1Տերը Անանիայի որդի Հեուի միջոցով խոսքն ուղղելով Բաասային՝ ասաց.
2«Թեև ես քեզ երկրի փոշուց բարձրացրի և Իսրայելին՝ իմ ժողովրդին, առաջնորդ դարձրի, սակայն դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և Իսրայելին՝ իմ ժողովրդին, մեղանչել տվեցիր, որ նրանց կուռքերով ինձ բարկացնես։
3Դրա համար ես թշնամի եմ հարուցելու քո և քո տան դեմ և քո տունը Նաբատի որդի Հերոբովամի տան նման եմ դարձնելու։
4Բաասայի տնից ով քաղաքում մեռնի, շները կուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները կկտցեն»։
5Բաասայի մնացած գործերը, նրա քաջագործություններն ու այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
6Բաասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Թերսայում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ելան Ասա արքայի թագավորության քսաներորդ տարում։
7Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
8Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանվեցերորդ տարում Թերսայում Իսրայելի վրա երկու տարի թագավորեց Բաասայի որդի Ելան։
9Նրա ծառա Զամբրին՝ հեծելազորի կես մասի հրամանատարը, ըմբոստացավ նրա դեմ, երբ նա Թերսայում հանդերձապետ Արսայի տանը խմել հարբել էր։
10Զամբրին Հուդայի Ասա արքայի թագավորության քսանյոթերորդ տարում խփեց սպանեց նրան և նրա փոխարեն թագավոր դարձավ։
11Երբ նա թագավորեց ու նստեց գահին, կոտորեց Բաասայի ամբողջ տոհմը՝ նրա մերձավորներին ու բարեկամներին, կենդանի չթողեց ոչ մի արու։ Զամբրին Բաասայի ամբողջ տոհմը բնաջնջեց,
12ինչպես որ Տերը Հեու մարգարեի միջոցով հայտնել էր Բաասայի տան մասին։
13Այս բոլորը եղան Բաասայի բոլոր մեղքերի, նրա որդի Ելայի մեղքերի պատճառով, քանի որ նրանք մեղանչել էին տվել Իսրայելին՝ իրենց կուռքերով բարկացնելով Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։
14Ելայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
15Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության քսանյոթերորդ տարում Զամբրին Թերսայում թագավորեց յոթ օր։ Այդ ժամանակ Իսրայելի զորքը բանակատեղի էր դրել այլազգիների Գաբաթոն բնակավայրում։
16Երբ բանակատեղիում գտնվող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զորք է հավաքել ու սպանել արքային, նույն օրը զորահրամանատար Ամրիին բանակատեղիում թագավոր դարձրեց Իսրայելի վրա։
17Ամրին ողջ Իսրայելի հետ ելավ Գաբաթոնից ու եկավ պաշարեց Թերսան։
18Երբ Զամբրին տեսավ, որ քաղաքը շուտով գրավելու են, մտավ արքունի սենյակներից մեկը և արքունի տունը հրի մատնեց։ Նա մեռավ
19Տիրոջ առաջ իր գործած մեղքերի պատճառով, քանի որ գնացել էր Նաբատի որդի Հերոբովամի գործած մեղքերի ճանապարհով և դրանցով էլ Իսրայելին մեղքի մեջ գցել։
20Զամբրիի մնացած գործերն ու նյութած դավադրությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
21Այն ժամանակ Իսրայելի ժողովուրդը երկուսի բաժանվեց. ժողովրդի կեսը հարեց Գոնաթի որդի Թամնիին, որպեսզի նրան թագավոր դարձնի, իսկ ժողովրդի մյուս կեսը հարեց Ամրիին։
22Հաղթեցին Ամրիի հետևորդները, իսկ Գոնաթի որդի Թամնիին հարող ժողովուրդը պարտություն կրեց։ Այն ժամանակ մեռան Թամնին ու նրա եղբայր Հովրամը, և Թամնիից հետո թագավորեց Ամրին։
23Հուդայի Ասա արքայի թագավորության երեսունմեկերորդ տարում Ամրին թագավորեց Իսրայելի վրա և իշխեց տասներկու տարի։ Նա Թերսայում թագավորեց վեց տարի։
24Ամրին Սեմերոն լեռը նրա տիրոջից՝ Սամերից, գնեց երկու տաղանդ արծաթով, լեռը շենացրեց և շենացրած այդ լեռը նախկին տիրոջ՝ Սամերի անունով կոչեց Սեմերոն։
25Ամրին Տիրոջ առջև չարիք գործեց, բոլոր իրենից առաջ եղածներից ավելի չարություն գործեց,
26գնաց Նաբատի որդի Հերոբովամի ընթացած բոլոր ճանապարհներով, գործեց այն մեղքերը, որով մեղանչել տվեց Իսրայելին և իր կուռքերով բարկացրեց Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն։
27Ամրիի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, նրա քաջագործությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
28Ամրին գնաց իր նախնիների գիրկն ու թաղվեց Սամարիայում, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Աքաաբը։
29Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Հուդայի երկրի արքա Ասայի թագավորության երեսունութերորդ տարում Ամրիի որդի Աքաաբը թագավորեց Իսրայելի վրա։ Նա քսաներկու տարի թագավորեց Սամարիայում։
30Ամրիի որդի Աքաաբը Տիրոջ առջև առավել չար գտնվեց, քան իր բոլոր նախորդները։
31Բացի այն, որ նա գործում էր Նաբատի որդի Հերոբովամի նույն մեղքերը, նա կին առավ սիդովնացիների արքա Հոբաղի դուստր Հեզաբելին և գնաց ու պաշտեց Բահաղին, երկրպագեց նրան
32և Սամարիայում կառուցած գարշելի կուռքերի տանը Բահաղի համար զոհասեղան կանգնեցրեց։
33Աքաաբը պաշտամունքային սյուն կանգնեցրեց և իր գործերով առավել բարկացրեց Աստծուն, քան իրենից առաջ եղած Իսրայելի բոլոր թագավորները։
34Նրա օրոք բեթելացի Աքիելը կառուցեց Երիքովը, իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրա հիմքերը դրեց, իսկ կրտսեր որդի Սեգուբի հետ դրա դարպասները կանգնեցրեց, համաձայն Տիրոջ խոսքի, որ ասվեց Նավեի որդի Հեսուի բերանով։