1 Kings 1NEA

1Դավիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան հագուստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։

2Նրա սպասավորներն ասացին. «Մեր տիրոջ՝ արքայի համար մի կույս աղջիկ գտնենք, որ սպասավորի և հոգ տանի նրան, նրա հետ քնի, ու մեր տերը՝ արքան, տաքանա»։

3Եվ Իսրայելի ողջ տարածքում գեղեցիկ մի աղջիկ որոնեցին ու գտան սունամցի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մոտ։

4Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցավ նրան։

5Ադոնիան՝ Ագիթի որդին, մեծամտանալով ասաց. «Ես պետք է թագավորեմ»։ Եվ նա կառքեր պատրաստեց ու հեծյալներ ձեռք բերեց, ինչպես նաև իր առջևից վազող հիսուն պահապաններ։

6Հայրը նրան երբեք որևէ բան չէր արգելել՝ ասելով՝ «Ինչո՞ւ այդ արեցիր»։ Նա գեղեցկատես էր ու ծնվել էր Աբեսաղոմից հետո։

7Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, ու նրանք համախոհ եղան Ադոնիային։

8Սադովկ քահանան, սակայն, Բանեան՝ Հովիդայեի որդին, Նաթան մարգարեն, Սեմեին, Ռեին և Դավթի թիկնապահները Ադոնիայի հետ չէին։

9Մի օր Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոողեթի Քարի մոտ, որը Ռովգելի երկրի մոտ է։ Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, և Հուդայի երկրի բոլոր երևելիներին՝ արքայի ծառաներին,

10բայց Նաթան մարգարեին, Բանեաին, թիկնապահներին ու Սողոմոնին՝ իր եղբորը, չկանչեց։

11Նաթան մարգարեն, խոսելով Սողոմոնի մոր՝ Բերսաբեեի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագավոր է դարձել, և մեր տերը՝ Դավիթ արքան, այդ չգիտի։

12Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո և Սողոմոն որդուդ կյանքը։

13Գնա մտի՛ր Դավիթ արքայի մոտ, խոսի՛ր նրա հետ և ասա՛. “Չէ՞ որ դու ինքդ, տե՛ր իմ արքա, երդվելով քո աղախնին, ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”։ Ուրեմն ինչո՞ւ է Ադոնիան թագավորել”։

14Երբ կսկսես խոսել արքայի հետ, ես կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքերը»։

15Բերսաբեեն մտավ սենյակ, արքայի մոտ։ Արքան շատ էր ծերացել, և սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային։

16Բերսաբեեն խոնարհվեց ու երկրպագեց արքային։ Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»։

17Նա պատասխանեց. «Իմ տե՛ր արքա, դու Տիրոջով՝ քո Աստծով երդվեցիր քո աղախնին ու ասացիր՝ “Քո որդի Սողոմոնն է թագավորելու ինձնից հետո, նա է նստելու իմ աթոռին”,

18բայց ահա Ադոնիան է թագավորել, և դու, տե՛ր իմ արքա, այդ չգիտես։

19Նա շատ արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զորքի հրամանատար Հովաբին, իսկ քո ծառա Սողոմոնին չի կանչել։

20Տե՛ր իմ արքա, ողջ Իսրայելն սպասում է քո խոսքին, որ հայտնես նրանց, թե քեզանից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր արքայի աթոռին։

21Այլապես եթե իմ տեր արքան գնա իր նախնիների մոտ, ես ու իմ որդի Սողոմոնը կդատապարտվենք»։

22Մինչ նա խոսում էր արքայի հետ, եկավ Նաթան մարգարեն։

23Արքային հայտնեցին. «Ահավասիկ եկել է Նաթան մարգարեն»։ Նա մտավ արքայի մոտ ու մինչև գետին երեսնիվայր գլուխ տվեց նրան։

24Նաթանն ասաց. «Տե՛ր իմ արքա, դո՞ւ ես ասել՝ “Ադոնիան է թագավորելու ինձնից հետո և նստելու իմ աթոռին”։

25Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զորքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային։ Նրանք ահա ուտում ու խմում են նրա մոտ՝ ասելով. “Կեցցե՛ Ադոնիա արքան”,

26իսկ ինձ՝ քո ծառային, Սադովկ քահանային, Հովիդայեի որդի Բանեային և քո Սողոմոն ծառային չի կանչել։

27Արդյո՞ք այս բանն իմ տեր արքայի հրամանով է կատարվել։ Սակայն դու քո ծառային չես հայտնել, թե իրենից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր արքայի աթոռին»։

28Դավիթ արքան պատասխան տվեց՝ ասելով. «Ինձ մո՛տ կանչեք Բերսաբեեին»։ Նա մտավ նրա մոտ ու կանգնեց նրա դիմաց։

29Արքան երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը, որ փրկել է իմ կյանքն ամեն նեղությունից։

