Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Chronicles 13

:
Armenian - NEA
1 Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Հուդայի վրա թագավորեց Աբիան։
2 Նա Երուսաղեմում թագավորեց երեք տարի։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Աբիայի ու Հերոբովամի միջև պատերազմ էր։
3 Աբիան պատերազմի պատրաստվեց հզոր մարտիկներով՝ չորս հարյուր հազար զորեղ մարդկանցով։ Հերոբովամը նրա դեմ պատերազմի ելավ ութ հարյուր հազար հզոր, քաջազուն ռազմիկներով։
4 Աբիան վեր բարձրացավ Սոմորոնի լեռից, որը Եփրեմի լեռներից մեկն էր, և ասաց. «Լսե՛ք, Հերոբովա՛մ և բոլո՛ր իսրայելացիներ,
5 մի՞թե ձեզ հայտնի չէ, թե Տերը՝ Իսրայելի Աստվածը, Իսրայելի թագավորությունը անբեկանելի ուխտով հավիտյան տվել է Դավթին ու նրա որդիներին։
6 Բայց Նաբատի որդի Հերոբովամը՝ Դավթի որդի Սողոմոնի ծառան, վեր կացավ և ապստամբեց իր տիրոջ դեմ։
7 Նրա մոտ հավաքվեցին չար և անօրեն մարդիկ և ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր, երկչոտ սիրտ ուներ և նրա դեմ չելավ։
8 Արդ, դուք կարծում եք, որ դե՞մ կկանգնեք Տիրոջ թագավորությանը, որը Դավթի որդիների ձեռքին է, որովհետև չափազանց շատ զորք ունեք, և ձեզ հետ են ոսկե երինջները, որոնց Հերոբովամը ձեզ համար աստվածներ դարձրեց։
9 Մի՞թե դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին, ու ղևտացիներին, և ձեզ համար քրմեր ընտրեցիք այդ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ սրբագործվելու համար գալիս էին զվարակներով և յոթ խոյով, դառնում էին չաստվածների քուրմ։
10 Մենք Տիրոջը՝ մեր Աստծուն չլքեցինք. նրա քահանաները՝ Ահարոնի որդիները, և ղևտացիները ծառայում են Տիրոջը, ըստ իրենց ամենօրյա սպասավորության կարգի։
11 Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։
12 Ահավասիկ մեզ հետ են Տերը՝ որպես մեր իշխան, նրա քահանաներն ու ազդարարող փողերը՝ պատրաստ ձեր դեմ մարտի հրավեր տալու։ Ո՜վ իսրայելացիներ, մի՞թե կմարտնչեք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու դեմ. հաջողություն չեք ունենա»։
13 Հերոբովամը դարանակալներ էր դրել, որ Աբիայի զորքի հետևն անցնեն։ Ինքը կանգնեց Հուդայի մարդկանց առաջ, իսկ դարանակալներն անցան նրանց թիկունքը։
14 Հուդայի մարդիկ հետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց և՛ առջևը, և՛ հետևը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները փողեր հնչեցրին։
15 Հուդայի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Եվ երբ գոչեցին, Տերն Աբիայի ու Հուդայի առջև կոտորեց Հերոբովամին ու իսրայելացիներին։
16 Իսրայելացիները փախան Հուդայի առջևից, և Տերը սրանց մատնեց նրանց ձեռքը։
17 Աբիան ու նրա զորքը ծանր հարվածներ հասցրին նրանց։ Իսրայելացիներից հինգ հազար զորավոր մարդ կոտորվեց։
18 Այդ օրը իսրայելացիներն ընկճվեցին, իսկ Հուդայի մարդիկ զորացան, քանզի ապավինել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
19 Աբիան հալածեց Հերոբովամին ու նրանից գրավեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Անան ու նրա գյուղերը, Եփրոնն ու նրա գյուղերը, Բեան ու նրա գյուղերը։
20 Աբիայի օրոք Հերոբովամն այլևս չկարողացավ զորանալ։ Տերը հարվածեց նրան, և նա մեռավ։
21 Աբիան հզորացավ. նա տասնչորս կին առավ։ Նա ունեցավ քսաներկու տղա և տասնվեց աղջիկ։
22 Աբիայի մնացած արարքները, գործերն ու խոսքերը գրված են Ադդով մարգարեի գրքում։