1 Samuel 3
1 Պատանի Սամուելը Հեղի քահանայի հսկողությամբ ծառայում էր Տիրոջը։ Այդ օրերին Տերը հազվադեպ էր խոսում կամ երևում մարդկանց։
2 Պատահեց, որ այդ օրը Հեղին ննջում էր իր սենյակում. նրա աչքերն սկսել էին տկարանալ, ու նա չէր կարողանում տեսնել։
3 Աստծու տաճարի ճրագը դեռ չէր հանգել, և Սամուելը ննջում էր Տիրոջ տաճարում, որտեղ գտնվում էր Աստծու տապանակը։
4 Տերը կանչեց՝ ասելով. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Նա պատասխանեց. «Ահա այստեղ եմ»։
5 Հեղիի մոտ վազելով՝ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր ու քնի՛ր»։ Նա վերադարձավ ու քնեց։
6 Տերը կրկին կանչեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելը վեր կացավ, երկրորդ անգամ գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր»։
7 Սամուելը դեռ չէր ճանաչում Տիրոջը, Տիրոջ խոսքը նրան դեռ չէր հայտնվել։
8 Տերը նորից՝ երրորդ անգամ, կանչեց Սամուելին, որը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։
9 Հեղին Սամուելին ասաց. «Վերադարձի՛ր, որդյա՛կ, ու ննջի՛ր։ Եվ եթե որևէ մեկը քեզ կանչի, կասես. “Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է”»։ Սամուելը գնաց ու պառկեց իր տեղում։
10 Տերը եկավ, կանգնեց և, ինչպես նախորդ անգամները, կանչեց նրան. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, քո ծառան լսում է»։
11 Տերն ասաց Սամուելին. «Ահա ես Իսրայելի մեջ այնպիսի բաներ պիտի անեմ, որ, ով լսի դրանք, ականջները պիտի զնգան։
12 Այդ օրը Հեղիի նկատմամբ պիտի կատարեմ այն ամենը, ինչ նրա տան համար ասել եմ, սկզբից մինչև վախճանը։
13 Ինչպես ասել եմ իրեն, իր որդիների գործած անօրենությունների համար մինչև վերջ իր սերնդից վրեժ պիտի լուծեմ, որովհետև իր որդիներն Աստծուն անարգում էին, իսկ նա նրանց չէր հանդիմանում։
14 Ավելին. երդվել եմ Հեղիի տան վրա, որ նրա տան անօրենությունը խնկերով և զոհերով քավություն չի ստանալու հավիտյան»։
15 Սամուելը ննջեց մինչև առավոտ. վաղ առավոտյան զարթնեց ու բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ տեսիլքը պատմել Հեղիին։
16 Հեղին Սամուելին ասաց. «Սամուե՛լ, որդյա՛կ»։ Նա ասաց. «Ահա այստեղ եմ»։
17 Նա ասաց. «Ինչ խոսքեր որ քեզ ասաց Տերը, մի՛ թաքցրու ինձանից։ Աստված քեզ թող առավել պատժի, եթե քո ականջին ասված խոսքերից որևէ բան թաքցնես ինձանից»։
18 Սամուելն ամեն ինչ պատմեց նրան՝ ոչինչ չթաքցնելով նրանից։ Հեղին ասաց. «Տերը թող անի այն, ինչ բարի է իր համար»։
19 Սամուելը մեծացավ, Տերը նրա հետ էր, և Նրա ասած խոսքերից ոչ մեկը գետնին չմնաց։
20 Ամբողջ Իսրայելը՝ Դանից մինչև Բերսաբեե, իմացավ, որ Սամուելը դարձել է Տիրոջ մարգարե։
21 Տերը կրկին երևաց Սելովում։ Տերը Սամուելին երևաց ըստ իր ասած խոսքի։ Սամուելը հավատարմությամբ դարձավ Տիրոջ մարգարեն ամբողջ Իսրայելի մեջ՝ երկրի մի ծայրից մյուսը։ Հեղին շատ էր ծերացել, իսկ որդիները շարունակում էին իրենց ընթացքը, և նրանց ճանապարհը չար էր։