2 Chronicles 17
1 Ասայի փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։ Հովսափատն իր իշխանությունը զորացրեց Իսրայելի դեմ։
2 Նա զորքեր դրեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում և հրամանատարներ նշանակեց Եփրեմի բոլոր քաղաքներում, որոնք իր հայր Ասան էր գրավել։
3 Տերը Հովսափատի հետ էր, քանզի նա ընթացավ իր հոր այն ճանապարհներով, որ նա որդեգրել էր իր իշխանության սկզբում. կուռքեր չպաշտեց,
4 այլ Տիրոջը՝ իր հոր Աստծուն պաշտեց, իր հոր պատվիրաններով առաջնորդվեց և ոչ թե Իսրայելի թագավորության նման վարվեց։
5 Նրա թագավորությունը բարգավաճեց նրա ձեռքում. ամբողջ Հուդան Հովսափատին ընծաներ էր տալիս, և նա մեծ հարստություն ու փառք ձեռք բերեց։
6 Նրա սիրտը հզորացավ Տիրոջ ճանապարհներին, և նա Հուդայի երկրից պաշտամունքի բարձունքներն ու պաշտամունքային փայտե սյուներն էլ վերացրեց։
7 Իր թագավորության երրորդ տարում նա իր իշխաններին ու զորականներին՝ Աբդիային, Զաքարիային, Նաթանայելին ու Միքեային ուղարկեց ուսուցանելու Հուդայի քաղաքներում։
8 Նրանց հետ էին ղևտացիներ Սամուիան, Նաթանիան, Զաբդիան, Ասիելը, Սեմիրամովթը, Հովնաթանը, Ադոնիան և Տաբադոնիան, բոլորն էլ ղևտացիներ։ Նրանց հետ էին նաև Եղիսամա ու Հովրամ քահանաները։
9 Նրանք ուսուցանում էին Հուդայում՝ իրենց հետ ունենալով Տիրոջ օրենքների գիրքը։ Նրանք անցնում էին Հուդայի քաղաքներով և ուսուցանում ժողովրդին։
10 Տիրոջ սարսափն էր պատել Հուդայի շուրջը գտնվող երկրների թագավորներին, ու նրանք ոչ մի պատերազմ չէին մղում Հովսափատի դեմ։
11 Այլազգիները Հովսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու այլ նվերներ, իսկ արաբները նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։
12 Հովսափատը գնալով ավելի էր հզորանում։ Նա Հուդայում տներ ու ամրացված քաղաքներ շինեց։
13 Նա բազում գործեր կատարեց Հուդայում։ Հզոր պատերազմողներ կային Երուսաղեմում։
14 Նրանց թիվը, ըստ նրանց գերդաստանների, այս էր. Հուդայի ցեղի հազարապետներն էին Եդնա իշխանը, որն ուներ երեք հարյուր հազար ուժեղ զինվոր։
15 Նրանից հետո Հովնան իշխանն էր, որն ուներ երկու հարյուր ութսուն հազար զինվոր։
16 Նրանից հետո Զաքարիայի որդի Ամասիան էր, որը Տիրոջ նվիրյալն էր։ Նա ուներ երկու հարյուր հազար ուժեղ զինվոր։
17 Բենիամինի ցեղից էր հզոր Եղիադան, որն ուներ երկու հարյուր հազար աղեղնավորներ ու պարսավորներ։
18 Նրանից հետո Հովզաբադն էր, որն ուներ հարյուր ութսուն հազար հզոր պատերազմողներ։
19 Սրանք էին արքային ծառայողները՝ չհաշված նրանց, որոնց արքան կարգել էր ամբողջ Հուդայի ամրացված քաղաքներում։