1Սողոմոնն իր պալատը կառուցեց տասներեք տարում և ամբողջովին ավարտեց այն։
2Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով։ Տունն ուներ հարյուր կանգուն երկարություն, հիսուն կանգուն լայնություն և երեսուն կանգուն բարձրություն. այն կառուցվել էր երեք շարք եղևնափայտե սյուներով, որոնց վրա դրված էին եղևնափայտե հեծաններ։
3Նաև կառուցեց մի հարկ սյուների վրա։ Կառույցը քառասունհինգ սյուն ուներ. ամեն մի շարքի վրա՝ տասնհինգ սյուն։
4Երեք պատվարներն ու երեք միջնորմները կանգնած էին իրար դեմ առ դեմ։
5Բոլոր դռներն ու միջնորմները քառակուսի էին, պատվարով։ Դռները երեք շարքով իրար դիմաց էին։
6Նա հիսուն կանգուն երկարությամբ ու երեսուն կանգուն լայնությամբ սյունազարդ կամարակապ դահլիճ կառուցեց։ Իրար միացված կամարները տեղավորված էին միմյանց դիմաց, իսկ սյուներն ու խարիսխները դրված էին կամարների դիմաց։
7Նա կառուցեց նաև կամարակապ գահասրահ և դատաստան էր անում այդ կամարակապ ատյանում։ Այդ հարկը հատակից մինչև ձեղուն երեսապատված էր եղևնափայտով։
8Նրա տան մեջ, որտեղ բնակվում էր, նույն ձևով կառուցված կամարակապ մի սրահ կար։ Փարավոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն էր, նույն ձևով կամարակապ սրահ պատրաստեց։
9Ամեն ինչ շինված էր ընտիր քարերից. անտաշ քարերը հիմքից մինչև առաստաղ ներսից ու դրսից իրար էին ագուցված ըստ իրենց չափերի։
10Մեծ սրահի պատի հիմքը նա կառուցել էր մեծ-մեծ քարերով, որոնք ունեին տասը և ութ կանգուն երկարություն,
11իսկ վերևի մասը կառուցել էր նույն չափի անտաշ ու ընտիր քարերով։ Պատերը երեսապատված էին եղևնափայտով։
12Մեծ գավիթը շուրջանակի երեք կարգ անտաշ քարերից էր և երեսապատված էր եղևնափայտով։ Տիրոջ տան գավիթը՝ Տիրոջ տան ներքին կամարակապ գավիթը, շինեց տաճարի դիմաց։
13Սողոմոն արքան մարդ ուղարկեց ու Քիրամ անունով մի մարդու բերել տվեց Տյուրոսից։
14Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց.
15պատրաստեց տաճարի գավթի ձուլածո երկու սյուները՝ սյունի բարձրությունը տասնութ կանգուն, տրամագիծը տասնչորս կանգուն էր և չորս մատ լայնությամբ ակոսներ ուներ։ Նույն ձևով կերտեց նաև երկրորդ սյունը։
16Նա պղնձաձույլ երկու խոյակ պատրաստեց, որոնք պետք է դրվեին սյուների գլխին։ Մի խոյակի բարձրությունը հինգ կանգուն էր, երկրորդ խոյակի բարձրությունը նույնպես հինգ կանգուն էր։
17Նա պատրաստեց վանդակակերպ երկու ցանց՝ խոյակը ծածկելու համար։
18Վանդակաձև երկու ցանց էլ պատրաստեց՝ երկրորդ խոյակը ծածկելու համար։ Նա երկու սյուների համար պատրաստեց նռնաձև զարդեր, որպեսզի դրանք շարք-շարք կախվեն վանդակացանցի վրա։
19Սյան գլխին գտնվող երկրորդ խոյակի վրա՝ կամարի մոտ, դրեց մի պսակ, որն ուներ չորս կանգուն երկարություն, և վրան շուշանաձև քանդակներ կային։
20Երկու սյուների վրա դրեց գերանների դուրս եկած ծայրերը, խոյակների վրա կողքերից նույնպես գերանների դուրս եկած ծայրերը դրեց, իսկ երկրորդ խոյակի շուրջը՝ կարգով շարված երկու հարյուր նռնաձև զարդեր։
21Նա կանգնեցրեց տաճարի գավիթի սյուները։ Մի սյունը կանգնեցրեց ու այն անվանեց Հաքում [ Աստված ապավեն ]. երկրորդ սյունը կանգնեցրեց ու անունը դրեց Բոոզ [ Աստծու մեջ է ուժը ]։
22Սյուների գլխին շուշանաձև զարդեր քանդակեց, և սյուների գործն ավարտվեց։
23Նա պատրաստեց նաև ձուլածո մի ավազան, որի երկարությունը մի շուրթից մինչև մյուս շուրթը տասը կանգուն էր։ Այն կլոր էր։ Դրա բարձրությունը հինգ կանգուն էր և շուրջանակի ամփոփված էր երեսուներեք կանգուն երկարությամբ գոտով։
24Դրա եզրերից ներքև տասը կանգուն շուրջանակի հենարաններ կային, և երկու շարք մույթեր ձուլված-ամրացված էին դրա հետ։
25Ձուլածո ավազանը դրված էր տասներկու եզների վրա. երեքը դեպի հյուսիս էին նայում, երեքը՝ դեպի արևմուտք, երեքը՝ դեպի հարավ, երեքը՝ դեպի արևելք։ Ավազանը դրանց վրա էր ամրացված։ Բոլոր եզների գավակները դեպի ներս էին ուղղված։
26Ավազանի պղնձի հաստությունը մի թիզ էր. դրա շուրթը բաժակի շուրթի նման էր. դրա վրա ծաղկած շուշան էր քանդակված։ Ավազանը մոտավորապես երկու հազար մար էր տանում։
