Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 30

:
Armenian - NEA
1 Եզեկիան Իսրայելի և Հուդայի երկրներ մարդ ուղարկեց և նամակ գրեց Եփրեմի ու Մանասեի երկրներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղեմ՝ Իսրայելի Աստծու զատիկը կատարելու։
2 Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնվում էին Երուսաղեմում, որոշեցին Զատիկը տոնել երկրորդ ամսին,
3 որովհետև չէին կարողացել ժամանակին կատարել այն, քանի որ բավական թվով քահանաներ դեռ չէին մաքրվել, և ժողովուրդը չէր հավաքվել Երուսաղեմում։
4 Սա ընդունելի թվաց արքային ու հավաքվածներին,
5 և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելին՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու զատիկը տոնեն Երուսաղեմում, քանի որ քիչ մարդ էր հավաքվել՝ հակառակ գրվածի։
6 Սուրհանդակները, ըստ թագավորի հրամանի, թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելի ու Հուդայի բնակիչների մոտ և ասացին. «Իսրայելացինե՛ր, դարձե՛ք դեպի Տերը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, որ նա էլ դառնա դեպի փրկվածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատվածներդ։
7 Մի՛ նմանվեք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին Տիրոջ՝ իրենց հայրերի Աստծու դեմ, և նա կործանման մատնեց նրանց, ինչպես դուք տեսնում եք։
8 Արդ, կամակորություն մի՛ արեք, փա՛ռք տվեք Աստծուն, մտե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ նա ձեզնից հեռացնի իր սաստիկ բարկությունը։
9 Եթե դառնաք դեպի Տերը, ձեր եղբայրներն ու որդիները գթության կարժանանան իրենց բոլոր գերեվարողներից, և Տերը՝ մեր Աստվածը, նրանց կվերադարձնի այս երկիրը։ Քանի որ ողորմած ու գթառատ լինելով՝ մեզնից երես չի թեքի, եթե դառնանք դեպի նա»։
10 Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասեի լեռները՝ մինչև Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին։
11 Սակայն Ասերի, Մանասեի և Զաբուղոնի բնակիչներից ոմանք խոնարհ գտնվեցին և եկան Երուսաղեմ։
12 Տիրոջ ձեռքը Հուդայի վրա էր նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի գան ու կատարեն այն, ինչ պատվիրել էին արքան ու իշխաններն ըստ Տիրոջ խոսքի։
13 Երուսաղեմում մեծ բազմություն հավաքվեց, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տոնը։
14 Նրանք վեր կացան ու քանդեցին բոլոր զոհասեղանները, որ կային Երուսաղեմում և բոլոր այն սեղանները, որոնց վրա խունկ էին ծխում սուտ աստվածներին, քանդեցին ու գցեցին Կեդրոնի հեղեղատը։
15 Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիներն ամաչում էին, որ անմաքուր են, և մաքրվեցին և ապա ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։
16 Նրանք ըստ իրենց կանոնի կանգնեցին իրենց տեղում, ինչպես պատվիրել էր Աստծու մարդ Մովսեսը, և քահանաները զոհի արյունն ընդունում էին ղևտացիների ձեռքից։
17 Քանի որ հավաքվածներից շատերը դեռ մաքրված չէին, ղևտացիները պետք է մորթեին զատկանան զոհը բոլոր նրանց համար, ովքեր չէին կարողացել սրբել իրենց Տիրոջ համար։
18 Թեև Եփրեմի, Մանասեի, Իսաքարի, Զաբուղոնի մարդկանցից շատերը մաքրված չէին, բայց կերան զատիկը՝ հակառակ գրվածի։ Եզեկիան, նրանց համար աղոթելով, ասաց. «Բարերա՛ր Տեր, ողորմի՛ր
19 բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտն ուղղել են Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն փնտրելուն, թեև ըստ սրբարանի օրենքի՝ մաքրված չեն»։
20 Տերը լսեց Եզեկիային ու ներեց ժողովրդին։
21 Երուսաղեմում գտնվող իսրայելացիները Բաղարջակերաց տոնը յոթ օր տոնեցին մեծ ուրախությամբ՝ ամեն օր օրհնաբանելով Տիրոջը, իսկ քահանաներն ու ղևտացիները նվագակցում էին Տիրոջ փառաբանությանը հատկացված նվագարաններով։
22 Եզեկիան գովասանքի խոսքեր ասաց բոլոր ղևտացիներին և մյուս իմաստուններին, որոնց ծանոթ էր Տիրոջ բարի հանճարը։ Յոթ օր կատարեցին Բաղարջակերաց տոնը՝ փրկության զոհեր մատուցելով ու գոհաբանելով Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
23 Հավաքվածները միահամուռ առաջարկեցին յոթ օր ևս տոն անել. և յոթ օր ևս ուրախություն արեցին։
24 Եզեկիան Հուդայից եկածներին տվեց հազար զվարակ ու յոթ հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տվեցին հազար զվարակ և տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրվեցին,
25 և բոլոր հավաքվածները՝ քահանաներն ու ղևտացիները, ինչպես նաև Հուդայի ամբողջ ժողովուրդը, Իսրայելից այնտեղ ներկա գտնվողները և Իսրայելից տեղափոխված ու Հուդայում բնակություն հաստատածները, ուրախացան։
26 Երուսաղեմում մեծ ուրախություն եղավ. Իսրայելի արքա Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տոն չէր եղել Երուսաղեմում։
27 Այնուհետև քահանաներն ու ղևտացիները ոտքի ելան և օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի եղավ, ու նրանց աղոթքը հասավ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը։