Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 23

:
Armenian - NEA
1 Յոթերորդ տարում Հովիդայեն զորացավ և վերցնելով հարյուրապետներին՝ Հովրամի որդի Ազարիային, Հովնանի որդի Իսմայելին, Հովբադի որդի Ազարիային, Ադայիայի որդի Մասիային, Զաքարիայի որդի Եղիսափատին, տարավ Տիրոջ տունը։
2 Նրանք շրջեցին Հուդայում, Հուդայի բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին ու Իսրայելի տոհմերի իշխաններին և եկան Երուսաղեմ։
3 Նրանք Հուդայի բոլոր ժողովականների և արքայի հետ դաշինք կնքեցին Տիրոջ տանը։ Հովիդայեն, նրանց ցույց տալով արքայորդուն, ասաց. «Ահավասիկ Հուդայի արքայորդին. սա՛ պետք է թագավորի, ինչպես Տերն ասել է Դավթի տան մասին։
4 Արդ, պետք է անեք հետևյալը. ձեր մեկ երրորդ մասը՝ քահանաներից ու ղևտացիներից, որ շաբաթ օրը սպասավորության պիտի մտնի, պետք է պահպանի դռների մուտքը,
5 մեկ երրորդ մասը պետք է լինի արքայի պալատում, իսկ մյուս մեկ երրորդ մասը պետք է լինի Հիմքի դռան մոտ։ Ամբողջ ժողովուրդը պետք է լինի Տիրոջ տան գավթում։
6 Ոչ ոք չպետք է մտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից, ղևտացիներից ու սպասավորության կոչված ղևտացիներից։ Նրանք պետք է մտնեն, քանզի սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պետք է Տիրոջ հրամանները կատարի։
7 Ղևտացիները, ամեն մեկն իր ձեռքին զենք ունենալով, պետք է շրջապատեն արքային։ Ով տուն մտնի, կսպանվի։ Նրանք պետք է ուղեկցեն արքային ելումուտ անելիս»։
8 Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչներն ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Հովիդայե քահանան պատվիրեց. ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, թե՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրվա իրենց պաշտամունքը և թե՛ նրանց, որ այդ օրն ավարտում էին այն, քանի որ Հովիդայեն ամենօրյա պաշտամունք կատարող խմբերին չէր արձակել։
9 Հովիդայեն նրանց տվեց Դավիթ արքայի սուսերները, վահաններն ու զենքերը, որ պահվում էին Աստծու տանը։
10 Նա ամբողջ ժողովրդին, ամեն մեկին իր զենքով, կանգնեցրեց տան աջ կողմից մինչև զոհասեղանի և տաճարի ձախ կողմը՝ թագավորի շուրջը։
11 Դուրս բերելով արքայորդուն՝ նրա վրա դրեց թագն ու Վկայությունը։ Հովիդայեն ու իր որդիները նրան թագավոր դարձրին և օծեցին՝ գոչելով. «Կեցցե՜ արքան»։
12 Երբ Գոթողիան լսեց վազող, արքային փառաբանող ու օրհնող ժողովրդի ձայնը, մտավ արքայի մոտ՝ Տիրոջ տունը,
13 ու տեսավ, որ թագավորն իր տեղում է, իսկ զորապետները, փողհարները և իշխանները կանգնած են արքայի շուրջը՝ ճանապարհի մուտքի մոտ։ Ամբողջ ժողովուրդը ցնծում էր, փողեր էր հնչեցնում, նվագարաններով երգեր էր երգում և օրհներգում։ Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. «Դուք դավադրությամբ խարդախ խաղ խաղացիք»։
14 Հովիդայե քահանան ելավ և պատվիրեց հարյուրապետներին ու զորքի հրամանատարներին և ասաց նրանց. «Սրան Աստծու տնից դո՛ւրս հանեք, հետևե՛ք նրան ու սրով սպանե՛ք»։ Քանի որ քահանան ասաց. «Նա Տիրոջ տան մեջ թող չմեռնի»։
15 Թույլ տվեցին, որ նա դուրս գնա, և երբ անցավ արքայի տան Հեծյալների դռնով, նրան այնտեղ սպանեցին։
16 Հովիդայեն ուխտ դրեց իր, ժողովրդի ու արքայի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը կլինեն։
17 Երկրի ամբողջ ժողովուրդը մտավ Բահաղի տունը, ջարդուփշուր արեց նրա կուռքերն ու նրա զոհասեղանները, փշրեց նրա կուռքերը, իսկ Բահաղի Մաթան քուրմին սպանեց նրա զոհասեղանի առջև։
18 Հովիդայե քահանան Տիրոջ տան գործը հանձնեց քահանաներին ու ղևտացիներին, վերականգնեց քահանաների ու ղևտացիների մշտական սպասավորությունը, որ Դավիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարվելու համար, Տիրոջը ողջակեզներ մատուցեց, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքների մեջ՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։
19 Պահապաններ կանգնեցին Տիրոջ տան դռների մոտ, և որևէ բանում անմաքուր եղողն այնտեղ չէր մտնում։
20 Նա կանչեց տոհմերի պետերին, զորապետներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին, և նրանք, արքային հանելով Տիրոջ տնից, ներքին դռնով մտան թագավորական տունը և արքային նստեցրին թագավորական գահին։
21 Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, քաղաքը հանդարտվեց։ Իսկ Գոթողիային սպանեցին սրով։