1Սավուղը մեկ կամ երկու տարի Իսրայելի վրա թագավորելուց հետո
2Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։
3Հովնաթանը սպանեց Նասիբ այլազգուն, որ բլրի վրա էր, և այլազգիներն այդ իմացան։ Սավուղը շեփոր հնչեցրեց ամբողջ երկրում և ասաց. «Ծառաներն ապստամբեցին»։
4Ողջ Իսրայելը լսեց, թե Սավուղը սպանեց Նասիբ այլազգուն, իսկ Իսրայելն ամոթահար արեց այլազգիներին։ Եվ ժողովուրդը Սավուղի հետևից ելավ Գաղգաղա։
5Այլազգիները հավաքվեցին՝ պատերազմելու Իսրայելի դեմ, և Իսրայելի վրա ելան երեսուն հազար կառք, վեց հազար հեծյալներ, իսկ զորքն իր բազմությամբ նման էր ծովեզրի ավազին։ Սրանք եկան ու բանակեցին Մաքմասում՝ Բեթ-Ավենի դիմաց, դեպի հարավ։
6Իսրայելացիները տեսնելով, որ նեղվում են, թաքնվեցին քարայրներում, գոմերում, ժայռերի ծերպերում, խորխորատներում ու ջրհորներում։
7Ով որ կարող էր, անցավ Հորդանան գետն ու գնաց Գադի և Գաղաադի երկիրը։ Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ողջ ժողովուրդը հեռացավ նրանից։
8Նա յոթ օր սպասեց, ինչպես որ Սամուելն էր հրամայել, սակայն Սամուելը Գաղգաղա չեկավ, և մարդիկ սկսեցին ցրվել։
9Սավուղն ասաց. «Մո՛տ եկեք, որ ողջակեզի ու խաղաղության զոհեր մատուցեմ»։ Եվ ողջակեզը ինքը մատուցեց։
10Երբ ողջակեզ մատուցելը վերջացրեց, Սամուելը եկավ։ Սավուղն ընդառաջ գնաց՝ նրան դիմավորելու և ողջունելու։
11Սամուելն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»։ Սավուղն ասաց. «Երբ տեսա, որ իմ ժողովուրդն սկսեց ինձ լքել, և դու չեկար քո նշանակած օրը, իսկ այլազգիները հավաքվեցին Մաքմասում,
12մտածեցի, թե այլազգիները հիմա կգան իմ դեմ, Գաղգաղա, իսկ ես Տիրոջ առջև դեռ չէի աղերսել, դրա համար էլ համարձակվեցի և ողջակեզ մատուցեցի»։
13Սամուելն ասաց Սավուղին. «Զուր ես արել, քանի որ չես պահել իմ պատվիրանը, որ Տերն էր պատվիրել։ Տերը քեզ Իսրայելի վրա ցմահ թագավոր պիտի դարձներ,
14բայց հիմա քո թագավորությունը այլևս չի շարունակվելու։ Տերն իր սրտին հաճելի մարդ պիտի փնտրի, որ նրան իշխան դարձնի իր ժողովրդի վրա, քանի որ դու չկատարեցիր այն, ինչ Տերը պատվիրել էր քեզ»։
15Սամուելը վեր կացավ և Գաղգաղայից գնաց իր ճանապարհով։ Մնացած զորքը միացավ Սավուղին, որ դիմադրի իրենց վրա հարձակվողներին։ Երբ նրանք Գաղգաղայից ելան ու հասան Բենիամինի երկրի Գաբաա քաղաքը, Սավուղը հաշվեց իր հետ գտնվող զինվորներին և տեսավ, որ ինքն ունի մոտավորապես վեց հարյուր զինվոր։
16Սավուղը, նրա որդի Հովնաթանն ու նրա հետ եղած զորքը հաստատվեցին Բենիամինի երկրի Գաբաա քաղաքում, իսկ այլազգիները բանակել էին Մաքմասում։
17Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ ավերածություն գործեն։ Մի գունդը դիմեց դեպի Ոփեր տանող ճանապարհը, դեպի Սոգովղի աղբյուրը,
18մյուս գունդը՝ դեպի Բեթորոն տանող ճանապարհը, իսկ երրորդ գունդը՝ Գաբաայից դեպի Սաբայի անապատի Գայի տանող ճանապարհը։
19Ամբողջ Իսրայելի երկրում մի դարբին չկար, քանի որ այլազգիներն ասել էին. «Այնպես անենք, որ եբրայեցիները սուր կամ գեղարդ չշինեն»։
20Բոլոր իսրայելացիներն իրենց գերանդին, գործիքները, կացինը և մանգաղը նորոգելու համար գնում էին այլազգիների երկիրը։
21Այգեկութի ժամանակ էր, և ամեն մի գործիքի արժեքը երեք սիկղ էր։ Խոփի, կացնի և մանգաղի գինը նույնն էր։
22Այնպես պատահեց, որ Մաքմասում պատերազմի օրերին Սավուղի և նրա որդի Հովնաթանի հետ եղած մարդկանց ձեռքին սուր կամ գեղարդ չկար։ Զենք կար միայն Սավուղի ու նրա որդի Հովնաթանի մոտ։
23Այլազգիների բանակը դուրս ելավ Մաքմասի մյուս կողմը։