Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 16

:
Armenian - NEA
1 Ասայի թագավորության երեսունութերորդ տարում Իսրայելի Բաաս արքան հարձակվեց Հուդայի վրա։ Նա կառուցեց Հռաման, որ փակի Հուդայի արքա Ասայի ելումուտը։
2 Ասան, ոսկի ու արծաթ վերցնելով Տիրոջ տան և թագավորական տան գանձերից, ուղարկեց ասորիների արքային՝ Ադերի որդուն, որ բնակվում էր Դամասկոսում, և ասաց.
3 «Դաշի՛նք կնքիր իմ ու քո միջև, ինչպես որ կար իմ հոր ու քո հոր միջև։ Ահավասիկ ես քեզ արծաթ ու ոսկի եմ ուղարկում, որ հետ դարձնես Իսրայելի Բաաս արքային, որպեսզի նա ինձնից հեռանա»։
4 Ասորիների արքան՝ Ադերի որդին, լսեց նրան և իր զորքի իշխաններին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ, որոնք հարված հասցրին Ավոնին, Դանին, Աբելմայինին և Նեփթաղիմ գավառի շրջակա բոլոր բնակավայրերին։
5 Երբ Բաասը լսեց այդ մասին, հրաժարվեց Հռաման կառուցելուց, և նրա այդ գործը կանգ առավ։
6 Ասա արքան բերեց Հուդայի բոլոր մարդկանց և տանելով Բաասի կառուցած Հռամայի քարերն ու փայտը՝ դրանցով կառուցեց Գաբաան ու Մասփան։
7 Այն ժամանակ Հուդայի Ասա արքայի մոտ եկավ Անանիա մարգարեն և ասաց նրան. «Քանի որ ապավինեցիր ասորիների արքային և ոչ թե Տիրոջը՝ քո Աստծուն, այդ պատճառով Իսրայելի արքայի զորքը փրկվեց քո ձեռքից։
8 Մի՞թե եթովպացիներն ու լիբիացիները մեծաթիվ զորք չունեին և համարձակությամբ չհարձակվեցին չափազանց շատ հեծյալներով։ Եվ որովհետև դու ապավինել էիր Տիրոջը, Տերը նրանց քո ձեռքը մատնեց,
9 քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։
10 Ասան զայրացավ մարգարեի վրա և նրան բանտարկեց, որովհետև այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան նաև սկսեց դաժան վերաբերվել ժողովրդին։
11 Ասայի առաջին և վերջին գործերը գրի են առնված Հուդայի ու Իսրայելի թագավորների գրքում։
12 Ասայի ոտքերը թուլացան իր թագավորության երեսունիններորդ տարում. նա ծանր հիվանդացավ։ Իր հիվանդության ժամանակ նա Տիրոջը չապավինեց, այլ բժիշկներին։
13 Ասան վախճանվեց իր թագավորության քառասունմեկերորդ տարում և գնաց իր նախնիների գիրկը։
14 Նրան թաղեցին այն գերեզմանում, որ իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում։ Նրան գահավորակի վրա դրեցին, առատ խնկերով ու զանազան յուղերով օծեցին ու շատ մեծ հուղարկավորությամբ թաղեցին։