Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 4

:
Armenian - NEA
1 Պղնձե զոհասեղան պատրաստեց քսան կանգուն երկարությամբ, քսան կանգուն լայնությամբ ու տասը կանգուն բարձրությամբ։
2 Ձուլածո մեծ ավազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձև, հինգ կանգուն բարձրությամբ և երեսուն կանգուն շրջագծով։
3 Դրա տակ շուրջանակի կային ձուլածո եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Եզները միաձույլ էին։
4 Դրանք տասներկու հատ էին. երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, երեքը նայում էին արևելք։ Ավազանը տեղադրված էր դրանց վրա, և դրանց գավակներն ուղղված էին դեպի ներս։
5 Մեծ ավազանի հաստությունը մեկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակված, և երեք հազար չափ տարողություն ուներ։ Նա այս ամենն ավարտեց։
6 Տասը ավազան էլ պատրաստեց. հինգը դրեց աջ կողմը, հինգը՝ ձախ կողմը, որ նրանց մեջ լվանան ողջակեզի համար մատուցվող կենդանիներին, իսկ մեծ ավազանը նրա համար էր, որ քահանաները լվացվեն դրա մեջ։
7 Պատրաստեց տասը ոսկե աշտանակներ ըստ պատվիրված օրինակի և դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։
8 Տասը սեղաններ էլ պատրաստեց ու դրեց տաճարի մեջ. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ։ Պատրաստեց նաև հարյուր ոսկե տաշտեր։
9 Պատրաստեց նաև քահանաների սրահը, մեծ սրահը և սրահի դռները. նա դրանց դռները պատեց պղնձով։
10 Մեծ ավազանը զետեղեց տաճարի աջ անկյունը՝ ուղղված դեպի արևելք։
11 Քիրամը պատրաստեց զոհասեղանի մեծ պատառաքաղները, կաթսաները, կասկարաներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Նա վերջացրեց այն բոլոր գործերը, որ Սողոմոն արքան հրամայել էր պատրաստել Աստծու տան մեջ։
12 Քիրամը պատրաստեց երկու սյուներն ու նրանց վրայի խոյակները, սյուների խոյակների վրայի երկու վերնախարիսխները, երկու վանդակապատ ցանցերը, որ ծածկում էին վերնախարիսխների խոյակները, և որոնք սյուների գլխին էին։
13 Նա պատրաստեց նաև չորս հարյուր ոսկե զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար և նռնաձև զարդերի երկու շարքեր ամեն մի վանդակապատ ցանցի համար, որպեսզի դրանցով ծածկեն սյուների վրա դրված երկու խոյակները։
14 Նա պատրաստեց տասը խարիսխներն ու խարիսխների վրա դրված ավազանները,
15 մեկ ավազանն ու դրա տակ դրված տասներկու զվարակները,
16 կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը. Քիրամը պատրաստեց մաքուր պղնձից և տարավ Սողոմոնի մոտ՝ Տիրոջ տունը։
17 Այդ բոլորն արքան ձուլել տվեց Հորդանան գետի ընդարձակ հովտում՝ Սոկքովթթի տան և Սարեթ բնակավայրի միջև, թանձր հողի մեջ։
18 Սողոմոնն այս ամբողջ սպասքը մեծ քանակությամբ պատրաստեց, քանի որ պղինձը չափ ու սահման չուներ։
19 Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհասեղանն ու Առաջավորության հացի սեղանը,
20 աշտանակները և ճրագները, որոնք մաքուր ոսկուց էին պատրաստված և պետք է վառվեին սրբարանի դիմաց, ինչպես որ պատվիրված էր,
21 կանթեղները, ճրագի ունելիները,
22 տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նույնպես մաքուր ոսկուց էին։ Ոսկուց պատրաստեց նաև Սրբություն սրբոց տանող ներսի դուռն ու տաճարի գլխավոր սրահի դռները։