Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 3

:
Armenian - NEA
1 Սողոմոնը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, որտեղ Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր Ոռնա Հեբուսացու կալում։
2 Նա կառուցումն սկսեց իր թագավորության չորրորդ տարվա երկրորդ ամսին։
3 Այսպիսով Սողոմոնն սկսեց շինել Աստծու տունը։ Դրա երկարությունը, ըստ հին չափման միավորի, վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։
4 Տան առջևի արտաքին գավթի երկարությունը քսան կանգուն էր, ինչքան որ տան լայնությունն էր, բարձրությունը ևս քսան կանգուն էր։ Այն ներսից պատեց մաքուր ոսկով։
5 Մեծ սրահը երեսապատեց մայրու փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմավենիներ ու շղթայաձև զարդեր։
6 Շքեղության համար տունը զարդարեց թանկարժեք քարերով ու Սեփարուիմից բերված մաքուր ոսկով.
7 տունը, պատերը, դռները, ձեղունն ու դրանդիները պատեց ոսկով, իսկ պատերին քերովբեներ քանդակեց։
8 Շինեց նաև Սրբություն սրբոցի սրահը, որի երկարությունը քսան կանգուն էր, ինչքան որ տան լայնությունն էր. լայնությունը ևս քսան կանգուն էր։ Նա սրահը պատեց մաքուր ոսկով և քերովբեներով՝ ծախսելով վեց հարյուր տաղանդ ոսկի։
9 Ամեն մի մեխի կշիռը հիսուն սիկղ ոսկի էր։ Վերնատունը նույնպես պատեց ոսկով։
10 Սրբություն սրբոցի սրահում երկու քերովբեներ պատրաստեց փայտից և դրանք պատեց ոսկով։
11 Քերովբեների թևերի երկարությունը քսան կանգուն էր. ամեն մի թևը՝ հինգ կանգուն, կպած սրահի պատին, և մյուս թևը՝ հինգ կանգուն, կպած մյուս քերովբեի թևին։
12 Մյուս քերովբեի թևը նույնպես հինգ կանգուն էր, կպած սրահի պատին, և մյուս թևը՝ հինգ կանգուն, կպած մյուս քերովբեի թևին։
13 Երկու քերովբեների թևերը տարածված վիճակում քսան կանգուն էին։ Նրանք կանգնած էին իրենց ոտքերի վրա, իսկ նրանց դեմքերը նայում էին տան կողմը։
14 Նա վարագույրները պատրաստեց կապուտակ, ծիրանի, կարմիր կտորներից ու բեհեզից և նրա վրա քերովբեներ գործեց։
15 Տան առաջ երեսունհինգ կանգուն բարձրությամբ երկու սյուներ կանգնեցրեց և նրանց վրա՝ խոյակներ, որոնք հինգ կանգուն էին։
16 Նա սրբարանում եղած շղթայաձև զարդերի նման զարդեր պատրաստեց ու դրեց սյուների գլուխներին։ Նռնաձև հարյուր զարդ սարքեց ու դրեց շղթայաձև զարդերի վրա։
17 Նա սյուները կանգնեցրեց տաճարի առաջ, մեկը՝ աջից, մյուսը՝ ձախից։ Աջ կողմինը կոչեց Ուղղություն, իսկ ձախ կողմինը՝ Զորություն ։