1 Samuel 9
1 Բենիամինի որդիներից մի մարդ կար՝ Կիս անունով, մի հզոր մարդ, որ որդին էր Աբիելի, նա՝ որդին Արեգի, նա՝ որդին Բեքովրաթի, նա՝ որդին Ափիայի, նա՝ որդին մի հեմինացի մարդու։
2 Նա Սավուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ուներ։ Իսրայելի որդիների մեջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդկանցից մեկ գլխով բարձր էր։
3 Մի անգամ Սավուղի հոր ավանակները կորան։ Կիսն ասաց իր որդի Սավուղին. «Վերցրո՛ւ ծառաներից մեկին, և ելեք գնացե՛ք ավանակները փնտրելու»։
4 Նրանք գնացին, անցան Եփրեմի լեռը, անցան Սարիսի լեռը, բայց չգտան ավանակները, անցան Սաղիմի երկիրը, չկային ավանակները, անցան հեմինացիների երկիրը, բայց չգտան։
5 Երբ հասան Սիփ, Սավուղն ասաց իր հետ եկած ծառային. «Արի՛ վերադառնանք։ Կարող է հայրս, ավանակները մոռացած, մե՛զ համար անհանգստանա»։
6 Ծառան ասաց նրան. «Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը։ Նա պատվավոր մարդ է և ինչ որ ասում է, անպայման կատարվում է։ Արի՛ գնանք նրա մոտ, թերևս մեզ ցույց տա այն ճանապարհը, որով պետք է գնանք»։
7 Սավուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթե գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն. չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, և մի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն»։
8 Ծառան նորից պատասխան տվեց Սավուղին՝ ասելով. «Ես քառորդ սիկղ արծաթ ունեմ։ Այն կտաս Աստծու մարդուն, և նա ցույց կտա մեր ճանապարհը»։
9 (Հին ժամանակներում Իսրայելի մեջ այսպես էր ասում ամեն ոք, երբ գնում էր Աստծուց հարցում անելու. «Եկե՛ք գնանք տեսանողի մոտ», որովհետև հին ժամանակներում ժողովուրդը մարգարեին տեսանող էր անվանում)։
10 Սավուղն իր ծառային ասաց. «Ճիշտ ես ասում, արի՛ գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, որտեղ գտնվում էր Աստծու մարդը։
11 Մինչ նրանք բարձրանում էին դեպի քաղաք տանող զառիվերը, նրանց հանդիպեցին աղջիկներ, որոնք ջուր հանելու էին եկել. նրանց հարցրին. «Այստե՞ղ է ապրում տեսանողը»։
12 Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեզանից քիչ առաջ անցավ, շտապե՛ք, նա միայն այսօրվա համար է եկել քաղաք, որովհետև ժողովուրդն այսօր Բամայում [𝕸 Բարձրադիր վայր ] է զոհ անում։
13 Եթե հիմա մտնեք քաղաք, նրան կգտնեք այնտեղ, քանի դեռ չի գնացել Բամա՝ ուտելու, որովհետև ժողովուրդը չի ուտի, մինչև որ նա չգա, որովհետև նա է օրհնում զոհը, ու դրանից հետո հրավիրվածներն ուտում են։ Արդ, ելե՛ք, որովհետև միայն մի օր է նա այստեղ»։
14 Նրանք գնացին քաղաք և երբ մտան քաղաքամեջ, Սամուելը Բամա բարձրանալիս հանդիպեց նրանց։
15 Սավուղի գնալուց մի օր առաջ Տերը Սամուելին հայտնել էր նրա մասին ու ասել.
16 «Վաղն այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մոտ, որ նրան Իսրայելի իմ ժողովրդի վրա իշխան օծես։ Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանի որ տեսա ժողովրդիս տառապանքը, և նրա աղաղակն ինձ հասավ»։
17 Սամուելը տեսավ Սավուղին, և Տերն ասաց նրան. «Ահավասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թե՝ “Նա է իշխելու իմ ժողովրդին”»։
18 Սավուղը, քաղաքամիջում մոտենալով Սամուելին, հարցրեց. «Ասա՛ ինձ, ո՞րն է տեսանողի տունը»։
19 Սամուելը պատասխան տվեց և Սավուղին ասաց. «Տեսանողը ես ինքս եմ։ Իմ առջևից գնալով բարձրացի՛ր Բամա։ Այսօր ինձ հետ կուտես, իսկ վաղը քեզ կարձակեմ, և ամեն ինչ, որ սրտումդ կա, կպատմեմ քեզ։
20 Երեք օր առաջ կորցրած քո ավանակների համար մի՛ մտածիր, քանի որ դրանք գտնվել են։ Եվ ո՞ւմ է պատկանում Իսրայելի փառքը, եթե ոչ քո տանը և քո հոր ողջ տանը»։
21 Սավուղը պատասխան տվեց՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայելի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի հեմինացու որդի եմ, և Բենիամինի ցեղի մեջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում»։
22 Սամուելը վերցրեց Սավուղին ու նրա ծառային, ներս տարավ սրահը և նրանց նստեցրեց շուրջ երեսուն հյուրերի ամենավերին շարքում։
23 Սամուելը խոհարարին ասաց. «Բե՛ր ինձ այն բաժինը, որ քեզ տվի ու պատվիրեցի, որ քեզ մոտ պահես»։
24 Խոհարարը եփեց իր մոտ եղած ազդրը և ինչ որ կար նրա հետ, և դրեց Սավուղի առջև։ Սամուելը Սավուղին ասաց. «Ահա քեզ համար էր պահված, առջևդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայություն լինի ժողովրդի առաջ, և կե՛ր»։ Այդ օրը Սավուղը կերավ Սամուելի հետ։
25 Նա Բամայից իջավ քաղաք։ Սավուղի համար տանիքի վրա անկողին գցեցին,
26 ու նա քնեց։ Երբ առավոտյան նրանք զարթնեցին, Սամուելը, Սավուղին տանիքից կանչելով, ասաց. «Ե՛կ, արձակելու եմ քեզ»։ Սավուղն իջավ, և ինքն ու Սամուելը տնից դուրս եկան։
27 Երբ նրանք հասան քաղաքի եզրին, Սամուելը Սավուղին ասաց. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի»։ Եվ նա առաջ անցավ։ Սամուելը Սավուղին ասաց. «Դու այսօր այստեղ կմնաս և կլսես Տիրոջ պատգամները»։