Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 14

:
Armenian - NEA
1 Աբիան գնաց իր նախնիների գիրկը. նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ասան, որի օրոք Հուդայի երկիրը տասը տարի հանգիստ մնաց։
2 Նա բարի և արդար գործեր կատարեց Տիրոջ՝ իր Աստծու առջև։
3 Նա վերացրեց օտար աստվածների զոհասեղանները, բարձադիր մեհյանները, խորտակեց արձանները և այրեց պաշտամունքային փայտե սյուները։
4 Նա Հուդայի բնակիչներին հրամայեց պաշտել Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն և կատարել օրենքներն ու պատվիրանները։
5 Նա Հուդայի բոլոր քաղաքներից վերացրեց զոհասեղաններն ու կուռքերը։ Եվ Հուդայի երկրում պարսպապատ քաղաքները խաղաղվեցին,
6 քանզի երկիրը խաղաղվել էր, և այն տարիներին պատերազմ չկար նրա դեմ, որովհետև Տերը նրան հանգստություն էր պարգևել։
7 Նա ասաց Հուդայի երկրի մարդկանց. «Եկե՛ք վերակառուցենք այս քաղաքները, պարիսպներ, աշտարակներ, դարպասներ ու նիգեր դնենք, որ տիրենք երկրին, քանզի, ինչպես մենք Տիրոջը՝ մեր Աստծուն, փնտրեցինք, այնպես էլ նա մեզ փնտրեց և բոլոր կողմերից հանգստություն պարգևեց ու հաջողություն տվեց մեզ»։
8 Ասան Հուդայի երկրում վահաններ ու նիզակներ կրող զորք ունեցավ, երեք հարյուր հազար, իսկ Բենիամինի երկրում՝ երկու հարյուր վաթսուն հազար ասպարավորներ ու աղեղնավորներ։ Նրանք բոլորը հզոր պատերազմողներ էին։
9 Նրանց դեմ ելավ Զարեհ Եթովպացին հազար անգամ հազար զինվորներով ու երեք հարյուր մարտակառքերով և հասավ մինչև Մարիսա։
10 Ասան դուրս եկավ նրա դեմ և պատերազմի ճակատ կազմեց Մարիսայի հյուսիսում գտնվող ձորում։
11 Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
12 Եվ Տերը Հուդայի առջև հարվածեց եթովպացիներին, ու եթովպացիները փախան։
13 Ասան և իր զորքը հալածեցին նրանց մինչև Գեդովր, և եթովպացիներն այնպես կոտորվեցին, որ նրանցից ոչ մեկը ողջ չմնաց, քանի որ կոտորվեցին Տիրոջ ու նրա զորության առջև։ Հուդայի մարդիկ շատ ավար վերցրին
14 և կործանեցին Գեդովրի շուրջը գտնվող նրանց գյուղերը, քանզի Տիրոջից հասած արհավիրքն էր պատել նրանց։ Նրանք ավարառության ենթարկեցին նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ ավար կար դրանց մեջ։
15 Նրանք նաև ավարառության ենթարկեցին նրանց հոտերի վրանները, կոտորեցին ամազոնուհիներին, վերցրին բազում ոչխարներ ու ուղտեր և վերադարձան Երուսաղեմ։