1 Timothy 3
1 Հավաստի է այս խոսքը, թե ով եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։
2 Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ,
3 ո՛չ նախատող, ո՛չ կոպիտ, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ փողասեր, այլ այնպիսին,
4 որ իր սեփական տան համար լավ վերակացու լինի, զավակներ ունենա, որոնք ամենայն պարկեշտությամբ հնազանդ լինեն իրեն
5 (այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել),
6 ո՛չ նորադարձ, որպեսզի չգոռոզանա և դատապարտության մեջ ընկնի սատանայի նման։
7 Այլ պետք է, որ բարի վկայություն ունենա նաև ոչ քրիստոնյաներից, որպեսզի նախատինքի առարկա չդառնա և սատանայի որոգայթների մեջ չընկնի։
8 Նույնպես և սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ոչ թե երկդիմի խոսող, գինեսեր, շահամոլ,
9 այլ պետք է մաքուր խղճով պահեն հավատի խորհուրդը։
10 Նրանք էլ պետք է նախ փորձվեն և ապա, եթե անթերի լինեն, անցնեն ծառայության։
11 Նրանց կանայք ևս պետք է պարկեշտ լինեն, ոչ չարախոս, հեզ, հավատարիմ ամեն ինչում։
12 Սարկավագները պետք է լինեն մե՛կ կնոջ ամուսին, լավ վերակացու թե՛ իրենց որդիների և թե՛ իրենց տների համար,
13 որովհետև այն սարկավագները, որոնք լավ են ծառայում, իրենց համար ձեռք են բերում են պատվավոր աստիճան և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։
14 Քեզ գրում եմ այս ամենը, որովհետև հույս ունեմ, որ շուտով քեզ մոտ կգամ։
15 Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։
16 Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը. Նա հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, նրան հավատացին աշխարհում, փառքով բարձրացվեց երկինք։