Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 29

:
Armenian - NEA
1 Եզեկիան քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա քսանինը տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Զաքարիայի դուստրն էր, անունը Աբաութ։
2 Եզեկիան արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպես որ իր նախահայր Դավիթն էր արել։
3 Երբ Եզեկիան հաստատվեց իր թագավորության մեջ, առաջին ամսին բացեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։
4 Նա ներս տարավ քահանաներին ու ղևտացիներին և նրանց կանգնեցրեց արևելյան կողմում։
5 Նա ասաց նրանց. «Լսե՛ք, ղևտացինե՛ր, այսուհետև սրբվե՛ք ու սրբե՛ք Տիրոջ՝ ձեր հայրերի Աստծու տունը և պղծությունները դո՛ւրս հանեք սրբարաններից։
6 Մեր հայրերն անհավատարիմ եղան ու չարիք գործեցին Տիրոջ առջև, լքեցին նրան և իրենց երեսները շուռ տվեցին Տիրոջ խորանից,
7 ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և զոհեր չմատուցեցին Իսրայելի սուրբ Աստծուն։
8 Տերը խիստ զայրացավ Հուդայի ու Երուսաղեմի վրա և նրանց մատնեց հիմարության, կորստյան ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։
9 Ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները և կանայք գերության մեջ են մի երկրում, որ իրենցը չէ, որտեղ էլ գտնվում են այժմ։
10 Եկե՛ք այսուհետ սրտանց ուխտ դնենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, որ նա իր բարկությունը վերացնի մեզնից։
11 Արդ, այսուհետև անհոգություն մի՛ արեք, քանզի Տերը ձեզ է ընտրել, որ կանգնեք նրա առջև, պաշտեք նրան, սպասավորեք ու խունկ ծխեք»։
12 Ոտքի ելան ղևտացիները. Կահաթի տոհմից՝ Ամասիի որդի Մայեթը և Զաքարիայի որդի Հովելը, Մերարիի տոհմից՝ Աբդիի որդի Կիսը և Հելելի որդի Ազարիան, Գեթսոնի տոհմից՝ Զեմաթի որդի Հովան և Հովաքայի որդի Հովադան,
13 Եղիսափանի տոհմից՝ Սամարին և Հեիելը, Ասափի տոհմից՝ Զաքարիան և Մատթանիան,
14 Եմանի տոհմից՝ Հեիելը և Սեմեին, Իդիթունի տոհմից՝ Սամիան և Օզիելը։
15 Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին և ըստ թագավորի պատվիրանի ու Տիրոջ հրամանի՝ սրբվեցին, որ սրբեն Տիրոջ տունը։
16 Քահանաները մտան Տիրոջ տունը, որ սրբեն այն, և դուրս հանեցին այն ամեն տեսակ աղտեղությունները, որ գտան Տիրոջ տանն ու Տիրոջ տան գավթում։ Ղևտացիները դուրս հանեցին դրանք և առան տարան Կեդրոնի հեղեղատը։
17 Նրանք առաջին ամսի առաջին օրը սկսեցին սրբել այն և ամսի ութերորդ օրը մտան Տիրոջ տաճարը։ Նրանք ութ օր մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը ավարտեցին աշխատանքը։
18 Նրանք մտան Եզեկիա արքայի մոտ և ասացին. «Սրբեցինք Տիրոջ տան մեջ եղած ամեն ինչ՝ ողջակեզների զոհասեղանն ու նրա սպասքը, Առաջավորության հացի սեղանն ու նրա սպասքը։
19 Եվ այն բոլոր անոթները, որ Աքազ արքան պղծել էր իր թագավորության ու Տիրոջ հանդեպ իր անհավատարմության ժամանակ, պատրաստել ենք և մաքրել. ահա դրանք Տիրոջ զոհասեղանի առջև են»։
