1 Timothy 4
1 Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք կհեռանան հավատից և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիներին և դևերի վարդապետություններին
2 ստախոսների կեղծավորության միջոցով, որոնց խղճմտանքը խարանված է։
3 Այս մարդիկ ամուսնությունն արգելում են և հրահանգում են հեռու մնալ որոշ ուտելիքներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալ և ճշմարտության ճանաչմանը հասած մարդիկ գոհությամբ վայելեն։
4 Արդարև, Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և խոտան բան չկա, մանավանդ երբ դրանք գոհությամբ են ընդունվում,
5 քանի որ ամեն ինչ սրբվում է Աստծու խոսքով և աղոթքով։
6 Այս խրատները տալով եղբայրներին՝ Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես՝ սնված հավատի խոսքերով և այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար։
7 Իսկ պիղծ խոսքերից ու պառավական առասպելներից հեռո՛ւ մնա և ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ,
8 որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։
9 Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը։
10 Որովհետև հենց սրա համար ենք տքնում և նախատինքներ ընդունում, որովհետև մեր հույսը դրել ենք կենդանի Աստծու վրա, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների։
11 Պատվիրի՛ր այս ամենը և ուսուցանի՛ր։
12 Ոչ ոք երիտասարդ տարիքդ թող չարհամարհի, ընդհակառակը՝ օրինա՛կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ։
13 Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու Աստծու խոսքի ընթերցանությանը, խրատելուն ու վարդապետելուն։
14 Անփույթ մի՛ եղիր այն շնորհի նկատմամբ, որ քո մեջ է և որ քեզ տրվեց մարգարեության միջոցով, երեցների ձեռնադրմամբ։
15 Մտածի՛ր այս ամենի մասին և հարատևի՛ր դրա մեջ, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին։
16 Ուշադի՛ր եղիր ինքդ քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ և միշտ մնա՛ այդպես։ Եթե այս ամենն անես, կփրկես թե՛ քեզ և թե՛ նրանց, ովքեր լսում են քեզ։