2 Chronicles 35
1 Հովսիան կատարեց Տիրոջ՝ իր Աստծու զատիկը. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը։
2 Նա քահանաներին կարգեց իրենց պաշտոնի վրա և հորդորեց նրանց՝ կատարելու Տիրոջ տան սպասավորությունը։
3 Նա ասաց ղևտացիներին՝ ամբողջ Իսրայելի վերակացուներին, որ պետք է իրենց նվիրեն Տիրոջը և սուրբ տապանակը դնեն այն տանը, որը շինել էր Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնը։ Արքան ասաց. «Դուք ոչ մի բան չպետք է կրեք ձեր ուսերի վրա։ Արդ, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և նրա ժողովրդին՝ իսրայելացիներին։
4 Պատրա՛ստ եղեք ըստ ձեր ազգատոհմերի և ըստ ձեր առօրյա պաշտամունքի, ըստ Իսրայելի արքա Դավթի և նրա որդի Սողոմոն թագավորի գրածի։
5 Տաճարում կանգնե՛ք ըստ ձեր եղբայրների՝ ձեր ժողովրդի որդիների ազգատոհմերի բաժանումների և ղևտացիների ազգատոհմի բաժանումի համեմատ։
6 Մորթե՛ք զատկի գառը և պատրաստե՛ք սրբությունները ձեր եղբայրների համար՝ գործելով ըստ Մովսեսի միջոցով տրված Տիրոջ խոսքի»։
7 Եվ Հովսիան սկսեց ժողովրդի որդիներին և ամենքին, որ այնտեղ էին գտնվում, խոյեր, գառներ և մատաղ այծերի նոխազներ տալ՝ բոլորն էլ զատկի համար։ Այդ բոլորը թվով երեսուն հազար էին. նաև երեք հազար զվարակ։ Սրանք թագավորի ունեցվածքից էին։
8 Նրա իշխանները նույնպես սկսեցին ընծաներ տալ ժողովրդին, քահանաներին ու ղևտացիներին։ Քեղկիան, Զաքարիան և Հեիելը՝ Աստծու տան առաջնորդները, զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր խոյ, գառ, նոխազ և երեք հարյուր զվարակ։
9 Քոնենիան, Բանեան, Սամեան և նրա եղբայր Նաթանայելը, Ասաբիան, Հեիելը և Հովզաբադը՝ ղևտացիների իշխանները, զատկի համար ղևտացիներին տվեցին հինգ հազար խոյ և հինգ հարյուր զվարակ։
10 Պաշտամունքը կազմակերպվեց. քահանաները կանգնեցին իրենց տեղերում, իսկ ղևտացիները՝ իրենց դասերում՝ ըստ արքայի հրամանի։
11 Ղևտացիները մորթում և մաշկում էին զատկի գառը, իսկ քահանաները ցողում էին նրանց ձեռքից ստացած արյունը։
12 Պատրաստեցին ողջակեզները, որ դրանք տան ժողովրդի որդիներից յուրաքանչյուրին ըստ ազգատոհմերի բաժանումների, որպեսզի մատուցեն Տիրոջը, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում։ Այսպես արեցին մինչև առավոտ։
13 Զատկի գառը, ըստ օրենքի, խորովեցին կրակով, իսկ սուրբ ընծաները եփեցին կաթսաների ու սաների մեջ։ Տոնը հաջող ընթացավ, և զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։
14 Հետո զատիկ պատրաստեցին իրենց ու քահանաների համար, քանի որ քահանաները մինչև գիշեր զբաղված էին ճարպերն ու ողջակեզները մատուցելով։ Այդպիսով ղևտացիները զատիկը պատրաստեցին իրենց ու իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։
15 Ասափի սաղմոսերգու որդիները, ըստ Դավթի և նրա տեսանողներ Ասափի, Եմանի և Իդիթունի հաստատած կարգի, կանգնած էին իրենց տեղերում։ Դռնապաններն էլ կանգնած էին յուրաքանչյուր դռան առջև. նրանք չպետք է ընդհատեին սրբությունների սպասավորությունը, քանի որ նրանց եղբայրները՝ ղևտացիները, նրանց համար էլ էին զատիկը պատրաստել։
16 Այդ օրը Տիրոջ ամբողջ պաշտամունքը պատրաստվեց ու կատարվեց, որպեսզի, ըստ Հովսիա արքայի հրամանի, տոնեն Զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ սեղանի վրա։
17 Զատիկից հետո այնտեղ գտնվող իսրայելացիները յոթ օր կատարեցին Բաղարջակերաց տոնը։
18 Սամուել մարգարեի օրերից ի վեր սրա նման Զատիկ երբեք չէր եղել Իսրայելում, և Իսրայելի բոլոր թագավորներն այսպիսի Զատիկ չէին արել, ինչպես արեց Հովսիան. քահանաներն ու ղևտացիները, ամբողջ Հուդան ու այնտեղ գտնվող Իսրայելը և Երուսաղեմի բնակիչները։
19 Տիրոջ տոնը կատարեցին Հովսիայի թագավորության տասնութերորդ տարում։ Հովսիա արքան Հուդայի երկրում և Երուսաղեմում գտնվող վհուկներին, գուշակներին, մոգերին, կախարդներին և կուռքերին վերացրեց ու հրով այրեց, որպեսզի հաստատի Օրենքի այն խոսքերը, որ գրված էին Քեղկիա քահանայի՝ Տիրոջ տանը գտած գրքում։ Հովսիայի նմանը չէր եղել նրանից առաջ, որ ըստ Մովսեսի բոլոր օրենքների՝ իր ամբողջ սրտով, իր ամբողջ հոգով և իր ամբողջ զորությամբ դառնար դեպի Տերը՝ Աստված։ Նրանից հետո էլ նրա նմանը չհայտնվեց։ Սակայն Տերը չհանդարտվեց իր խիստ մեծ բարկությունից, որով բարկացել էր Հուդայի վրա Մանասեի բորբոքած բարկության պատճառով։ Տերն ասաց. «Ես Հուդան էլ եմ մերժելու իմ ներկայությունից, ինչպես մերժել եմ Իսրայելը, և վանելու եմ Երուսաղեմը՝ այն քաղաքը, որ ընտրել էի, և այն տունը, որի համար ասել էի. “Իմ անունը պետք է այնտեղ լինի”»։
20 Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը հարձակվեց Ասորեստանի արքայի վրա Եփրատ գետի ուղղությամբ։ Հովսիա արքան գնաց նրա դեմ,
21 իսկ սա պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Ի՞նչ թշնամություն ունենք ես ու դու, Հուդայի՛ արքա, այսօր քո դեմ պատերազմելու չեմ եկել։ Աստված ինձ ասաց, որ շտապեմ։ Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցե նա քեզ կործանի»։
22 Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ հաստատակամ նրա դեմ պատերազմի ելավ։ Նա չանսաց Նեքավովի խոսքերին, որ Տիրոջ բերանից էին, և եկավ պատերազմելու Մակեդդովի դաշտում։
23 Աղեղնավորները հարվածեցին Հովսիային, և արքան ասաց իր ծառաներին. «Ինձ այստեղից դո՛ւրս հանեք, որովհետև ծանր վիրավորվել եմ»։
24 Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ ու տարան Երուսաղեմ։ Նա մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։
25 Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։
26 Հովսիայի գործերն ու նրա հավատարմությունը Տիրոջ օրենքում գրվածի համաձայն էին։
27 Նրա մնացած գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Իսրայելի ու Հուդայի թագավորների գրքում։