Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 4

:
Armenian - NEA
1 Այդ օրերին այլազգիները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելը նրանց դեմ պատերազմի ելավ և Աբենեզերում բանակատեղի դրեց, իսկ այլազգիները բանակատեղի դրեցին Ափեկում։
2 Այլազգիները ճակատամարտ տվեցին Իսրայելի դեմ. մարտն սկսվեց, և Իսրայելը պարտվեց այլազգիներից։
3 Ռազմի դաշտում չորս հազար զինվոր ընկավ։ Երբ զորքը վերադարձավ բանակատեղի, Իսրայելի ծերերն ասացին. «Ինչո՞ւ Տերն այսօր մեզ պարտության մատնեց այլազգիների առաջ։ Սելովից մեզ մոտ բերենք մեր Աստծու Ուխտի տապանակը, որ մեզ մոտ լինի ու մեզ փրկի մեր թշնամիների ձեռքից»։
4 Ժողովուրդը մարդիկ ուղարկեց Սելով, որոնք այնտեղից բերեցին քերովբեների միջև նստած Զորությունների Տիրոջ Ուխտի տապանակը։ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, Աստծու Ուխտի տապանակի հետ գնացին։
5 Երբ Տիրոջ Ուխտի տապանակը բանակատեղի բերվեց, ամբողջ Իսրայելը մեծաձայն աղաղակեց, և երկիրը թնդաց։
6 Լսելով աղաղակի ձայնը՝ այլազգիներն ասացին. «Այս ի՜նչ բարձրագոչ աղաղակ է եբրայեցիների բանակատեղիում»։ Նրանք իմացան, որ Տիրոջ տապանակն են բերել բանակատեղի։
7 Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստվածները եկել են բանակատեղի։ Փրկի՛ր մեզ այսօր, Տե՛ր։ Վա՜յ մեզ, քանի որ այսպիսի բան չկար երեկ ու նախորդ օրը։
8 Վա՜յ մեզ, մեզ ո՞վ կփրկի այդ հզոր աստվածների ձեռքից։ Սրանք այն աստվածներն են, որ Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին նաև ամբողջ անապատում։
9 Գոտեպնդվե՛ք և տղամա՛րդ եղեք, ո՛վ այլազգիներ, չլինի թե ստրուկ դառնաք եբրայեցիներին, ինչպես որ նրանք ստրուկ եղան ձեզ։ Տղամա՛րդ եղեք և պատերազմե՛ք նրանց դեմ»։
10 Այլազգիները պատերազմեցին նրանց դեմ, և Իսրայելի այրերը փախան դեպի իրենց վրանները։ Շատ մեծ կոտորած եղավ, և իսրայելացիներից երեսուն հազար հետևակ ընկավ։
11 Աստծու տապանակը գերեվարվեց, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը, սպանվեցին։
12 Այդ օրը համինացի մի մարդ բանակատեղիից վազելով եկավ Սելով։ Նա պատառոտել էր իր զգեստները և գլխին հող լցրել։
13 Երբ հասավ, Հեղին նստած էր տաճարի դռան աթոռին ու ճանապարհին էր նայում, քանի որ նրա սիրտը տագնապի մեջ էր Աստծու տապանակի համար։ Քաղաք մտնելով՝ այդ մարդը հաղորդեց գույժը, ու քաղաքն աղաղակեց։
14 Հեղին, լսելով աղաղակը, ասաց. «Այդ ի՞նչ աղաղակ է»։ Մարդը շտապ եկավ, որ գույժը հաղորդի Հեղիին։
15 Հեղին իննսունութ տարեկան էր, աչքերն այնքան էին տկարացել, որ չէր տեսնում։ Հեղին իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Այս ի՞նչ աղաղակ է»։
16 Մարդը շուտափույթ մտավ Հեղիի մոտ և ասաց նրան. «Ես եկել եմ բանակատեղիից. ռազմադաշտից այսօր եմ փախել»։ Հեղին ասաց. «Ի՞նչ է պատահել, որդյա՛կ, պատմի՛ր ինձ»։
17 Պատանին պատասխանեց. «Իսրայելի այրերն այլազգիների առջևից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկվեց, քո երկու որդիները՝ Օփնին և Փենեեսը, սպանվեցին, իսկ Աստծու տապանակը գերվեց»։
18 Եվ երբ նա հիշատակեց Աստծու տապանակը, Հեղին աթոռից հետ ընկավ դռան մոտ, նրա ողնաշարը ջարդվեց և մեռավ, քանի որ ծեր ու ծանրացած մարդ էր։ Նա Իսրայելի մեջ քսան տարի դատավորություն էր արել։
19 Հեղիի հարսը՝ Փենեեսի կինը, հղի էր, ծննդաբերելու օրերը մոտ էին, և երբ Աստծու տապանակի գերվելու և իր սկեսրայրի ու ամուսնու մահվան լուրը լսեց, լաց եղավ ու ծնեց, քանի որ երկունքի ցավերը պատել էին նրան։
20 Երբ նա մեռնում էր, նրան շրջապատող կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, քանի որ տղա ծնեցիր»։ Նա պատասխան չտվեց և ուշադրություն չդարձրեց։
21 Աստծու տապանակի, նրա սկեսրայրի և ամուսնու պատճառով մանկանը կոչեցին «Վայ Քաբովթ» և
22 ասացին. «Իսրայելի փառքը վերացավ», որովհետև Տիրոջ տապանակը գերվեց, նրա սկեսրայրն ու ամուսինը մեռան։