Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Thessalonians 2

:
Armenian - NEA
1 Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտեք, որ իզուր չեղավ մեր մուտքը ձեր մեջ։
2 Այլ, ինչպես լավ գիտեք, նախ Փիլիպպեում չարչարվելուց և անարգվելուց հետո մեր Աստծով համարձակություն ունեցանք ձեզ քարոզելու Աստծու Ավետարանը՝ մեծ ընդդիմության հանդիպելով։
3 Արդարև, մեր հորդորը ո՛չ մոլորության վրա է հիմնված, ո՛չ պղծության, ո՛չ էլ նենգամտությամբ է։
4 Այլ, ինչպես որ Աստված մեզ ընտրեց՝ վստահելու Ավետարանը, այնպես էլ քարոզում ենք՝ հաճելի լինելու ոչ թե մարդկանց, այլ Աստծուն, որ քննում է մեր սրտերը։
5 Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա,
6 ո՛չ էլ որևէ մեկից փառք փնտրեցինք՝ ո՛չ ձեզնից, ո՛չ էլ ուրիշներից։
7 Որպես Քրիստոսի առաքյալներ՝ կարող էինք ծանրություն դառնալ ձեզ վրա, բայց ձեր մեջ համեստ եղանք։ Ճիշտ ինչպես ստնտուն, որ մանուկների է կերակրում,
8 այնպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք գորովանքով. ոչ միայն պատրաստ էինք ձեզ տալ Աստծու Ավետարանը, այլև մեր իսկ կյանքը, քանի որ մեզ սիրելիներ դարձաք։
9 Եղբայրնե՛ր, հիշե՛ք մեր վաստակն ու ջանքը, որ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից որևէ մեկի վրա ծանրություն չլինելու համար, և ձեզ քարոզում էինք Աստծու Ավետարանը։
10 Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։
11 Ինչպես լավ գիտեք, ձեզնից յուրաքանչյուրին, ինչպես հայրն իր որդիներին,
12 հորդորում ու սփոփում էինք և աղաչում, որ դուք ապրեք Աստծուն արժանի կերպով, որ կանչեց ձեզ իր արքայությանը և փառքին։
13 Դրա համար էլ մենք չենք դադարում Աստծուն գոհություն հայտնելուց, որովհետև Աստծու խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։
14 Եղբայրնե՛ր, դուք, արդարև, նմանվեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են Քրիստոս Հիսուսով, որովհետև դուք ևս չարչարանքների ենթարկվեցիք ձեր հայրենակիցների կողմից, ինչպես որ նրանք՝ հրեաների կողմից,
15 որոնք սպանեցին Տեր Հիսուսին ու մարգարեներին, հալածեցին նաև մեզ և Աստծու աչքից ընկան ու բոլոր մարդկանց թշնամի դարձան։
16 Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։
17 Ինչ վերաբերում է մեզ, եղբայրնե՛ր, թեպետ միառժամանակ որբ մնացինք ձեզնից, այսինքն՝ հեռու մարմնով, բայց ո՛չ սրտով, մեծ ցանկությամբ առավել ջանք գործադրեցինք ձեր երեսը տեսնելու։
18 Դրա համար, ես՝ Պողոսս, մեկ անգամ, ավելին՝ երկու անգամ կամեցա գալ ձեզ մոտ, բայց սատանան խոչընդոտեց մեզ։
19 Արդարև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ նրա գալստյան ժամանակ ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք։
20 Դուք եք մեր փառքն ու ուրախությունը։