1Երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին Իսրայելի դատավորներ կարգեց։
2Սրանք են նրա որդիների անունները. անդրանիկը՝ Հովել, երկրորդի անունը՝ Աբիա։ Սրանք դատավորներ եղան Բերսաբեեում։
3Սակայն նրա որդիները չգնացին իրենց հոր ճանապարհով, այլ ընչաքաղցության հետևից ընկնելով՝ կաշառք էին վերցնում և իրավունքն աղավաղում։
4Հավաքվեցին Իսրայելի բոլոր այրերը, եկան Սամուելի մոտ՝ Արիմաթեմ,
5և ասացին նրան. «Ահա դու ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրա մի թագավո՛ր կարգիր, որ մեզ դատի, ինչպես բոլոր ազգերի մոտ է»։
6Այս բանը Սամուելին դուր չեկավ, քանի որ ասել էին. «Մեզ թագավո՛ր տուր, որ մեզ դատի»։ Սամուելն աղոթքի կանգնեց Տիրոջ առջև,
7և Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ ասեն քեզ։ Նրանք ոչ թե քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագավորեմ իրենց վրա։
8Այն օրվանից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից, այդպես վարվեցին նրանք ինձ հետ մինչև այսօր. լքեցին ինձ ու ծառայեցին օտար աստվածների։ Նույնպես և քեզ հետ են վարվում։
9Արդ, լսի՛ր նրանց ձայնը, բայց նրանց տեղյա՛կ պահիր, բացատրի՛ր թագավորի իրավունքները, որ իշխելու է իրենց վրա»։
10Սամուելը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին։
11Նա ասաց. «Սրանք են իրավունքները թագավորի, որ թագավորելու է ձեզ վրա. նա պիտի վերցնի ձեր որդիներին և նրանց կառապաններ, հեծյալներ ու իր մարտակառքերի առջևից վազող սուրհանդակներ դարձնի։
12Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։
13Ձեր դուստրերին յուղագործներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի։
14Ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տա։
15Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանա և տա իր ներքինիներին և ծառաներին։
16Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր անասուններն ու էշերը ձեզնից պիտի վերցվեն և իր համար տասանորդ լինեն։
17Ձեր հոտերից նա տասանորդ պիտի ստանա, և դուք նրա ծառաները պիտի դառնաք։
18Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»։
19Ժողովուրդը չուզեց լսել Սամուելին և նրան ասաց. «Ո՛չ, մեկը թող թագավորի մեզ։
20Մենք ևս այլ ազգերի նման լինենք, մեր թագավորը թող մեզ դատի, մեզ առաջնորդի և պատերազմի մեր պատերազմը»։
21Սամուելը լսեց ժողովրդի բոլոր ասածները և դրանք հայտնեց Տիրոջը։
22Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր նրանց և նրանց վրա թագավո՛ր կարգիր»։ Սամուելն Իսրայելի այրերին ասաց. «Թող ամեն ոք իր քաղաքը գնա»։