1 Samuel 15NEA

1Սամուելը Սավուղին ասաց. «Ինձ Տերն առաքեց, որ քեզ թագավոր օծեմ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա։ Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները։

2Այսպես է ասում Զորությունների Տերը. “Հիմա Իսրայելի դեմ Ամաղեկի արածների համար վրեժ եմ լուծելու։ Ինչո՞ւ փակեց Իսրայելի ճանապարհը Եգիպտոսից ելքի ժամանակ։

3Արդ, գնա՛ և հարվածի՛ր Ամաղեկին ու Հարիմին և ոչնչացրո՛ւ այն ամենը, ինչ նրանց է պատկանում։ Նրանցից ոչ ոք չպետք է փրկվի։ Կկոտորես նրանց ու կոչնչացնես բոլորին՝ տղամարդ թե կին, երեխա թե կաթնակեր մանուկ, արջառ ու ոչխար, ուղտ ու էշ”»։

4Սավուղը հրաման տվեց ժողովրդին և հաշվառում անցկացրեց Աղիմում։ Չորս հարյուր հազարանոց հետևակ զորք կար, երեսուն հազարանոց հետևակ զորք էլ՝ Հուդայից։

5Սավուղը եկավ մինչև Ամաղեկի քաղաքները, և բանակը դարանամուտ եղավ հեղեղատում։

6Սավուղն ասաց կինեցիներին. «Խո՛ւյս տվեք, հեռացե՛ք ամաղեկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանի որ Եգիպտոսից ելնելու ժամանակ բարյացակամ եք եղել Իսրայելի որդիների հանդեպ»։ Եվ կինեցիները Ամաղեկի զորքից հեռացան։

7Սավուղը Ամաղեկի զորքին ջախջախեց Եվիլատից մինչև Սուր, որը գտնվում է Եգիպտոսի դիմաց։

8Նա կենդանի բռնեց Ամաղեկի թագավոր Ագագին, իսկ Հարիմի ամբողջ ազգը սրի քաշեցին։

9Սավուղը և ողջ ժողովուրդը կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների ու արջառների հոտերը, պտղատու և խաղողի այգիները, ամեն տեսակ բարիքները, չուզեցին ոչնչացնել դրանք, իսկ ինչ որ անարժեք ու անպետք էր, բնաջնջեցին։

10Տերը խոսքն ուղղեց Սամուելին՝ ասելով.

11«Զղջացել եմ, որ թագավոր դարձրի Սավուղին, քանի որ ինձնից շուռ եկավ և իմ խոսքերը չպահեց»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշերն աղոթեց Տիրոջը։

12Սամուելն առավոտ կանուխ գնաց՝ հանդիպելու Իսրայելին։ Սամուելին հայտնեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմելոս, իր համար հուշարձան կանգնեցրել և մարտակառքերը հետ դարձնելով՝ իջել է Գաղգաղա»։

13Սամուելը եկավ Սավուղի մոտ, երբ նա Տիրոջը ողջակեզներ էր մատուցում Ամաղեկից բերած ավարի լավագույն մասից։ Երբ Սամուելը եկավ Սավուղի մոտ, Սավուղն ասաց նրան. «Ո՜վ Տիրոջ օրհնյալ, կատարեցի այն, ինչ Տերն ասել է»։

14Սամուելն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ իմ ականջին է հասնում, և արջառների ձայնը, որ լսում եմ»։

15Սավուղն ասաց. «Ամաղեկի երկրից բերեցի, քանի որ ժողովուրդն ընտիր ոչխարներն ու արջառները ողջ պահեց, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ քո Աստծուն, իսկ մյուսները կոտորեցի»։

16Սամուելը Սավուղին ասաց. «Լսի՛ր, քեզ հայտնեմ այն, ինչ այս գիշեր Տերն ասաց ինձ»։ Նա ասաց. «Խոսի՛ր»։

17Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Չէ՞ որ դու փոքր էիր, երբ Իսրայելի ազգատոհմերի զորավար դարձար, և Տերը քեզ Իսրայելի վրա թագավոր օծեց։

18Տերը քեզ ճանապարհ դրեց՝ ասելով. “Գնա՛ և իմ դեմ մեղանչած Ամաղեկի ժողովրդին կոտորի՛ր, պատերա՛զմ մղիր, մինչև որ բնաջնջես նրանց”։

19Ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնը և ավարը գերադասելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առջև»։

20Սավուղը Սամուելին ասաց. «Ես անսացի ժողովրդի ձայնին և գնացի այն ճանապարհով, որով Տերն էր առաքել ինձ. Ամաղեկի թագավոր Ագագին գերեցի, իսկ Ամաղեկի ժողովրդին կոտորեցի։

21Ժողովուրդն այդ ավարից առավ ընտիր ոչխարների հոտեր ու արջառներ, որպեսզի Գաղգաղայում մորթելով՝ Տիրոջ՝ Աստծու համար զոհեր մատուցի»։

22Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։

23Անհնազանդությունը կախարդության նման մեղք է, և ինքնավստահությունը՝ կռապաշտության նման։ Քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ կմերժի իբրև Իսրայելի թագավորի»։

24Սավուղը Սամուելին ասաց. «Մեղանչեցի՝ զանց անելով Տիրոջ և քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և նրա ձայնին անսացի։

25Արդ, ների՛ր իմ մեղքը, ինձ հե՛տ եղիր, և կերկրպագեմ Տիրոջը՝ քո Աստծուն»։

26Սամուելը Սավուղին ասաց. «Ես քեզ հետ չեմ լինի, քանի որ արհամարհեցիր Տիրոջ խոսքը, և Տերը քեզ մերժելու է իբրև Իսրայելի թագավորի»։

27Սամուելը երեսը դարձրեց, որ գնա, բայց Սավուղը բռնեց նրա թիկնոցի ծայրից ու պատռեց այն։

28Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր քո վրայից վերցրեց Իսրայելի թագավորությունը և այն տալու է քեզանից լավ մեկին։

29Իսրայելը երկու մասի է բաժանվելու, և Տերն իր խոսքից հետ չի դառնալու ու չի զղջալու, քանի որ նա մարդ չէ, որ զղջա։ Նա սպառնացող է»։

30Սավուղն ասաց. «Մեղանչել եմ, սակայն հիմա ժողովրդի ծերերի ու Իսրայելի առաջ ինձ պատվի՛ր, եղի՛ր ինձ հետ, և ես կերկրպագեմ Տիրոջը՝ քո Աստծուն»։

31Սամուելը Սավուղի հետ վերադարձավ, և Սավուղը Տիրոջը երկրպագություն արեց։

32Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Ագագը դողալով մոտեցավ և ասաց. «Մի՞թե այսպես դառն է մահը»։

33Սամուելն ասաց Ագագին. «Ինչպես որ քո սուրը կանանց որդեկորույս դարձրեց, նույն ձևով էլ որդեկորույս կլինի քո մայրը կանանց մեջ»։ Եվ Սամուելն Ագագին սպանեց Տիրոջ առջև՝ Գաղգաղայում։

34Սամուելը գնաց Արիմաթեմ, իսկ Սավուղը ելավ գնաց իր տունը՝ Գաբաա։

35Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, քանի որ Սամուելը Սավուղի համար սուգ էր անում։ Եվ Տերը զղջացել էր, որ Սավուղին թագավոր էր դարձրել Իսրայելի վրա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Samuel 15.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.