Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 31

:
Armenian - NEA
1 Այլազգիները պատերազմ մղեցին Իսրայելի դեմ, և Իսրայելի այրերը, այլազգիների առաջ փախուստի դիմելով, վիրավոր ընկան Գեղբուա լեռան վրա։
2 Այլազգիները, հետապնդելով Սավուղին ու նրա որդիներին, սպանեցին Սավուղի որդիներին՝ Հովնաթանին, Ամինադաբին ու Մեղքիսավեին։
3 Պատերազմը Սավուղի դեմ սաստկացավ, կորովի աղեղնավորները գտան նրան, և նա վիրավորվեց կողոսկրից ներքև։
4 Սավուղն իր կապարճակրին ասաց. «Սուրդ մերկացրո՛ւ և դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի թե անթլփատները գան, ինձ խոցոտեն և ծաղրուծանակի ենթարկեն»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ սաստիկ վախեցել էր։
5 Սավուղն առավ իր սուրը և իրեն նետեց դրա վրա։ Երբ կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքը ևս իրեն նետեց սրի վրա ու նրա հետ մեռավ։
6 Մեռան Սավուղը, իր երեք որդիներն ու իր կապարճակիրը. նրա բոլոր մարդիկ նույն օրը միասին մեռան։
7 Երբ հովտի այն կողմում ու Հորդանան գետի այն կողմում գտնվող Իսրայելի այրերը տեսան, որ Իսրայելի այրերը փախան, և մեռան Սավուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։
8 Հետևյալ օրը այլազգիները եկան դիակները կողոպտելու։ Նրանք գտան Գեղբուա լեռան վրա ընկած Սավուղին ու նրա երեք որդիներին։
9 Նրան շուռ տվեցին, վերցրին զենքերը և կտրեցին գլուխը։ Նրանք բանբերներ ուղարկեցին այլազգիների երկրի չորս կողմը՝ հայտնելու այս մասին իրենց կռատներին ու ժողովրդին։
10 Սավուղի զենքերը դրեցին Աստարտի տանը և նրանց մարմինները կախեցին Բեթսանի պարսպից։
11 Երբ գաղաադացիների Հաբիս բնակավայրի բնակիչները լսեցին այն մասին, թե այլազգիները Սավուղին ի՛նչ էին արել,
12 բոլոր զորեղ մարդիկ վեր կացան, ամբողջ գիշեր գնացին, Բեթսանի պարսպից վերցրին Սավուղի ու նրա որդի Հովնաթանի մարմինները, դրանք բերեցին Հաբիս և այնտեղ այրեցին։
13 Այնուհետև նրանց ոսկորներն առնելով՝ թաղեցին Հաբիսի դաշտում և յոթ օր ծոմ պահեցին։