2 Chronicles 28
1 Երբ Աքազը թագավոր դարձավ, քսան տարեկան էր։ Նա տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա իր նախահայր Դավթի նման ուղիղ ընթացք չունեցավ Տիրոջ առաջ։
2 Այլ ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհներով և կուռքերի քանդակներ պատրաստեց.
3 Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին ողջակեզ արեց՝ այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր իսրայելացիների առջևից։
4 Նա խունկ էր ծխում պաշտամունքի բարձունքներում, տանիքների վրա և ամեն մի սաղարթավոր ծառի տակ։
5 Տերը Աքազ թագավորին մատնեց Ասորիքի արքայի ձեռքը, որը հարվածեց նրան և նրանցից մեծ թվով գերիներ վերցնելով՝ տարավ Դամասկոս։ Նաև մատնեց նրան Իսրայելի թագավորի ձեռքը, որը մեծամեծ հարվածներ հասցրեց նրան։
6 Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազար զորավոր մարդկանց կոտորեց Հուդայում, որովհետև նրանք լքել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
7 Եփրեմի սերնդից մի հզոր մարդ՝ Զեքրին, սպանեց արքայի որդի Մաասիային, նրա տան իշխան Եզրիկամին և արքայի փոխանորդ Եղկանային։
8 Իսրայելացիները Հուդայի երկրի իրենց եղբայրներից գերեվարեցին երեք հարյուր հազար կին, տղաներ ու աղջիկներ և բազում ավար առնելով նրանցից՝ տարան Սամարիա։
9 Այնտեղ կար Տիրոջ մի մարգարե, որի անունն էր Օվդեդ։ Նա, ընդառաջ ելնելով Սամարիա եկող զորքին, ասաց նրանց. «Ահա Տիրոջ՝ ձեր հայրերի Աստծու բարկությունն իջավ Հուդայի վրա, և Աստված նրանց ձեր ձեռքը մատնեց. դուք նրանց կոտորեցիք այնպիսի կատաղությամբ, որը մինչև երկինք հասավ։
10 Արդ, դուք ուզում եք Հուդայի և Երուսաղեմի մարդկանց ստրուկներ և ստրկուհիներ դարձնել։ Բայց չէ՞ որ ես ահա ձեզ հետ եմ որպես Տիրոջ՝ ձեր Աստծու վկա։
11 Հիմա լսե՛ք ինձ և ազա՛տ արձակեք այս գերիներին, որ գերել եք ձեր եղբայրներից, թե չէ Տիրոջ կատաղի բարկությունը կիջնի ձեզ վրա»։
12 Եփրեմի իշխանները՝ Հովնանի որդի Ազարիան, Մոսոլամովթի որդի Բարաքիան, Սելեմի որդի Եզեկիան և Քադլիի որդի Ամասիան ելան պատերազմից եկողների դեմ և ասացին նրանց.
13 «Այդ գերիներին մեզ մոտ մի՛ բերեք, որովհետև Տիրոջ դեմ մեզ մեղանչել եք տալիս և ավելացնում եք մեր մեղքերն ու հանցանքները։ Բազում են ձեր այդ մեղքերը, և Տիրոջ կատաղի զայրույթն Իսրայելի վրա է»։
14 Պատերազմողները գերիներին և ավարը թողեցին իշխանների և բոլոր ժողովականների առջև։
15 Ապա վեր կացան անվանապես նշանակված բոլոր մարդիկ և սկսեցին խնամել գերիներին։ Բոլոր մերկերին հագցրին ավարի մեջ եղած հագուստներից, կոշիկներ տվեցին, կերցրին, յուղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տվեցին ու տարան Երիքով՝ Արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա։
16 Այդ ժամանակ Աքազը լուր ուղարկեց Ասորեստանի արքային, որ օգնի իրեն,
17 քանի որ եդովմացիները հարձակվել էին Հուդայի վրա, հարվածել ու գերիներ տարել։
18 Այլազգիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրային ու հարավային քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այելոնը, Գադերովթը, Սոկքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամեզերն ու նրա գյուղերը և բնակվել այնտեղ։
19 Տերը Հուդային ընկճել էր Հուդայի արքա Աքազի պատճառով, որն ապստամբելով հեռացել էր Տիրոջից։
20 Ասորեստանի արքա Թագղաթփաղասարն էլ հարձակվեց նրա վրա և հարվածեց նրան։
21 Աքազը, վերցնելով Տիրոջ տանը և թագավորի ու իշխանների տանը եղած ամեն ինչը, հանձնեց Ասորեստանի արքային, բայց նա օգնելու փոխարեն շարունակեց նեղել նրանց։
22 Արքան, է՛լ ավելի հեռանալով Տիրոջից,
23 ասաց. «Ես պիտի հարեմ Դամասկոսի աստվածներին», թեև պարտվել էր նրանցից։ Ապա ավելացրեց. «Քանի որ Ասորիքի թագավորի աստվածներն են զորացնում նրանց, այսուհետև նրա՛նց զոհեր կմատուցեմ, և նրանք ինձ կօգնեն»։ Սակայն այդ աստվածները նրա ու ամբողջ Իսրայելի համար խոչընդոտ դարձան։
24 Աքազը հեռացրեց Տիրոջ տան սպասքը, կտոր-կտոր արեց դրանք, Տիրոջ տան դռները փակեց և իր համար զոհասեղաններ շինեց Երուսաղեմի ամեն մի անկյունում։
25 Հուդայի բոլոր քաղաքներում պաշտամունքի բարձունքներ կառուցեցին, որպեսզի խունկ ծխեն օտար աստվածներին, և զայրացրին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
26 Աքազի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։
27 Աքազը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում, քանի որ նրան թագավորների գերեզմանոցում չթաղեցին։ Նրա փոխարեն թագավորեց Եզեկիան։