20 Եզեկիա արքան առավոտ կանուխ վեր կացավ և հավաքելով քաղաքի իշխաններին՝ գնաց Տիրոջ տունը։
21 Նա յոթ զվարակ, յոթ խոյ, յոթ գառ և մեղքերի քավության համար յոթ նոխազ բերեց թագավորության, սրբությունների ու Իսրայելի համար, և ասաց քահանաներին՝ Ահարոնի որդիներին. «Մոտեցե՛ք Տիրոջ զոհասեղանին»
22 Մորթեցին զվարակները և քահանաները վերցրին զոհերի արյունն ու ցանեցին զոհասեղանի վրա, մորթեցին խոյերը և արյունը ցանեցին զոհասեղանի վրա, մորթեցին գառները և արյունը ցանեցին զոհասեղանի վրա։
23 Այնուհետև մեղքերի քավության նոխազները բերեցին արքայի ու ժողովրդի առջև և նրանք իրենց ձեռքերը դրեցին դրանց վրա։
24 Քահանաները դրանք ևս մորթեցին և արյունը քավության համար զոհասեղանի վրա ցանեցին ու քավություն արեցին ամբողջ Իսրայելի համար, քանզի արքան ասել էր, որ ողջակեզները և մեղքերի քավության զոհաբերությունն ամբողջ Իսրայելի համար անեն։
25 Ղևտացիներին տեղավորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տավիղներով ու քնարներով, ինչպես պատվիրել էին Դավիթ արքան, թագավորի տեսանող Գադն ու Նաթան մարգարեն, քանի որ այդ հրամանը Տերն էր տվել իր մարգարեների միջոցով։
26 Ղևտացիները կանգնեցին Դավիթ արքայի պատրաստած նվագարաններով, իսկ քահանաները՝ շեփորներով։
27 Եզեկիան կարգադրեց, որ ողջակեզները դնեն զոհասեղանի վրա։ Երբ սկսեցին ողջակեզները մատուցել, սկսեցին Տիրոջն օրհներգել շեփորներով ու Իսրայելի Դավիթ արքայի պատրաստած նվագարաններով։
28 Բոլոր հավաքվածները երկրպագում էին, սաղմոսերգուները երգում էին, շեփորները հնչում էին մինչև ողջակեզների մատուցման ավարտը։
29 Երբ ողջակեզների մատուցումը վերջացրին, թագավորն ու բոլոր քահանաները խոնարհվեցին և երկրպագություն արեցին։
30 Եզեկիա արքան ու իշխանները ղևտացիներին հրամայեցին, որ Տիրոջն օրհնաբանեն Դավթի ու Ասափ մարգարեի խոսքերով։ Նրանք օրհնաբանեցին ուրախությամբ և երեսնիվայր ընկնելով երկրպագեցին։
31 Եզեկիա արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք ձեզ նվիրեցիք Տիրոջը, մոտեցե՛ք և ընծանե՛ր բերեք»։ Եվ հավաքվածները զոհեր ու գոհության ընծաներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով հոժար էին, ողջակեզներ մատուցեցին։
32 Հավաքվածների մատուցած ողջակեզների թիվն այս էր. յոթանասուն զվարակ, հարյուր խոյ, երկու հարյուր գառ. սրանք բոլորն իբրև ողջակեզ մատուցվեցին Տիրոջը։
33 Նվիրաբերված զվարակները վեց հարյուր էին, ոչխարները՝ երեք հազար։
34 Քահանաները սակավաթիվ էին և չէին կարողանում հասցնել մորթել ողջակեզները։ Ուստի մինչ մնացած քահանաները կմաքրվեին, իրենց ղևտացի եղբայրներն էին օգնում նրանց, մինչև որ գործն ավարտվեց, քանի որ ղևտացիներն ավելի հոժարությամբ սրբվեցին, քան քահանաները։
35 Ողջակեզներն առատ էին խաղաղության համար մատուցվող ճարպերով ու ողջակեզների հեղման ընծաներով։ Այսպես Տիրոջ տանը կարգի դրվեց սպասավորության գործը։
36 Եզեկիան ու ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանն արել էր ժողովրդի համար, որովհետև այն անսպասելի արագ էր եղել։