1 Samuel 8
1 Երբ Սամուելը ծերացավ, իր որդիներին Իսրայելի դատավորներ կարգեց։
2 Սրանք են նրա որդիների անունները. անդրանիկը՝ Հովել, երկրորդի անունը՝ Աբիա։ Սրանք դատավորներ եղան Բերսաբեեում։
3 Սակայն նրա որդիները չգնացին իրենց հոր ճանապարհով, այլ ընչաքաղցության հետևից ընկնելով՝ կաշառք էին վերցնում և իրավունքն աղավաղում։
4 Հավաքվեցին Իսրայելի բոլոր այրերը, եկան Սամուելի մոտ՝ Արիմաթեմ,
5 և ասացին նրան. «Ահա դու ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրա մի թագավո՛ր կարգիր, որ մեզ դատի, ինչպես բոլոր ազգերի մոտ է»։
6 Այս բանը Սամուելին դուր չեկավ, քանի որ ասել էին. «Մեզ թագավո՛ր տուր, որ մեզ դատի»։ Սամուելն աղոթքի կանգնեց Տիրոջ առջև,
7 և Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ ասեն քեզ։ Նրանք ոչ թե քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագավորեմ իրենց վրա։
8 Այն օրվանից, երբ նրանց հանեցի Եգիպտոսից, այդպես վարվեցին նրանք ինձ հետ մինչև այսօր. լքեցին ինձ ու ծառայեցին օտար աստվածների։ Նույնպես և քեզ հետ են վարվում։
9 Արդ, լսի՛ր նրանց ձայնը, բայց նրանց տեղյա՛կ պահիր, բացատրի՛ր թագավորի իրավունքները, որ իշխելու է իրենց վրա»։
10 Սամուելը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին։
11 Նա ասաց. «Սրանք են իրավունքները թագավորի, որ թագավորելու է ձեզ վրա. նա պիտի վերցնի ձեր որդիներին և նրանց կառապաններ, հեծյալներ ու իր մարտակառքերի առջևից վազող սուրհանդակներ դարձնի։
12 Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։
13 Ձեր դուստրերին յուղագործներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի։
14 Ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տա։
15 Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանա և տա իր ներքինիներին և ծառաներին։
16 Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր անասուններն ու էշերը ձեզնից պիտի վերցվեն և իր համար տասանորդ լինեն։
17 Ձեր հոտերից նա տասանորդ պիտի ստանա, և դուք նրա ծառաները պիտի դառնաք։
18 Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»։
19 Ժողովուրդը չուզեց լսել Սամուելին և նրան ասաց. «Ո՛չ, մեկը թող թագավորի մեզ։
20 Մենք ևս այլ ազգերի նման լինենք, մեր թագավորը թող մեզ դատի, մեզ առաջնորդի և պատերազմի մեր պատերազմը»։
21 Սամուելը լսեց ժողովրդի բոլոր ասածները և դրանք հայտնեց Տիրոջը։
22 Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր նրանց և նրանց վրա թագավո՛ր կարգիր»։ Սամուելն Իսրայելի այրերին ասաց. «Թող ամեն ոք իր քաղաքը գնա»։