2 Chronicles 7
1 Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, երկնքից կրակ իջավ և լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տաճարը։
2 Քահանաներն այդ ժամանակ չէին կարողանում մտնել Տիրոջ տունը, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։
3 Բոլոր իսրայելացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա։ Նրանք երեսնիվայր ընկան գետնին՝ սալահատակի վրա, երկրպագեցին և օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմությունը՝ հավիտյան։
4 Արքան և ամբողջ ժողովուրդը Տիրոջ առջև զոհեր մատուցեցին։
5 Սողոմոնը քսաներկու հազար զվարակ և հարյուր քսան հազար արոտի ոչխար զոհ մատուցեց։ Արքան և ամբողջ ժողովուրդը տաճարի նավակատիքն արեցին։
6 Քահանաներն ըստ իրենց սպասավորության պաշտոնի էին կանգնած, իսկ ղևտացիները Դավիթ արքայի՝ Տիրոջն օրհնաբանելու համար ստեղծած նվագարաններով փառաբանում էին Տիրոջը, քանզի Նրա ողորմությունը հավիտյան է։ Նրանք կատարում էին Դավթի հորինած օրհնաբանությունները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։
7 Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան բակի կենտրոնը։ Այնտեղ մատուցեց ողջակեզներն ու խաղաղության զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձե զոհասեղանը չէր կարող տեղավորել ողջակեզները, ընծաներն ու ճարպերը։
8 Այդ ժամանակ Սողոմոնը յոթ օր տոն կատարեց։ Բոլոր իսրայելացիները՝ Եմաթի մուտքից մինչև Եգիպտոսի հեղեղատը, շատ մեծ բազմությամբ նրա հետ էին։
9 Ութերորդ օրը հանդիսավոր ժողով արեցին, քանզի զոհասեղանի նավակատիքը յոթ օր տոնեցին,
10 իսկ յոթերորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախությամբ և բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետև Տերը բարիք էր գործել Դավթի, Սողոմոնի ու Իսրայելի իր ժողովրդի համար։
11 Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և արքունի տան կառուցումը, և ամեն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր Տիրոջ տան և իր տան համար կատարել, հաջողվեց։
12 Այդ նույն գիշեր Աստված երևաց Սողոմոնին և ասաց նրան. «Լսեցի քո աղոթքը և այդ տեղն ինձ համար ընտրեցի որպես զոհաբերությունների տուն։
13 Եթե երկինքը փակեմ, ու անձրև չլինի, եթե հրամայեմ, որ մորեխն ուտի ծառերը, եթե մահ առաքեմ իմ ժողովրդին,
14 և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։
15 Այժմ իմ աչքերը բաց կլինեն, և իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարվող աղոթքը։
16 Ահա ընտրեցի և սրբագործեցի այս տունը, որպեսզի իմ անունը հավիտյան այստեղ լինի, և իմ աչքերն ու սիրտն ընդմիշտ այստեղ լինեն։
17 Եթե դու իմ առջևից ընթանաս քո հայր Դավթի նման և կատարես այն ամենը, ինչ պատգամել եմ քեզ՝ պահես իմ հրամաններն ու օրենքները,
18 քո թագավորության աթոռը հաստատուն կպահեմ, ինչպես ուխտ էի դրել քո հայր Դավթի հետ՝ ասելով. “Քեզնից Իսրայելի վրա իշխող մարդ չի պակասելու”։
19 Իսկ եթե դուք հետ դառնաք ու մոռանաք իմ հրամաններն ու պատվիրանները, որ ձեր առաջ եմ դրել, գնաք օտար աստվածների պաշտեք ու նրանց երկրպագեք,
20 ես ձեզ կվերացնեմ այն երկրից, որը տվել եմ ձեզ, և այս տունը, որ սրբագործել եմ իմ անվան համար, կմերժեմ իմ ներկայությունից և այն խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։
21 Եվ ով անցնի այս բարձրաշեն տան կողքով, կզարմանա ու կասի. “Ինչո՞ւ Տերն այս բանն արեց այս երկրին ու այս տանը”։
22 Իսկ մարդիկ կպատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որը նրանց հանել էր եգիպտացիների երկրից, օտար աստվածներ ընդունեցին և նրանց երկրպագեցին ու ծառայեցին, դրա համար էլ նրանց վրա բերեց այդ բոլոր չարիքները”»։