Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 24

:
Armenian - NEA
1 Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ։ Նա քառասուն տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա բերսաբեեցի մոր անունը Աբիա էր։
2 Հովիդայե քահանայի բոլոր օրերին Հովասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև։
3 Հովասը երկու կին առավ, որոնք ծնեցին տղաներ ու աղջիկներ։
4 Այս դեպքերից հետո Հովասն ուզեց Տիրոջ տունը նորոգել։
5 Նա հավաքեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց նրանց. «Ելեք գնացե՛ք Հուդայի քաղաքները և ամբողջ Իսրայելից արծա՛թ հավաքեք Տիրոջ տունը տարեցտարի նորոգելու համար։ Շտապե՛ք կատարել»։ Սակայն ղևտացիները չշտապեցին։
6 Հովաս արքան կանչեց Հովիդայե իշխանին և ասաց նրան. «Ինչո՞ւ դու չես հետևել, որ ղևտացիները Հուդայից ու Երուսաղեմից բերեն այն, ինչ սահմանվել էր Աստծու մարդու՝ Մովսեսի կողմից, երբ իսրայելացիներին հավաքել էր Վկայության խորանի մոտ։
7 Չէ՞ որ Գոթողիան անօրեն էր, և նրա որդիները կործանել էին Աստծու տունը, իսկ Աստծու տան սրբությունները նվիրել Բահաղին»։
8 Արքան ասաց. «Թող մի գանձանակ պատրաստեն ու դնեն Տիրոջ տան դռան դրսի կողմը,
9 և հայտարարեն Հուդայում ու Երուսաղեմում, որ արծաթ բերեն Տիրոջը, ինչպես Աստծու ծառա Մովսեսն ասել էր անապատում»։
10 Եվ ամենքը՝ իշխաններն ու ամբողջ ժողովուրդը, արծաթ բերելով, գցեցին արկղի մեջ, մինչև այն լցվեց։
11 Երբ ղևտացիները արկղը ներս բերեցին արքայի վերակացուների մոտ, տեսան, որ չափազանց շատ արծաթ է հավաքվել. եկավ արքայի քարտուղարը. ավագ քահանայի վերակացուի հետ արկղը դատարկելով՝ տարան, իր տեղը դրեցին։ Այսպես արեցին ամեն օր։ Շատ արծաթ հավաքվեց։
12 Արքան ու Հովիդայե քահանան այն տվեցին նրանց, ովքեր Տիրոջ տան վերանորոգման գործով էին զբաղվում։ Նրանք էլ քարհատներ ու հյուսներ վարձեցին, որ նորոգեն Տիրոջ տունը։ Նրանք աշխատում էին,
13 և գործը նրանց շնորհիվ հաջողությամբ առաջ էր ընթանում։ Նրանք Տիրոջ տունը իր նախկին տեսքին բերեցին և ամրացրին այն։
14 Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։
15 Հովիդայեն հասավ խոր ծերության և վախճանվեց հարյուր երեսուն տարեկան հասակում։
16 Երբ վախճանվեց, նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, քանզի նա բարիք էր գործել Իսրայելի, Աստծու և նրա տան համար։
17 Հովիդայեի վախճանվելուց հետո Հուդայի իշխանները մտան արքայի մոտ, խոնարհություն արեցին նրան, Հովասի միտքը հեղաշրջեցին, և արքան լսեց նրանց։
18 Նրանք լքեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծառայեցին պաշտամունքային քարե սյուներին և Աստարտի կուռքերին։ Այդ ժամանակ Աստծու բարկությունն իջավ Հուդայի ու Երուսաղեմի վրա։
19 Նա մարգարեներ առաքեց նրանց մոտ, որ դեպի Տերը դարձնեն նրանց, սակայն նրանք չլսեցին։ Նրանց վկայություններ տվեց, սակայն նրանք չանսացին։
20 Աստծու հոգին պատեց Հովիդայե քահանայի որդի Ազարիային, որը, կանգնելով ամբողջ ժողովրդի մեջ, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ինչո՞ւ խոտորվեցիք Տիրոջ պատվիրաններից, որ այլևս հաջողություն չունենաք։ Քանի որ լքեցիք Տիրոջը, նա էլ ձեզ է լքելու”»։
21 Հովաս արքայի հրամանով Տիրոջ տան գավթում մարդիկ հարձակվեցին նրա վրա ու քարկոծեցին նրան։
22 Հովասը չհիշեց այն բարեգթությունը, որ նրա հայր Հովիդայեն ցուցաբերել էր իր նկատմամբ, և սպանեց նրա որդուն։ Իր մահվան ժամանակ Ազարիան ասաց. «Տե՛րը թող տեսնի ու դատի»։
23 Այդ տարվա վերջին նրա դեմ ելավ Ասորիքի զորքը. հարձակվեց Հուդայի ու Երուսաղեմի վրա, կոտորեց բանակի մեջ եղած ժողովրդի բոլոր իշխաններին, և նրանց ամբողջ ավարն ուղարկեցին Դամասկոսի արքային։
24 Թեև Ասորիքի զորքը սակավամարդ էր, բայց Աստված նրանց ձեռքը չափազանց շատ զորք մատնեց, քանի որ իսրայելացիները լքել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։ Այդպես Հովասի նկատմամբ դատաստան տեսավ։
25 Երբ Ասորիքի զորքը հեռացավ նրանից՝ ծանր հիվանդությունների մեջ թողնելով նրան, նրա վրա հարձակվեցին իր ծառաները, որ լուծեն Հովիդայե քահանայի որդու արյան վրեժը։ Հովասին սպանեցին իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։
26 Նրա վրա հարձակվողներն էին ամովնացի Սամեթի որդի Զաբդեան, մովաբացի Սամարիթի որդի Հովսաբեթը։
27 Ինչ վերաբերում է նրա որդիներին, նրա դեմ եղած մարգարեություններին և Աստծու տան նորոգությանը, դրանք գրված են թագավորների գրքերում։ Նրա որդի Ամասիան թագավորեց նրա փոխարեն։