1 Timothy 2
1 Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթք, խնդրանք, պաղատանք, գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար,
2 մանավանդ թագավորների ու բոլոր նրանց համար, ովքեր իշխանության գլուխ են կանգնած, որպեսզի մեր կյանքը վարենք խաղաղությամբ ու հանդարտությամբ, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ։
3 Որովհետև այդ է բարին ու ընդունելին Աստծու՝ մեր Փրկչի առաջ։
4 Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը։
5 Արդարև, մե՛կ Աստված կա և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը,
6 որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլորի համար։ Սա եղավ վկայությունն իր ժամանակների,
7 որի համար ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և չեմ ստում), հեթանոսների ուսուցիչ՝ հավատով և ճշմարտությամբ։
8 Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։
9 Նույնպես և կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով,
10 այլ բարի գործերով, ինչպես վայել է այն կանանց, որոնք հանձն են առել աստվածապաշտությունը։
11 Կինը հավաքույթի ժամանակ թող լսի և ուսանի լռությամբ և ամենայն հնազանդությամբ։
12 Թույլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի տղամարդուն կամ հեղինակություն բանեցնի նրա վրա, այլ թող լուռ մնա,
13 որովհետև նախ Ադամն ստեղծվեց և ապա՝ Եվան։
14 Եվ Ադամը չխաբվեց, այլ կինը խաբվեց և հանցանք գործեց։
15 Բայց և այնպես նա էլ կփրկվի որդեծնության համար, եթե հարատևի պարկեշտությամբ հավատի, սիրո և սրբության մեջ։