Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

2 Chronicles 5

:
Armenian - NEA
1 Այսպիսով ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար։ Ապա Սողոմոնը ներս տարավ իր հայր Դավթի սրբությունները, արծաթը, ոսկին ու սպասքը և դրեց Տիրոջ տան գանձարանը։
2 Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայելացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։
3 Տոնին, այսինքն՝ յոթերորդ ամսին, արքայի մոտ հավաքվեցին Իսրայելի բոլոր տղամարդիկ։
4 Եկան Իսրայելի բոլոր ծերերը։ Բոլոր ղևտացիները վերցրին տապանակը, Վկայության խորանն ու խորանում եղած ամբողջ սուրբ սպասքը,
5 և քահանաներն ու ղևտացիները տարան դրանք։
6 Սողոմոն արքան, բոլոր իսրայելացիները, աստվածավախ և տապանակի առջև հավաքված մարդիկ զվարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիվն անհնար էր հաշվել շատության պատճառով։
7 Ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբություն սրբոցի մեջ, քերովբեների թևերի տակ։
8 Քերովբեները, իրենց թևերը տարածելով տապանակի վրա, վերևից ծածկում էին տապանակն ու այն վերցնելու ձողերը։
9 Ձողերն այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին Սրբություն սրբոցից։ Դրանք մինչև այսօր էլ այնտեղ են։
10 Տապանակի մեջ ոչինչ չկար, բացի այն երկու տախտակներից, որ Մովսեսն էր դրել այնտեղ Քորեբում։ Դրանցով Տերն ուխտ էր դրել իսրայելացիների հետ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից։
11 Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնվող բոլոր քահանաներն էլ սրբագործվել էին, բայց դեռ չէին դասակարգվել ըստ իրենց ամենօրյա սպասավորության),
12 սաղմոսերգու բոլոր ղևտացիները՝ Ասափի, Եմանի և Իդիթունի որդիները, նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզե պատմուճաններ հագած, տավիղներով, քնարներով, սրինգներով զոհասեղանի արևելյան կողմը կանգնեցին։
13 Նրանց հետ կային հարյուր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները, միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, ասացին. «Գովերգե՛ք և օրհնե՛ք Տիրոջը»։ Եվ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նվագարանների նվագակցությամբ իրենց ձայնը բարձրացրին և ասացին. «Գովերգե՛ք Տիրոջը, քանզի նա բարի է, և հավիտյան է նրա ողորմածությունը», տաճարը լցվեց Տիրոջ փառքի ամպով,
14 և քահանաները չէին կարողանում պաշտամունք կատարել ամպի պատճառով, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը։