Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Timothy 6

:
Armenian - NEA
1 Բոլոր նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող իրենց տերերին պատվի արժանի համարեն, որպեսզի Աստծու անունն ու վարդապետությունը հայհոյության առարկա չդառնան։
2 Իսկ նրանք, ովքեր հավատացյալ տերեր ունեն, թող չարհամարհեն նրանց այն պատճառաբանությամբ, որ եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ նրանք, ովքեր օգտվում են իրենց ծառայությունից, հավատացյալներ են և սիրելի։ Այս բաներն ուսուցանի՛ր և հորդորի՛ր։
3 Իսկ եթե մեկն ուրիշ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին և աստվածապաշտության վրա հիմնված վարդապետությանը,
4 այդպիսին գոռոզամիտ է և ոչինչ չգիտի, այլ բռնված է խնդիրներ և վիճաբանություններ հարուցելու հիվանդությամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, հակառակություն, հայհոյություն, չար կասկածներ, խարդախություն
5 մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը։ Բայց դու հեռո՛ւ մնա այդպիսիներից։
6 Սակայն ստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է սեփական վիճակից գոհացողի համար։
7 Որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ և ոչինչ չպիտի կարողանանք տանել։
8 Ունենք ուտելիք ու հագնելիք և դրանցով բավարարվենք։
9 Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ,
10 որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։
11 Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
12 Հավատի բարի պատերա՛զմ մղիր և ամո՛ւր կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը բազում վկաների առաջ։
13 Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ կյանք է տալիս ամեն ինչի, և Հիսուս Քրիստոսի առաջ, որ Պիղատոս Պոնտացու առաջ վկայեց բարի դավանությունը,
14 որ դու անբիծ, անարատ պահես պատվիրանը, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը։
15 Այդ հայտնությունն իր ժամանակին կկատարի Երանելին և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը,
16 որ միայն ինքն ունի անմահությունը, բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։
17 Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ ամեն ինչ առատապես տալիս է մեզ, որպեսզի վայելենք։
18 Պատվիրի՛ր, որ բարիք գործեն, լավ գործերով հարստանան, լինեն առատաձեռն, բարեսեր, պատրաստ՝ իրենց ունեցածից ուրիշին բաժին հանելու։
19 Այդպիսով նրանք իրենց համար գանձ կամբարեն՝ որպես ամուր հիմք հանդերձյալի համար, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը։
20 Ո՛վ Տիմոթեոս, պահի՛ր ավանդը՝ հեռու մնալով պիղծ ու նորահնար տեսություններից և մոլար անուն գիտության հակառակություններից,
21 որը յուրացնելով՝ ոմանք շեղվեցին հավատից։ Շնո՜րհը քեզ հետ թող լինի։