Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 30

:
Armenian - NEA
1 Երբ Դավիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիներն ասպատակել էին հարավակողմը և Սիկելակը, հարվածել էին Սիկելակին ու հրի մատնել այն,
2 գերեվարել էին կանանց և երկրում գտնվող բոլոր մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, չէին սպանել տղամարդկանց և կանանց, այլ գերել էին ու գնացել իրենց ճանապարհով։
3 Դավիթն ու իր մարդիկ երբ մտան քաղաք, տեսան, որ այն հրկիզված է, իսկ իրենց կանայք, տղաներն ու աղջիկները՝ գերված։
4 Դավիթը և իր մարդիկ իրենց ձայնը բարձրացրին ու լաց եղան այնքան, որ նրանց մեջ լալու ուժ այլևս չմնաց։
5 Գերվել էին նաև Դավթի երկու կանայք՝ Աքինովամ Հեզրայելացին ու Կարմեղացի Նաբաղի կինը՝ Աբիգեան։
6 Դավիթը մեծ տագնապի մեջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետև ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։
7 Դավիթը զորացավ իր Տիրոջով և ասաց Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային. «Մոտեցրո՛ւ եփուդը»։ Աբիաթարն այն մոտեցրեց Դավթին։
8 Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Հետապնդե՞մ այդ ելուզակներին, կհասնե՞մ նրանց»։ Տերն ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու բոլոր գերիներին կփրկես»։
9 Իր հետ վերցնելով չորս հարյուր մարդ՝ Դավիթը եկավ մինչև Բոսորի հեղեղատը, իսկ ուժասպառ եղածները մնացին տեղում։
10 Դավիթն այդ չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն, իսկ երկու հարյուր մարդ էլ մնաց նստած Բոսորի հեղեղատի այն կողմը։
11 Նրանք դաշտում մի եգիպտացու գտան, բռնեցին ու բերեցին դաշտ՝ Դավթի մոտ։ Նրան հաց տվեցին, ու նա կերավ, ջուր խմեցրին, տվեցին նրան մի կտոր չոր թուզ և երկու ողկույզ չամիչ։
12 Նա կերավ և ուժ առավ, քանի որ երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ ջուր խմել։
13 Դավիթն ասաց. «Ո՞վ ես, որտեղի՞ց ես»։ Պատանյակն ասաց. «Ես եգիպտացի եմ, մի ամաղեկացու ծառա։ Տերս ինձ լքեց, քանի որ երրորդ օրն է, ինչ հիվանդ եմ։
14 Մենք ասպատակեցինք Քերեթի հարավային կողմերը, Հուդայի երկրի կողմերը և Քաղեբի հարավակողմը, իսկ Սիկելակը հրի մատնեցինք»։
15 Դավիթը նրան ասաց. «Ինձ այդ ելուզակների մոտ կառաջնորդե՞ս»։ Եգիպտացին նրան ասաց. «Երդվի՛ր, որ ինձ չես սպանի, չես հանձնի իմ տիրոջ ձեռքը, և քեզ ելուզակների մոտ կառաջնորդեմ»։ Նա երդվեց նրան։
16 Եգիպտացին նրան այնտեղ տարավ։ Եվ ահա նրանք ցրված էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին և այլազգիների ու Հուդայի երկրից վերցրած մեծամեծ ավարով ուրախանում։
17 Դավիթը նրանց վրա հարձակվեց և Արուսյակի երևալուց մինչև երեկո ու մյուս օրը կոտորեց նրանց այնպես, որ ոչ մի տղամարդ չփրկվեց։ Միայն չորս հարյուր երիտասարդներ, ուղտերը հեծած, փախան։
18 Դավիթն ազատեց այն բոլորին, որոնց գերեվարել էին ամաղեկացիները։ Նա փրկեց նաև իր երկու կանանց։
19 Նրանց ունեցածից ոչ մի բան չէր պակասել. փոքրից մինչև մեծը, տղաներին և աղջիկներին և այն ամենը, ինչ առել էին նրանցից, Դավիթը հետ բերեց։
20 Դավիթն առավ բոլոր հոտերն ու արջառները և տարավ ավարի առջևից։ Ավարի համար ասում էին. «Սա Դավթի ավարն է»։
21 Դավիթը եկավ ուժասպառ եղած երկու հարյուր զինվորների մոտ, որոնք չէին կարողացել Դավթի հետևից գնալ և մնացել էին Բոսորի հեղեղատում։ Նրանք ընդառաջ գնացին Դավթին ու նրա հետ եղած զորքին։ Դավիթը մոտեցավ այդ երկու հարյուր զինվորներին, հարցուփորձ արեց նրանց ողջության մասին։
22 Դավթի հետ պատերազմի գնացած դաժան ու անզգամ մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չեկան, ուստի մենք էլ մեր փրկած ավարից նրանց բաժին չենք հանի։ Միայն ամեն մեկը թող առնի իր կնոջն ու որդիներին և գնա, հեռանա»։
23 Դավիթն ասաց. «Եթե Տերը թշնամուն հանձնել է մեր ձեռքը և մեզ պահել է, ուրեմն այդ բանը մի՛ արեք, եղբայրնե՛ր։ Չէ՞ որ Տերը մեր ձեռքն է մատնել մեզ վրա հարձակված ելուզակներին։
24 Ո՞վ կլսի ձեր խոսքերը, չէ՞ որ նրանք ձեզնից թույլ չեն։ Պահապանների բաժինը հավասար պետք է լինի պատերազմի գնացողների բաժնին։
25 Ավարը հավասարապես պետք է բաժանվի»։ Եվ այդ օրվանից մինչև այսօր դա իբրև օրենք ու իրավունք կիրառվում է Իսրայելի մեջ։
26 Դավիթը եկավ Սիկելակ և ավարից ուղարկեց Հուդայի երկրի ծերերին ու իր ընկերներին՝ ասելով.
27 «Ահա ձեզ Տիրոջ թշնամիների ավարից բաժին եմ հանում, ո՛վ Բեթելի ու հարավային Ռամաթի,
28 Եթերի ու Արոյերի, Եփթամոթի, Եսթամայի,
29 Երաքելի և հերեմելացիների ու կինեցիների քաղաքների, Ռամայի,
30 Բորասանի ու Աթաքի, Քեբրոնի ու բոլոր այն վայրերի բնակիչներ,
31 որտեղով Դավիթն ու իր մարդիկ անցել են»։