2 Chronicles 22
1 Երուսաղեմի բնակիչները Հովրամի փոխարեն գահ բարձրացրին նրա ամենակրտսեր որդուն՝ Օքոզիային, քանի որ նրա բոլոր ավագ եղբայրներին սպանել էին նրանց վրա հարձակված գնդերը, որոնք արաբների և ալիմազոնացիների մոտ էին ապաստանել։ Եվ թագավոր դարձավ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան։
2 Օքոզիան թագավոր դարձավ, երբ քսաներկու տարեկան էր։ Նա մեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մայրը Ամրիի դուստրն էր, անունը Գոթողիա։
3 Օքոզիան ընթացավ Աքաաբի տան ճանապարհով, քանի որ նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր։
4 Օքոզիան չարիք գործեց Տիրոջ առջև, ինչպես Աքաաբի տունն էր արել, քանի որ իր հոր մահից հետո նրանք էին դարձել իր խորհրդականները՝ իրեն կործանելու համար։
5 Նա առաջնորդվեց նրանց խորհուրդներով. Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ Ասորիքի արքա Ազայելի դեմ պատերազմելու։ Աղեղնավորները վիրավորեցին Հովրամին,
6 և նա վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները պատճառել էին իրեն Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքա Ազայելի դեմ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսակցության, որովհետև նա հիվանդ էր։
7 Տիրոջից էր, որ Հովրամի մոտ գնալը Օքոզիայի կործանումը լինի։ Երբ նա եկավ, ելավ Նամեսսիի որդի, Տիրոջից օծյալ Հեուին հանդիպելու։
8 Երբ Հեուն վրեժխնդիր էր լինում Աքաաբի տան հանդեպ, գտավ նաև Հուդայի իշխաններին ու Օքոզիային ծառայող նրա եղբորորդիներին և կոտորեց նրանց։
9 Նա հրամայեց փնտրել գտնել Օքոզիային։ Նրան բռնեցին, մինչ բուժվում էր Սամարիայում։ Նրան բերեցին Հեուի մոտ, որը սպանեց նրան։ Նրան թաղեցին այնտեղ, քանզի ասացին. «Հովսափատի որդին է, որն իր ամբողջ սրտով Տիրոջն էր փնտրում»։ Եվ Օքոզիայի տան մեջ չգտնվեց մեկը, որ ձեռքն առներ թագավորական իշխանությունը։
10 Օքոզիայի մայրը՝ Գոթողիան, երբ տեսավ, որ որդին մեռել է, վեր կացավ ու կոտորեց Հուդայի տան ամբողջ թագավորական սերունդը։
11 Սակայն արքայադուստր Հովսաբեթը արքայի կոտորվող որդիների միջից գողացավ Օքոզիայի որդի Հովասին և նրան ու նրա դայակին տեղավորեց անկողինների սենյակում։ Հովսաբեթը, որը Հովրամ արքայի դուստրն էր, Օքոզիայի քույրը և Հովիդայե քահանայի կինը, նրան թաքցրեց Գոթողիայից, որը չկարողացավ սպանել նրան։
12 Նա վեց տարի նրա հետ թաքնված մնաց Աստծու տանը, մինչ Գոթողիան թագավորում էր երկրում։