Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Timothy 1

:
Armenian - NEA
1 Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի առաքյալը, մեր փրկիչ Աստծու և մեր հույսը եղող Հիսուս Քրիստոսի հրամանով,
2 Տիմոթեոսին՝ հավատի իմ սիրելի որդուն. շնո՜րհ, ողորմությո՜ւն, խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից։
3 Երբ գնում էի Մակեդոնիա, քեզ խնդրեցի, որ Եփեսոսում մնաս, որպեսզի պատվեր տաս ոմանց, որ չուսուցանեն օտար վարդապետություններ
4 և չզբաղվեն անվերջանալի առասպելներով ու ազգաբանություններով, որոնք վեճեր են հարուցում և չեն նպաստում Աստծու ծրագրերին՝ հիմնված հավատի վրա։
5 Գերագույն պատվիրանը սերն է՝ բխած մաքուր սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից,
6 որոնցից ոմանք շեղվեցին՝ մտնելով դատարկ վիճաբանությունների մեջ։
7 Ուզում են Օրենքի ուսուցիչներ լինել, բայց չեն իմանում ոչ այն, ինչ իրենք են խոսում, ոչ էլ այն, ինչ պնդում են։
8 Գիտենք, որ օրենքը լավ է, եթե մեկն այն օրինավոր գործադրի։
9 Բայց թող իմանա, որ օրենքն արդարների համար չի հաստատվել, այլ անօրենների ու անհնազանդների, ամբարիշտների ու մեղավորների, սրբապիղծների ու պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների,
10 պոռնիկների, արվամոլների, մարդու առևտրով զբաղվողների, ստախոսների, սուտ երդում անողների և այն բոլոր արարքների համար, որոնք հակառակ են առողջ վարդապետությանը,
11 որ համապատասխանում է երանելի Աստծու փառավոր Ավետարանին, որին ես հավատարիմ եղա։
12 Երախտապարտ եմ նրան, ով զորացրեց ինձ մեր Տեր Քրիստոս Հիսուսով, քանի որ վստահելի համարեց ինձ այս սպասավորությանը կարգելու,
13 ինձ, որ նախապես հայհոյիչ, հալածիչ և անարգող էի։ Բայց ես ողորմություն գտա, որովհետև այդ բանն անում էի, երբ անգիտության ու անհավատության մեջ էի։
14 Մեր Տիրոջ շնորհը շատ առատ եղավ հավատով ու սիրով հանդերձ, որ Քրիստոս Հիսուսով է։
15 Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։
16 Բայց ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսը նախ իմ մեջ ցույց տար իր ողջ համբերատարությունը, որպես օրինակ նրանց, ովքեր կհավատային նրան հավիտենական կյանքի համար։
17 Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։
18 Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, ավանդում եմ քեզ հետևյալ պատվերը՝ համաձայն այն մարգարեությունների, որոնք սկզբից եղել են քեզ համար, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը,
19 պահես հավատը մաքուր խղճմտանքով, որը ոմանք մերժեցին և նավաբեկության ենթարկվեցին հավատի մեջ։
20 Դրանց թվում են Հիմենոսն ու Ալեքսանդրոսը, որոնց հանձնեցի սատանային, որպեսզի սովորեն չհայհոյել։