1 Timothy 5
1 Խստությամբ մի՛ հանդիմանիր ծերերին, այլ հորդորի՛ր որպես հորը, երիտասարդներին՝ որպես եղբայրների,
2 պառավներին՝ որպես մայրերի, դեռատիներին՝ որպես քույրերի, կատարյալ մաքրությամբ։
3 Պատվի՛ր այն այրիներին, որոնք իսկապես այրի են։
4 Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրանք նախ թող սովորեն բարի վերաբերմունք ունենալ սեփական տան հանդեպ և փոխհատուցում տալ իրենց ծնողներին, որովհետև ա՛յդ է բարին ու ընդունելին Աստծու առաջ։
5 Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, իր հույսն Աստծու վրա է դնում, զօրուգիշեր ժամանակն անցկացնում է աղոթքով ու խնդրանքով։
6 Մինչդեռ մեղկասեր այրին ողջ լինելով մեռած է։
7 Այս ամենը պատվիրի՛ր, որ անարատ լինեն։
8 Եթե մեկը յուրայինների և մանավանդ ընտանիքի մասին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից ավելի վատ է։
9 Այրիների թվում թող համարվի այն այրին, որ պակաս չէ վաթսուն տարեկանից, եղել է մեկ տղամարդու կին
10 և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։
11 Բայց երիտասարդ այրի կանանց մերժի՛ր, որովհետև երբ ցանկասիրությամբ են լցվում, Քրիստոսի դեմ են դառնում և ուզում են ամուսնանալ։
12 Այդպիսով դառնում են մեղավորներ, որովհետև դրժում են իրենց առաջին խոստումը։
13 Միաժամանակ ծուլության են վարժվում՝ շրջելով տնից տուն, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են, խոսում են բաներ, որոնց մասին պետք չէ խոսել։
14 Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, զավակներ ծնեն, տնարար լինեն և հակառակորդին չարախոսելու որևէ առիթ չտան,
15 քանի որ նրանցից ոմանք արդեն իսկ շեղվել են՝ սատանային հետևելով։
16 Եթե մի հավատացյալ այրիներ ունի, թող հոգ տանի նրանց մասին, որ եկեղեցին չծանրաբեռնվի և կարողանա հոգ տանել իսկական այրիների մասին։
17 Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանի համարվեն, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզելով և ուսուցանելով։
18 Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» և «Մշակն արժանի է իր վարձին» ։
19 Երեցի մասին ամբաստանություն մի՛ ընդունիր, եթե երկու կամ երեք վկաներով չէ։
20 Իսկ այն երեցներին, որոնք մեղանչել են, հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսները ևս վախենան։
21 Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների վկայությամբ պարտավորեցնում եմ, որ այս ամենը պահես առանց կանխակալ կարծիքի և աչառություն անելու։
22 Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնելու, ոչ էլ ուրիշների մեղքերին մասնակից եղիր։ Ինքդ քեզ մաքո՛ւր պահիր։
23 Այսուհետև միայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի՛ խառնիր ստամոքսիդ և հաճախադեպ հիվանդություններիդ պատճառով։
24 Մարդիկ կան, որոնց մեղքերը հայտնի են դառնում որևէ դատաստանից առաջ, մարդիկ էլ կան, որոնց մեղքերը հետո են հայտնի դառնում։
25 Նույնպես և հայտնի են դառնում բարի գործերը, և այն գործերը, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։