1 Samuel 5NEA

1Այլազգիները Աստծու տապանակը վերցրին ու այն Աբենեզերից տարան Ազովտոս։

2Այլազգիները Տիրոջ տապանակը տարան Դագովնի տաճարը և դրեցին Դագովնի կողքին։

3Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, ազովտացիները զարթնեցին, մտան Դագովնի տաճարը և տեսան, որ Դագովնը Տիրոջ տապանակի առջև երեսնիվայր ընկած է։ Նրանք բարձրացրին Դագովնը և դրեցին իր տեղը։ Տիրոջ ձեռքը բարձրացավ ազովտացիների վրա։ Նա չարչարեց նրանց և թութքով հարվածեց ողջ Ազովտոսն ու նրա սահմանները։

4Երբ հաջորդ առավոտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագովնը Տիրոջ Ուխտի տապանակի առջև երեսնիվայր ընկած է, Դագովնի գլուխն ու ոտքի [𝕸 չունի, Ο΄ ձեռքի ] երկու թաթերը ջարդված են ու գետնին ցրված, ձեռքի երկու դաստակները ընկած են դռան սեմին. Դագովնի միայն իրանն էր մնացել։

5Այդ պատճառով է, որ Դագովնի քրմերն ու բոլոր նրանք, ովքեր մտնում են Դագովնի տաճարը, մինչև օրս Ազովտոսի Դագովնի տաճարի սեմին ոտք չեն դնում, այլ ցատկելով վրայից են անցնում։

6Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ Ազովտոսի վրա. թութքով հիվանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տվեց մկներին, և քաղաքում մահ ու խառնակություն եղավ։

7Այս դեպքը տեսնելով՝ Ազովտոսի բնակիչներն ասացին. «Աստծու տապանակը թող չմնա մեզ մոտ, քանի որ Նրա ձեռքը բարձրացավ մեր և մեր աստծու՝ Դագովնի վրա»։

8Նրանք մարդ ուղարկեցին և այլազգիների բոլոր իշխաններին իրենց մոտ հավաքելով՝ ասացին. «Իսրայելի Աստծու տապանակն ի՞նչ անենք»։ Գեթացիներն ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող մեզ մոտ փոխադրվի»։ Եվ Աստծու տապանակը փոխադրվեց Գեթ։

9Երբ տապանակն այնտեղ փոխադրվեց, Տիրոջ ձեռքը բարձրացավ այդ քաղաքի վրա. շատ մեծ խռովություն բարձրացավ, Տերը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծերը, չարչարեց, նրանց հարվածեց թութքով, և գեթացիները թութքով տառապեցին։

10Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտավ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Իսրայելի Աստծու տապանակն ինչո՞ւ մեզ մոտ բերեցիք, որ մեզ և մեր ժողովրդին սպանեք»։

11Մարդ ուղարկեցին, հավաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը հե՛տ ուղարկեք, թող մնա իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։

12Մահից ազատվելով՝ կենդանի մնացած մարդիկ թութքով էին տառապում, և քաղաքի աղաղակը երկինք բարձրացավ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Samuel 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.