2 Chronicles 20
1 Դրանից հետո ամովնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաև մինեցիներից ոմանք եկան Հովսափատի դեմ պատերազմելու։
2 Եկան ու այդ բանը հայտնեցին Հովսափատին՝ ասելով. «Քեզ վրա մեծ բազմություն է հարձակվում ծովի այն կողմից՝ Ասորիքից, և ահա նրանք Ասասան-Թամարում են, այսինքն՝ Ենգադդիում»։
3 Հովսափատը վախեցավ, երեսն ուղղելով դեպի Տերը՝ աղոթեց և ամբողջ Հուդայում ծոմ հայտարարեց։
4 Հուդայի բնակիչները հավաքվեցին, որ դիմեն Տիրոջը. Հուդայի բոլոր քաղաքներից եկան Տիրոջը դիմելու։
5 Հովսափատը Երուսաղեմում՝ Տիրոջ տանը, դրա նոր գավթի դիմաց կանգնեց Հուդայի ժողովականների մեջ
6 ու աղոթեց. «Ո՜վ Տեր, մեր հայրերի՛ Աստված, չէ՞ որ դու ես Աստված երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում է իշխանության ուժը, և ոչ ոք չի կարող քեզ դեմ կանգնել։
7 Չէ՞ որ դու ես, Տե՜ր, որ Իսրայելի քո ժողովրդի առաջ ոչնչացրիր այս երկրի բնակիչներին և երկիրը հավիտյան տվեցիր քո սիրելի Աբրահամի հետնորդներին։
8 Նրանք բնակվեցին այստեղ և այստեղ էլ շինելով քեզ նվիրված սրբարանը՝ ասացին.
9 “Եթե մեզ վրա գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կկանգնենք այս տան առջև և քո առջև, քանզի քո անունը այս տան վրա է, քեզ կդիմենք մեր նեղության մեջ, և դու կլսես ու կփրկես մեզ”։
10 Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,
11 ահավասիկ նրանք հանդգնել են մեզ վրա հարձակվել ու մեզ հանել ժառանգություն ստացած մեր երկրից, որը դու ես տվել մեզ։
12 Ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, մի՞թե նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զորություն չունենք այս մեծ բազմության դեմ կանգնելու և չգիտենք, թե ի՛նչ անենք նրանց դեմ։ Մեր աչքերը քեզ են ուղղված»։
13 Հուդայի ողջ բնակչությունը, նաև երեխաներն ու կանայք կանգնած էին Տիրոջ առջև։
14 Տիրոջ հոգին հավաքված ժողովրդի մեջ իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդի Եղիելի որդի Բանիայի որդի Զաքարիայի որդի Օզիելի վրա,
15 և նա ասաց. «Լսե՛ք, Հուդայի՛ մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և Հովսափա՛տ արքա, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք այս մեծ բազմության պատճառով, քանզի պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը”։
16 Վաղը ևեթ հարձակվե՛ք նրանց վրա։ Ահա նրանք իջնում են Ասերի զառիվայրով, և դուք նրանց կգտնեք Հերիելի անապատում գտնվող գետի եզերքին։
17 Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմեք. իմացե՛ք ու կտեսնեք ձեզ հետ եղող Տիրոջ փրկությունը։ Հուդա՛ և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք՝ վաղը նրանց դեմ ելնելու, քանի որ Տերը ձեզ հետ է»։
18 Հովսափատը, ամբողջ Հուդան ու Երուսաղեմի բնակիչները երեսնիվայր խոնարհվելով՝ ընկան Տիրոջ առջև ու երկրպագեցին Տիրոջը։
19 Եվ Կահաթի տոհմից ու Կորխի տոհմից ղևտացիները վեր կացան ու բարձր ձայնով օրհնեցին Տիրոջը՝ Աստծուն։
20 Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։
21 Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ և սաղմոսերգուներ ու օրհներգուներ կարգեց, որ զորքի առջևից ընթանալիս փառք տան ու օրհնաբանեն սրբությունները։ Նրանք ասում էին. «Փառաբանենք Տիրոջը, քանզի նրա ողորմությունը հավիտյան է»։
22 Երբ նրանք սկսեցին օրհնաբանել ու փառաբանել Տիրոջը, Տերը իրար դեմ հանեց ամովնացիներին, մովաբացիներին ու Սեիր լեռան բնակիչներին, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու։
23 Ամովնացիներն ու մովաբացիները հարձակվեցին Սեիր լեռան բնակիչների վրա, որ կոտորեն ու ոչնչացնեն նրանց։ Երբ Սեիրի բնակիչներին իսպառ բնաջնջեցին, այս անգամ էլ իրար վրա հարձակվեցին ու կոտորեցին միմյանց։
24 Հուդայի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանված ու ընկած են գետնին. ոչ ոք չէր փրկվել։
25 Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
26 Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Օրհնության հովտում, որովհետև այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչեցին Օրհնության հովիտ մինչև այսօր։
27 Հուդայի բոլոր տղամարդիկ և նրանց առաջնորդ Հովսափատը մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ, քանզի Տերը նրանց ուրախություն էր տվել՝ ազատելով նրանց իրենց թշնամիներից։
28 Նրանք քնարներով, տավիղներով ու փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։
29 Երբ երկրի բոլոր թագավորությունները լսեցին, որ Տերն է պատերազմել Իսրայելի թշնամիների դեմ, Տիրոջ վախն ընկավ նրանց վրա։
30 Հովսափատի թագավորությունը խաղաղվեց, և նրա Աստվածը ամեն կողմից հանգստացրեց նրան։
31 Հովսափատը թագավորեց Հուդայի վրա։ Նա երեսուն տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Ազուբա էր, որը Սալիի դուստրն էր։
32 Հովսափատն ընթացավ իր հոր՝ Ասայի ճանապարհներով և Տիրոջ առջև ճշմարիտը գործելուց չխոտորվեց։
33 Սակայն տակավին պաշտամունքի բարձունքներ կային, և ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն։
34 Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։
35 Սրանից հետո Հուդայի արքա Հովսափատը բարեկամացավ Իսրայելի արքա Օքոզիայի հետ, որ անօրենություն էր գործում։
36 Հովսափատը վեր կացավ ու գնաց Օքոզիայի մոտ, որ նավ պատրաստի ու գնա Թարսիս։ Նա նավ պատրաստեց Գասիոնգաբերում։
37 Մարեսացի Օվդիայի որդի Եղիազարը, Հովսափատի մասին մարգարեանալով, ասաց. «Քանի որ Օքոզիայի հետ բարեկամացար, Տերը պիտի ոչնչացնի քո գործը»։ Նրա նավը խորտակվեց, և նա չկարողացավ Թարսիս գնալ։