2 Chronicles 11
1 Ռոբովամը եկավ Երուսաղեմ, Հուդայի ու Բենիամինի տներից հավաքեց պատերազմելու ընդունակ հարյուր ութսուն հազար երիտասարդներ և պատերազմեց Իսրայելի դեմ, որ թագավորությունն իրեն վերադարձնի։
2 Տերը խոսեց Աստծու մարդ Սամեայի հետ՝ ասելով.
3 «Խոսի՛ր Սողոմոնի որդի Ռոբովամի և Հուդայի ու Բենիամինի բոլոր մարդկանց հետ և ասա՛.
4 “Այսպես է ասում Տերը. “Մի՛ ելեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ, ամեն ոք թող վերադառնա իր տունը, որովհետև այս բանն ինձնից եղավ”»։ Նրանք լսեցին Տիրոջ խոսքը և հրաժարվեցին Հերոբովամի վրա արշավելուց։
5 Ռոբովամը բնակվեց Երուսաղեմում և պարսպապատ քաղաքներ կառուցեց Հուդայում։
6 Նա շինեց Բեթղեհեմը, Ետամը, Թեքովեն,
7 Բեթսուրը, Սոկքովը, Օդողամը,
8 Գեթը, Մարիսան, Զիփը,
9 Ադովրայիմը, Լաքիսը, Ազեկան,
10 Սարաան, Եաղոնը և Քեբրոնը՝ պարսպապատ քաղաքներ Հուդայում ու Բենիամինի երկրում։
11 Նա պարիսպներով ամրացրեց դրանք, հրամանատարներ կարգեց դրանց վրա, ուտելիքի, ձեթի ու գինու ամբարներ շինեց,
12 բոլոր քաղաքներում վահաններ ու նիզակներ դրեց և չափազանց ամրացրեց դրանք։ Հուդան և Բենիամինը նրանն էին։
13 Ամբողջ Իսրայելի մեջ գտնվող քահանաներն ու ղևտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մոտ հավաքվեցին։ Ղևտացիները լքեցին իրենց բնակավայրերն ու կալվածքները և գնացին Հուդայի երկիրը՝ Երուսաղեմ,
14 որովհետև Հերոբովամն ու նրա որդիները նրանց արգելել էին Տիրոջն սպասավորել։
15 Հերոբովամն իր պատրաստած պաշտամունքի բարձունքների, կուռքերի, աստվածների ու երինջների վրա քրմեր նշանակեց։
16 Նա Իսրայելի ցեղերից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը տվել էին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն փնտրելուն։ Նրանք եկան Երուսաղեմ, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն,
17 և զորացրին Հուդայի թագավորությունը։ Սողոմոնի որդի Ռոբովամը երեք տարի հզորացավ, որովհետև նա երեք տարի ընթացավ Դավթի ու Սողոմոնի ճանապարհներով։
18 Ռոբովամը կին առավ Դավթի որդի Հերիմութի դուստր Մոլաթին ու Հեսսեի որդի Եղիաբի դուստր Աբիադին։
19 Սա Ռոբովամի համար ծնեց երեք որդիներ՝ Հերումին, Սամարիային ու Ալովին։
20 Դրանից հետո նա ամուսնացավ Աբեսաղոմի դուստր Մաաքայի հետ, որը նրա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային և Սալեմովթին։
21 Ռոբովամն իր բոլոր կանանց ու հարճերի մեջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային։ Նա ուներ տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ։
22 Ռոբովամը Մաաքայից ծնված Աբիային իշխան կարգեց նրա եղբայրների վրա, քանի որ նպատակ ուներ նրան թագավոր դարձնել։
23 Հուդայի ու Բենիամինի երկրների բոլոր սահմաններում և ամրացված քաղաքներում Ռոբովամն ավելի հզոր եղավ, քան իր բոլոր որդիները։ Նա նրանց ուտելիքի խիստ առատ պաշար տվեց և նրանց համար բազում կանայք փնտրեց։