ կեսի մասին։ Դու ավելի իմաստուն ես, քան լսել էի։
7 Երանելի են քո մարդիկ, երանելի են քո կանայք և այդ ծառաները, որ միշտ քո առաջ կանգնած են ու լսում են քո իմաստնությունը։
8 Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հավանելով՝ քեզ է դրել իր թագավորության գահին, որպեսզի կառավարես քո ժողովրդին։ Որովհետև Տերը՝ քո Աստվածը, Իսրայելին սիրելու պատճառով ու նրան հավիտյան հաստատելու համար քեզ է նրանց վրա թագավոր դրել, որ իրավունք ու արդարություն գործադրես»։
9 Սաբայի թագուհին արքային հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց։ Սաբայի տիկնոջ՝ Սողոմոն արքային տված խնկի նման խունկ չկար։
10 Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սովփերից Սողոմոնին ոսկի, նոճու փայտ և թանկարժեք քարեր բերեցին։
11 Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց, իսկ երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ Հուդայի երկրում չէր եղել։
12 Սողոմոն արքան Սաբայի տիկնոջը տվեց ամեն ինչ, որ նա ցանկացավ ու խնդրեց, շատ ավելի, քան այն, ինչ թագուհին տվել էր Սողոմոն արքային։ Եվ թագուհին վերադարձավ իր երկիրը։
13 Մեկ տարում Սողոմոնի համար բերված ոսկու կշիռը վեց հարյուր վաթսունվեց տաղանդ էր՝
14 չհաշված հպատակների ու վաճառականների բերածները։ Սողոմոն արքային ոսկի ու արծաթ էին բերում նաև Արաբիայի բոլոր թագավորները և երկրի կառավարիչները։
15 Սողոմոն արքան ոսկուց երեք հարյուր կռածո վահան պատրաստեց՝ ամեն մի վահանի համար օգտագործելով վեց հարյուր դահեկան մաքուր ոսկի։
16 Ոսկուց պատրաստեց նաև երեք հարյուր կռածո նիզակ՝ յուրաքանչյուր նիզակի համար օգտագործելով երեք հարյուր դահեկան։ Արքան դրանք դրեց Լիբանանի անտառ կոչված տան մեջ։
17 Արքան փղոսկրից մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։
18 Գահն ուներ ոսկով ծածկված վեց աստիճան։ Գահի նստատեղն այս և այն կողմից ուներ հենաթևեր, իսկ հենաթևերի ծայրին կային երկու առյուծներ։
19 Վեց աստիճանների այս և այն կողմերում կային տասներկու առյուծներ։ Այսպիսի գահ երբեք չէր եղել ոչ մի թագավորության մեջ։
20 Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ սպասքը ոսկու շերտով էր պատված։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում,
21 քանի որ Սողոմոն արքայի Թարսիս նավախումբը Քիրամի ծառաների անձնակազմով երկար ճամփորդություններ էր անում։ Երեք տարին մեկ արքայական Թարսիս նավախումբը վերադառնում էր՝ լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։
22 Սողոմոնը բոլոր թագավորներին գերազանցեց ունեցվածքով և իմաստնությամբ։
23 Աշխարհի բոլոր թագավորները փափագում էին տեսնել Սողոմոնի երեսը, լսել նրա իմաստնությունը, որն Աստված էր դրել նրա սրտում։
24 Նրանցից յուրաքանչյուրն ամեն տարի նրա համար ընծաներ էր բերում՝ արծաթե անոթներ, ոսկե անոթներ, պատմուճաններ, զմուռս, խնկեր, ձիեր ու ջորիներ։
25 Սողոմոնն ուներ քառասուն հազար մատակ ձիեր մարտակառքերի համար և տասներկու հազար երիվարներ։ Նա դրանք տեղավորեց մարտակառքերի համար սահմանված քաղաքներում, իսկ մի մասն էլ պահեց իր մոտ՝ Երուսաղեմում։
26 Նա իշխում էր բոլոր թագավորների վրա՝ Եփրատ գետից մինչև փղշտացիների երկիրն ու մինչև Եգիպտոսի սահմանները։
27 Արքան ոսկին ու արծաթը հասարակ քարի պես դարձրեց Երուսաղեմում, իսկ մայրի փայտը՝ դաշտի մոլաթզենիների չափ առատ։
28 Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից և բոլոր երկրներից։
29 Սողոմոնի պատմության մնացած մասերը՝ սկզբից մինչև վերջը, գրված են Նաթան մարգարեի գրվածքներում, սիլոնացի Աքիայի գրվածքներում, Հովել տեսանողի՝ Նաբաթի որդի Հերոբովամին վերաբերող տեսիլքում։
30 Սողոմոն արքան ամբողջ Իսրայելի վրա թագավորեց քառասուն տարի։
31 Սողոմոնը մեռավ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ռոբովամը։