1 Samuel 28
1 Այդ օրերին այլազգիները, իրենց զորքերը հավաքելով, պատերազմի ելան Իսրայելի դեմ։ Անքուսը Դավթին ասաց. «Լա՛վ իմացիր, որ դու և քո մարդիկ ինձ հետ պատերազմի եք դուրս գալու»։
2 Դավիթն Անքուսին ասաց. «Այդպես թող լինի։ Հիմա դու կիմանաս, թե քո ծառան ի՛նչ է անելու»։ Անքուսը Դավթին ասաց. «Այդպես թող լինի, որովհետև քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելու»։
3 Սամուելը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայելը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթեմում։ Սավուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։
4 Այլազգիները հավաքվեցին ու եկան, բանակատեղի դրեցին Սոմանում։ Սավուղն էլ հավաքեց Իսրայելի բոլոր այրերին ու բանակատեղի դրեց Գեղբուեում։
5 Երբ Սավուղը տեսավ այլազգիների բանակը, վախեցավ, նրա սիրտը մեծ ահ ընկավ։
6 Սավուղը Տիրոջը հարց տվեց, սակայն Տերը նրան պատասխան չտվեց ո՛չ երազով, ո՛չ Հայտնությամբ [𝕸 Ուրիմ ], ո՛չ էլ մարգարեության միջոցով։
7 Սավուղն իր ծառաներին ասաց. «Մի ոգեհարց կի՛ն գտեք, որ գնամ նրա մոտ ու հարց տամ նրան»։ Ծառաները նրան ասացին. «Ահա մի ոգեհարց կին կա Այենդորում»։
8 Սավուղը ծպտվեց, ուրիշ զգեստներ հագավ ու գնաց երկու մարդկանց հետ։ Նրանք գիշերը հասան կնոջ մոտ։ Սավուղը նրան ասաց. «Դյութությո՛ւն արա և կանչի՛ր նրան, ում որ քեզ կասեմ»։
9 Կինն ասաց. «Դու ինքդ գիտես, թե ի՛նչ էր արել Սավուղը. թե ոգեհարցներին ու գուշակներին ինչպե՛ս վերացրեց երկրից։ Արդ, ինչո՞ւ ես ինձ սպանելու համար իմ անձի դեմ որոգայթ լարում»։
10 Սավուղը նրան Տիրոջ անունով երդվեց՝ ասելով. «Կենդանի է Տերը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնի»։
11 Կինն ասաց. «Ո՞ւմ ոգին կանչեմ»։ Նա ասաց. «Սամուելի՛ ոգին կանչիր»։
12 Կինը տեսավ Սամուելին, բարձր ձայնով աղաղակեց ու ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ խաբեցիր. չէ՞ որ դու հենց Սավուղն ես»։
13 Արքան նրան ասաց. «Մի՛ վախեցիր, ասա՛, ո՞ւմ տեսար»։ Կինն ասաց նրան. «Գետնից դուրս եկող աստվածներ եմ տեսնում»։
14 Սավուղը նրան ասաց. «Ի՞նչ նկատեցիր»։ Նա ասաց. «Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, և նրա վրա թիկնոց կար»։ Սավուղն իմացավ, որ դա Սամուելն է, և երեսնիվայր ընկավ գետնին ու երկրպագեց նրան։
15 Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ կանչելով նեղություն տվեցիր ինձ»։ Սավուղն ասաց. «Սաստիկ նեղ վիճակում եմ, այլազգիներն իմ դեմ պատերազմի են ելել, Աստված ինձնից հեռացել է, ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեության, ո՛չ էլ երազների միջոցով։ Արդ, քեզ կանչեցի, որ ինձ ցույց տաս, թե ի՛նչ անեմ»։
16 Սամուելն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում։ Տերը քեզնից հեռացավ և քո ընկերոջ հետ եղավ։
17 Տերը քեզ հետ վարվեց այնպես, ինչպես իմ միջոցով հայտնել էր։ Տերը քո ձեռքից խլելու է թագավորությունդ և տալու է քո ընկերոջը՝ Դավթին,
18 որովհետև չլսեցիր Տիրոջ ձայնը և նրա սաստիկ բարկությունն Ամաղեկի վրա ի գործ չդրեցիր։ Այդ պատճառով էլ Տերն այսօր քեզ հետ այդպես է վարվում։
19 Տերը Իսրայելին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու և քո որդիները պիտի ընկնեք, և Տերն Իսրայելի բանակը այլազգիների ձեռքը պիտի մատնի»։
20 Սավուղն անմիջապես ամբողջ հասակով վայր ընկավ գետնին, խիստ զարհուրեց Սամուելի խոսքերից, ու իր մեջ այլևս ուժ չմնաց, որովհետև մի ամբողջ օր ու գիշեր հաց չէր կերել։
21 Կինը մտավ Սավուղի մոտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մեջ է, ասաց նրան. «Ես՝ քո աղախինը, հնազանդվել եմ քեզ, կյանքս վտանգի ենթարկելով՝ անսացել եմ խոսքերիդ։
22 Հիմա էլ դո՛ւ լսիր քո աղախնի խոսքերը։ Քո առջև մի պատառ հաց դնեմ, կե՛ր և ուժ կստանաս, որ քո ճանապարհը գնաս»։
23 Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, և տեղի տալով՝ Սավուղը գետնից վեր կացավ ու նստեց աթոռին։
24 Կինը տանը մի պարարտ հորթ ուներ, անմիջապես մորթեց դա։ Ալյուր առնելով՝ շաղեց, բաղարջ հաց թխեց
25 և տվեց Սավուղին ու նրա ծառաներին։ Նրանք կերան, վեր կացան ու նույն գիշերը գնացին։