Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 18

:
Armenian - NEA
1 Հովսափատն է՛լ ավելի շատ հարստություն ու մեծ փառք ունեցավ և խնամություն արեց Աքաաբի տան հետ։
2 Տարեվերջին նա գնաց Աքաաբի մոտ՝ Սամարիա, և Աքաաբը նրա ու նրա հետ եկած զորքի համար շատ ոչխար ու զվարակ մորթեց և փորձեց նրան համոզել, որ միասին հարձակվեն Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա։
3 Իսրայելի արքա Աքաաբն ասաց Հուդայի արքա Հովսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա կհարձակվե՞ս»։ Նա ասաց. «Ես ու դու նույնն ենք. և ինչպես քո զորքն է, այդպես էլ իմ զորքը կլինի քեզ հետ պատերազմում»։
4 Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Այսօր հարցնենք Տիրոջը»։
5 Իսրայելի արքան հավաքեց Իսրայելի մարգարեներին՝ չորս հարյուր մարդ, և հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամովթ քաղաքի դեմ պատերազմի գնա՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Աստված այն արքայի ձեռքը կմատնի»։
6 Հովսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարե չկա՞, որ նրան էլ հարցնենք»։
7 Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև նա ինձ համար լավ բան չի մարգարեանում, և նրա բոլոր օրերը չարությամբ են լցված։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հովսափատն ասաց. «Թող արքան այդպես չխոսի»։
8 Եվ Իսրայելի արքան մի ներքինի կանչեց ու ասաց. «Շտապ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։
9 Իսրայելի արքան և Հուդայի Հովսափատ արքան, պատմուճանները հագած, ամեն մեկը նստել էր իր գահին։ Նրանք նստել էին Սամարիայի դարպասի առջև՝ մի ընդարձակ տեղ, և բոլոր մարգարեները նրանց առջև մարգարեանում էին։
10 Քանանի որդի Սեդեկիան, որ երկաթե եղջյուրներ էր պատրաստել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի հարվածես ասորիներին, մինչև բնաջնջես նրանց”»։
11 Բոլոր մարգարեները նույնն էին մարգարեանում՝ ասելով. «Հարձակվի՛ր Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա, հաջողություն կունենաս, և Տերն այն արքայի ձեռքը կհանձնի»։
12 Սուրհանդակը, որ գնացել էր Միքիային կանչելու, խոսեց նրա հետ և ասաց. «Ահա մարգարեները միաբերան բարին գուշակեցին արքայի համար. դու էլ նրանց ասածի պես մի բա՛ն ասա, լավ բա՛ն գուշակիր»։
13 Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն էլ կասեմ»։
14 Նա եկավ արքայի մոտ, և արքան նրան ասաց. «Միքիա՛, Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա հարձակվե՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նա ասաց. «Հարձակվի՛ր և հաջողություն կգտնես, նրանք ձեր ձեռքը կմատնվեն»։
15 Սակայն արքան նրան ասաց. «Քանի անգամ եմ քեզ երդվել տվել, որ Տիրոջ անունով ճշմարտությունից բացի ինձ այլ բան չասես»։
16 Միքիան ասաց. «Տեսա, որ իսրայելացիները ցրված են լեռների վրա հովիվ չունեցող ոչխարների պես, և Տերն ասաց. “Սրանք առաջնորդ չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։
17 Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակություն չի անի, այլ չար»։
18 Իսկ Միքիան ասաց. «Այդպես չէ։ Լսե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերում։
19 Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ վեր կենա ու հարձակվի Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա”։ Մեկն այսպես խոսեց, մյուսը՝ այնպես։
20 Մի ոգի ելավ ու կանգնելով Տիրոջ առջև՝ ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։
21 Նա ասաց. “Ես կգնամ ու սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ և այդպե՛ս արա”։
22 Ահա Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում. Տերը քեզ համար վատ բան է գուշակել»։
23 Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիան, մոտենալով Միքիային, հարվածեց նրա ծնոտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցավ իմ մոտով և խոսեց քեզ հետ»։
24 Միքիան ասաց. «Ահա դու կտեսնես այն օրը, երբ թաքնվելու համար սենյակից սենյակ պիտի մտնես»։
25 Իսրայելի արքան ասաց. «Բռնե՛ք Միքիային, հե՛տ տարեք քաղաքագլուխ Սեմերի ու արքայորդի իշխան Հովասի մոտ
26 և ասացե՛ք. “Այսպես է ասում արքան. “Սրան բա՛նտ դրեք, և նա թող մի կտոր հացով ու մի կում ջրով սնվի, մինչև որ ես խաղաղությամբ վերադառնամ”»։
27 Միքիան ասաց. «Եթե իրոք խաղաղությամբ վերադառնաս, ուրեմն Տերը ինձ հետ չի խոսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսե՛ք»։
28 Իսրայելի արքան ու Հուդայի արքա Հովսափատը հարձակվեցին Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա։
29 Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Ծպտի՛ր ինձ, որ այդպես մտնեմ պատերազմի մեջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը»։ Իսրայելի արքան ծպտվեց և մտավ պատերազմի մեջ։
30 Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր հետ էին, ասաց. «Մի՛ կռվեք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծավորների դեմ, այլ միայն Իսրայելի արքայի դեմ»։
31 Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Հովսափատին, ասացին. «Սա է Իսրայելի արքան», և շրջապատեցին նրան, որ կռվեն նրա դեմ։ Սակայն Հովսափատն աղաղակեց, ու Տերը փրկեց նրան։ Աստված նրանց հեռացրեց նրանից։
32 Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան, որ նա Իսրայելի արքան չէ, նրան հետապնդելուց դադարեցին։
33 Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը և լանջապանակի միջով խոցեց Իսրայելի արքայի թոքերը։ Նա ասաց իր ներքինուն. «Կառքը հե՛տ դարձրու և ինձ հանի՛ր պատերազմի դաշտից, որովհետև վիրավոր եմ»։
34 Այդ օրը պատերազմը սաստկացավ, և Իսրայելի արքան մինչև երեկո մնաց իր մարտակառքի վրա՝ ասորիների դիմաց, և արեգակի մայր մտնելու ժամանակ մեռավ։