27Նա պղնձե տասը պատվանդաններ շինեց. մեկ պատվանդանի երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ չորս կանգուն, բարձրությունը՝ վեց կանգուն։
28Պատվանդաններն այսպիսի կառուցվածք ունեին. վրայից փոսիկներ կային, նաև՝ փոսիկներ ելուստների միջև։
29Ելուստների միջև գտնվող փոսիկների վրա պատկերված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ, ելուստների վրա՝ ևս. պատկերված առյուծներից և եզներից վերև ու ներքև զարդեր էին կախված։
30Ամեն մի պատվանդան պղնձե չորս անիվ ու պղնձե սռնի ուներ, և չորս անկյուններին՝ ավազանի տակ, դրան կպած՝ մարդու ուսի նմանություն ունեցող ձուլածո ելուստներ կային։
31Դրա շուրթը ներքին խոյակից մինչև վեր մեկ կանգուն էր. այդ շուրթը կլոր էր և մեկուկես կանգուն լայնություն ուներ։ Դրա եզրերի վրա քանդակներ կային, իսկ հեծանները ոչ թե կլոր, այլ քառակուսի էին։
32Սռնիով իրար միացված չորս անիվները հեծանների տակ էին դրված և ամրացված էին պատվանդանին։ Ամեն մի անվի բարձրությունը մեկուկես կանգուն էր։
33Անիվները սարքված էին կառքի անիվների նման. դրանց սռնիները, շրջանակները, ճաղերը և ամեն ինչը ձուլածո էին։
34Ամեն մի պատվանդանի չորս անկյուններն ունեին ուսանման չորս ելուստներ, և ելուստները պատվանդանի հետ միաձույլ էին։
35Պատվանդանի վերևում կես կանգուն բարձրությամբ բոլորակ մի պսակ կար, և դրա սռնիների ծայրն ու խորշերը պատվանդանի հետ միաձույլ էին։
36Դրա սռնիների ու խորշերի վրա ներսի կողմից քանդակեց շուրջանակի միմյանց դիմաց կանգնած քերովբեներ, առյուծներ ու արմավենիներ։
37Այս նույն օրինակով սարքեց բոլոր տասը պատվանդանները. բոլորը նույն կարգը, նույն չափն ու նույն օրինակն ունեին։
38Նա պղնձե տասը տաշտեր պատրաստեց. ամեն մի տաշտ քառասուն սափոր էր տանում և չորս կանգուն բարձրություն ուներ։ Ամեն մի տաշտ դրվեց այդ տասը պատվանդաններից մեկի վրա։
39Հինգ պատվանդանները տեղադրեց տաճարի աջ կողմում, մյուս հինգը՝ ձախ կողմում, իսկ ծովը տեղադրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։
40Քիրամը շինեց կաթսաներ, տաք ջրի ամաններ ու կոնքեր։ Քիրամն ավարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Տիրոջ տաճարի մեջ Սողոմոն արքայի համար. դրանք են՝
41երկու սյուն ու սյուների գլխին՝ շուրջանակի քանդակազարդ խոյակներ, երկու ցանց, որոնցով պետք է ծածկեին սյուների շուրջանակի քանդակված երկու խոյակները,
42երկու ցանցերի չորս հարյուր նռնաձև զարդերը, երկու շարք նռնաձև քանդակներ ամեն մի վանդակացանցին, որոնցով պետք է ծածկեին երկու սյուների վրա եղած երկու խոյակները։
43Նաև տասը պատվանդաններ ու պատվանդանների վրա դրված տասը տաշտեր,
44մեկ ավազան ու ավազանի տակ ամրացված տասներկու եզներ,
45կաթսաներ, տաք ջրի անոթներ, կոնքեր և ամբողջ կահկարասին, որ Քիրամն արել էր Սողոմոն արքայի պատվերով Տիրոջ տան մեջ։ Արքայի տան ու Տիրոջ տան քառասունութ սյուներն ու արքայի բոլոր պատվերները Քիրամը ամբողջապես պղնձից պատրաստեց։ Իսկ թե որքան պղինձ օգտագործեց այդ ամբողջ գործերն անելու համար, հնարավոր չէ ասել, քանի որ դրանց չափ ու սահման չկար։ Անգամ հնարավոր չէ ասել, թե որքան փայլուն պղինձ օգտագործվեց։
46Արքան դրանք ձուլել էր տվել թանձր հողի մեջ, Սոկքոթի ու Սիրարթամի միջև ընկած Հորդանան գետի ափին։
47Դրանք թվով չափազանց շատ էին, և օգտագործված պղնձին չափ ու սահման չկար։
48Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը,
49մաքուր ոսկուց պատրաստված աշտանակները, որոնցից հինգը դրված էր սրբարանի դիմաց՝ աջ կողմում, և հինգը՝ ձախ կողմում, ոսկե մոմակալները, ճրագակալները, մոմ կտրելու մկրատները,
50նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։
51Այսպես ավարտվեցին Տիրոջ տունը կառուցելու համար Սողոմոն արքայի ձեռնարկած բոլոր գործերը։ Եվ Սողոմոն արքան տարավ իր հայր Դավթի նվերները և իր՝ Սողոմոնի բոլոր նվերները՝ արծաթը, ոսկին ու սպասքը, և դրեց Տիրոջ տան գանձարանում։