1Այն ժամանակ հիվանդացավ Հերոբովամի որդի Աբիան,
2և Հերոբովամն իր կնոջն ասաց. «Վե՛ր կաց, կերպարանափոխվի՛ր, որ չիմանան՝ դու Հերոբովամի կինն ես, և գնա՛ Սելով։ Այնտեղ է ապրում Աքիա մարգարեն։ Նա գուշակել է, որ ես պիտի թագավորեմ այս ժողովրդի վրա։
3Հա՛ց վերցրու Աստծու մարդու համար, նրա որդիների համար՝ բլիթներ, չամիչ ու մի սափոր մեղր, գնա՛ նրա մոտ, և նա քեզ կհայտնի, թե ի՛նչ կպատահի մանկանը»։
4Հերոբովամի կինն այդպես էլ արեց. նա վեր կացավ գնաց Սելով, մտավ Աքիայի տունը, սակայն Աքիայի տեսողությունը վատացել էր. ծերության պատճառով աչքերը չէին տեսնում։
5Տերն ասաց Աքիային. «Հերոբովամի կինը եկել է քեզնից բան հարցնելու իր հիվանդ որդու մասին, իսկ դու այսպես և այսպես կասես նրան»։
6Երբ կինը ներս մտավ, արդեն կերպարանափոխված էր։ Երբ դռան բացվելուց և ներս մտնելուց հետո Աքիան լսեց նրա ոտնաձայնը, ասաց. «Մտի՛ր, Հերոբովամի՛ կին, ինչո՞ւ ես կերպարանափոխվել։ Ես պատվեր ունեմ քեզ դաժան բան ասելու։
7Գնա՛ և ասա՛ Հերոբովամին. այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ես քեզ բարձրացրի ժողովրդի միջից, քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա առաջնորդ դրեցի,
8ես թագավորությունը խլեցի Դավթի տնից ու քեզ հանձնեցի, սակայն դու չեղար իմ ծառա Դավթի նման, որը պահում էր իմ պատվիրանները և իր ամբողջ սրտով հետևում էր ինձ, որպեսզի իմ աչքին հաճելի երևացածն անի։
9Դու ավելի շատ չարություն գործեցիր, քան քո բոլոր նախորդները. դու օտար աստվածներ ու ձուլածո կուռքեր պատրաստել տվեցիր, որպեսզի ինձ բարկացնես, և ինձ մոռացության մատնեցիր։
10Դրա համար Հերոբովամի տան վրա չարիք պիտի բերեմ, Հերոբովամի տնից մինչև վերջ պիտի բնաջնջեմ բոլոր արուներին, Իսրայելի մեջ ապրող ստրուկ ու ազատ մարդկանց, Հերոբովամի տունը պիտի ավլեմ այնպես, ինչպես աղբն են ավլում, մինչև որ իսպառ ոչնչացնեմ այն։
11Հերոբովամի տնից ով քաղաքում մեռնի, շները պիտի ուտեն նրան, իսկ ով դաշտում մեռնի, երկնքի թռչունները պիտի կտցեն”։ Ահա Տերն է այսպես ասել։
12Իսկ դու վեր կաց գնա՛ քո տունը. երբ քո ոտքերը քաղաք մտնեն, երեխան կմեռնի,
13և ամբողջ Իսրայելը կողբա ու կթաղի նրան։ Հերոբովամի մարդկանցից միայն նրա որդին կմտնի գերեզման, քանի որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հերոբովամի տանը միայն նրա մեջ մի բարի բան տեսավ։
14Տերն իր համար մի թագավոր կհանի Իսրայելի վրա, որն այսօր իսկ բնաջինջ կանի Հերոբովամի տունը։
15Եվ արդ, ի՞նչ մնաց։ Տերը կհարվածի Իսրայելին, և նա կնմանվի ջրի մեջ շարժվող եղեգի։ Նա Իսրայելին կհեռացնի այս լավ երկրից, որ տվել էր նրանց հայրերին։ Նրանց գետի մյուս կողմը կքշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար պաշտամունքային փայտե սյուներ շինեցին, որպեսզի բարկացնեն Տիրոջը։
16Տերը կորստյան կմատնի Իսրայելին Հերոբովամի մեղքերի համար, որը մեղանչեց և Իսրայելին էլ մեղանչել տվեց»։
17Հերոբովամի կինը վեր կացավ ու գնաց Սարիրա։ Նա հազիվ էր տան դռնից ներս մտել, որ երեխան մեռավ,
18և ամբողջ Իսրայելը ողբաց նրան ու թաղեց, ինչպես որ Տերն էր նախօրոք հայտնել իր ծառա Աքիա մարգարեի միջոցով։
19Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
20Հերոբովամը թագավորեց քսաներկու տարի և գնաց իր նախնիների մոտ։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Նաբատը։
21Սողոմոնի որդի Ռոբովամը թագավորեց Հուդայի երկրի վրա։ Ռոբովամը քառասունմեկ տարեկան էր, երբ թագավոր օծվեց և տասնյոթ տարի թագավորեց Երուսաղեմ քաղաքում, որը Տերն ընտրել էր Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող վայրերի միջից, որպեսզի այնտեղ պաշտվի իր անունը։ Նրա ամովնացի մոր անունն էր Նաամա։
22Ռոբովամը չար գործեր արեց Տիրոջ առաջ. նա նմանվեց իր նախնիներին և ընթացավ նրանց գործած մեղքերի ճանապարհով։
23Նրանք իրենց համար պաշտամունքային քարե և փայտե սյուներ շինեցին ամեն բարձր բլրի վրա և տերևաշատ ամեն ծառի տակ։
24Իրենց սոդոմական մեղքի տվեցին երկրում և գործեցին այն բոլոր գարշելի բաներն այդ ազգերի, որոնց քշել էր Տերն Իսրայելի որդիների առջևից։
25Այն տարում, երբ Ռոբովամը թագավոր օծվեց, Եգիպտոսի արքա Սավսակիմը հարձակվեց Երուսաղեմի վրա,
26վերցրեց Տիրոջ տան, ինչպես նաև արքայի տան բոլոր գանձերը, ոսկե նիզակները, որոնք Դավիթն ավար էր վերցրել Սուբայի արքա Ադրաազարի ձեռքից ու տարել Երուսաղեմ։ Ավար վերցրեց նաև ոսկե զենքերը, որ պատրաստել էր Սողոմոնը։
27Ռոբովամ արքան դրանց փոխարեն պղնձե զենքեր շինեց և հանձնեց պահակազորի զորագլուխներին, որոնք պահպանում էին արքայի տունը։
28Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, պահակազորը օգտագործում էր դրանք ու հետո կախում զինարանում։
29Ռոբովամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
30Ռոբովամն ու Հերոբովամը միշտ պատերազմի մեջ էին։
31Ռոբովամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ, Դավթի քաղաքում։ Նրա ամովնացի մոր անունը Նաամա էր։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Աբիուն։