Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 8

:
Armenian - NEA
1 Քսան տարի հետո (այդ ընթացքում Սողոմոնը կառուցեց Տիրոջ տունն ու իր պալատը)
2 Սողոմոնը վերակառուցեց այն քաղաքները, որ Քիրամը տվել էր իրեն, և այնտեղ բնակեցրեց իսրայելացիներին։
3 Սողոմոնը եկավ Եմաթ Սովբա բնակավայրը և ամրացրեց այն,
4 անապատում կառուցեց Թեդմորը և Եմաթում շինեց ամրություններով քաղաքներ։
5 Նա կառուցեց Վերին Բեթորոնն ու Ներքին Բեթորոնը՝ պարիսպներով, դռներով ու նիգերով ամրացված քաղաքներ,
6 նաև Բաալաթն ու իրեն պատկանող բոլոր ամրացված քաղաքները, մարտակառքերի ու հեծյալների բոլոր քաղաքները և այն ամենը, որ Սողոմոնը կամեցավ ըստ իր ցանկության շինել Երուսաղեմում, Լիբանանում և իր ամբողջ թագավորության մեջ։
7 Ոչ իսրայելացի բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից,
8 Իսրայելի կազմակերպած կոտորածից հետո երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց, և այդպես է մինչև այսօր։
9 Սողոմոնն իսրայելացիներից իր թագավորության համար ծառաներ չվերցրեց, որովհետև նրանք պատերազմողներ, հզոր իշխաններ, մարտակառքերի ու հեծյալների հրամանատարներ էին։
10 Սրանք՝ թվով երկու հարյուր հիսուն հոգի, Սողոմոն թագավորի գլխավոր իշխաններն էին, որ ղեկավարում էին ժողովրդին։
11 Սողոմոնը, փարավոնի դստերը հանելով Դավթի քաղաքից, բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, քանի որ ասաց. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի արքա Դավթի քաղաքում, որովհետև սուրբ է այն վայրը, որտեղ Տիրոջ տապանակն է մտել»։
12 Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակեզներ մատուցեց տաճարի դիմաց իր շինած զոհասեղանի վրա,
13 որի վրա, ամենօրյա կարգի համաձայն, ըստ Մովսեսի պատվիրանների, ողջակեզ պիտի մատուցվեր շաբաթ օրերին, ամսվա սկզբին ու տարեկան երեք տոներին՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։
14 Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։
15 Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրվել էին քահանաների, ղևտացիների, գանձարանի և ամեն ինչի վերաբերյալ։
16 Այսպես սկզբից մինչև վերջ ավարտվեց Տիրոջ համար տուն կառուցելու Սողոմոնի ամբողջ գործը։
17 Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր և Ելամ, որը Եդովմի ծովեզերքին էր։
18 Քիրամն իր ծառաների միջոցով նավեր ուղարկեց ու մարդիկ, որ ծովի վրա նավարկել գիտեին։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Սովփերա, այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ ոսկի բերեցին ու եկան Սողոմոն արքայի մոտ։