30Ինչպես երդվելով Տիրոջով՝ Իսրայելի Աստծով, ասել եմ՝ “Քո Սողոմոն որդին է թագավորելու ինձնից հետո, և իմ փոխարեն նա է նստելու իմ աթոռին”, այդպես էլ անելու եմ հենց այսօր»։

31Բերսաբեեն երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Հավիտյան կեցցե՛ իմ տերը՝ Դավիթ արքան»։

32Դավիթ արքան ասաց. «Ինձ մո՛տ կանչեք Սադովկ քահանային, Նաթան մարգարեին ու Հովիդայեի որդի Բանեային»։ Նրանք եկան արքայի մոտ։

33Արքան ասաց նրանց. «Ձեզ հետ վերցրե՛ք ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրա նստեցրե՛ք և իջեցրե՛ք Գեհովն։

34Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն այնտեղ նրան Իսրայելի թագավոր թող օծեն։ Եղջերափողե՛ր հնչեցրեք և բացականչե՛ք. “Կեցցե՜ Սողոմոն արքան”։ Ապա նրա հետևից գնալով՝ քաղա՛ք բարձրացեք,

35և նա թող գա, նստի իմ աթոռին ու թագավորի իմ փոխարեն, քանզի ես եմ հրամայել, որ նա լինի Իսրայելի ու Հուդայի երկրի առաջնորդը»։

36Հովիդայեի որդի Բանեան, պատասխան տալով արքային, ասաց. «Թող այդպես լինի, թող Տերը՝ Աստված, իմ տեր արքայի խոսքը հաստատի։

37Ինչպես Տերն իմ արքա տիրոջ հետ էր, նույնպես թող լինի նաև Սողոմոնի հետ, թող բարձրացնի նրա աթոռն առավել, քան իմ տեր արքա Դավթի աթոռը»։

38Սադովկ քահանան, Նաթան մարգարեն, Հովիդայեի որդի Բանեան, քերեթիներն ու փելեթիները եկան և Սողոմոնին նստեցրին Դավիթ արքայի ջորու վրա և նրան տարան Գեհովն։

39Սադովկ քահանան յուղով լի եղջյուրն առավ խորանից և օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, և ամբողջ ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ Սողոմոն արքան»։

40Բոլոր մարդիկ եկան նրա հետևից, պարեր պարելով՝ մեծ ուրախություն արեցին, և երկիրը դղրդաց նրանց ձայնից։

41Երբ Ադոնիան ու նրա բոլոր հյուրերն ավարտեցին ուտելը, լսեցին ուրախության աղմուկ-աղաղակը։ Հովաբը, լսելով եղջերափողի ձայնը, ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»։

42Մինչ նա խոսում էր, եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը։ Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանի որ դու նշանավոր մարդ ես և բարի լուր ես տալու»։

43Հովնաթանը պատասխան տվեց Ադոնիային՝ ասելով. «Հիրավի, մեր տերը՝ Դավիթ արքան, թագավոր դարձրեց Սողոմոնին։

44Նա Սադովկ քահանային, Նաթան մարգարեին, Հովիդայեի որդի Բանեային, քերեթիներին ու փելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան նստեցրին արքայի ջորու վրա,

45և Սադովկ քահանան ու Նաթան մարգարեն նրան թագավոր օծեցին Գեհովնում։ Ապա այնտեղից ուրախությամբ եկան, ու քաղաքը դղրդաց։ Ահա այդ ձայնն է, որ լսում եք։

46Սողոմոնը նստեց արքայական գահին։

47Արքայի ծառաները մտան, որ շնորհավորեն մեր տեր Դավիթ արքային։ Նրանք ասացին. “Թող Աստված քո Սողոմոն որդու անունը առավել մեծացնի, քան քո անունը, և նրա աթոռն առավել բարձրացնի, քան քո աթոռը”։ Արքան իր անկողնի մեջ գլուխ խոնարհեց՝

48ասելով. “Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն այսօր իմ զավակին արժանացրեց իմ աթոռին, և իմ աչքերը դա տեսնում են”»։

49Ադոնիայի բոլոր հյուրերը զարհուրեցին ու վեր կացան, և ամեն մեկը գնաց իր ճանապարհով։

50Ադոնիան, վախենալով Սողոմոնից, ելավ գնաց ու զոհասեղանի եղջյուրներից բռնեց։

51Սողոմոնին հայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախեցավ Սողոմոն արքայից։ Նա բռնել է զոհասեղանի եղջյուրները և ասում է. “Թող Սողոմոն արքան այսօր ինձ երդվի, որ իր ծառային սրով չի սպանի”»։

52Սողոմոնն ասաց. «Եթե նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետնին չի ընկնի, իսկ եթե ուզենա չար գործ կատարել, կմեռնի»։

53Սողոմոն արքան մարդ ուղարկեց, և Ադոնիային իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկավ, խոնարհվեց Սողոմոն արքայի առաջ, իսկ Սողոմոնը նրան ասաց. «Գնա՛ քո տունը»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Kings 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.