Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 26

:
Armenian - NEA
1 Զիփացիները միգապատ լեռից գնացին դեպի բլուրը՝ Սավուղի մոտ, և նրան ասացին. «Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ Եքեղատի բլրի վրա, Հեսեմոնի դիմաց»։
2 Սավուղը վեր կացավ և իսրայելացի երեք հազար ընտիր մարդկանցով իջավ՝ Զիփ անապատում Դավթին որոնելու։
3 Սավուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրա՝ Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրա։ Դավիթը նստել էր անապատում և երբ տեսավ, որ Սավուղն իր հետևից անապատ է գալիս,
4 լրտեսներ ուղարկեց և իմացավ, որ Սավուղը կազմ ու պատրաստ եկել է Կեիլա։
5 Դավիթը վեր կացավ, գաղտագողի եկավ այն տեղը, որտեղ մնում էր Սավուղը, և գտավ նրա քնած տեղը։ Այնտեղ էր Ների որդի Աբենները՝ նրա զորապետը։ Սավուղը ննջում էր գահավորակի վրա, իսկ նրա շուրջբոլորը նրա զորքն էր։
6 Խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ»։ Աբեսսան ասաց. «Ես քեզ հետ կմտնեմ»։
7 Եվ Դավիթն ու Աբեսսան գիշերը մտան զորքի մեջ։ Սավուղը ննջում էր գահավորակի վրա, գեղարդը սնարի մոտ գետնին էր ցցված, իսկ Աբեններն ու զինվորները նրա շուրջը ննջել էին։
8 Աբեսսան Դավթին ասաց. «Տերն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մեկ անգամից գետնին գամեմ սրան և էլ հարվածս չկրկնեմ»։
9 Դավիթն Աբեսսային ասաց. «Մի՛ սպանիր նրան, քանի որ ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծյալի վրա և թողություն ստանալ»։
10 Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։
11 Քա՛վ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծյալի վրա։ Միայն թե վերցրո՛ւ նրա սնարի մոտ դրված այդ գեղարդն ու ջրի այդ կուժը, և գնանք մեզ մոտ»։
12 Դավիթն առավ նրա սնարի մոտ դրված գեղարդն ու ջրի կուժը, և գնացին։ Ոչ ոք ոչինչ չտեսավ, ոչ ոք չիմացավ և ոչ ոք չզարթնեց, քանի որ նրանց վրա թմրություն էր իջել Տիրոջ կողմից, և բոլորը քնի մեջ էին։
13 Դավիթն այն կողմ անցավ, բարձրացավ լեռան գագաթը և կանգնեց հեռվում. իր ու Սավուղի զորքի միջև երկար տարածություն կար։
14 Դավիթը դիմելով զորքին՝ Աբեններին ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, Աբեննե՛ր»։ Նա ասաց. «Ո՞վ ես դու, որ արքայի մոտ ինձ ես դիմում»։
15 Դավիթն ասաց Աբեններին. «Չէ՞ որ դու քաջ մարդ ես։ Իսրայելում ո՞վ կա քեզ նման։ Քո տեր արքային ինչո՞ւ չես պահպանում. չէ՞ որ զորքից մարդ էր մտել քո տեր արքայի մոտ, որ նրան սպաներ։
16 Լավ բան չես անում։ Կենդանի է Տերը։ Դուք՝ Տիրոջ օծյալ ձեր արքային պահպանողներդ, մահվան եք արժանի։ Արդ, ո՞ւր են արքայի սնարի մոտ դրված գեղարդն ու ջրի կուժը»։
17 Սավուղը ճանաչեց Դավթի ձայնը և ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Դավիթն ասաց. «Քո ծառան եմ, տե՛ր իմ արքա»։
18 Եվ ավելացրեց. «Ինչո՞ւ է իմ տերն ընկել իր ծառայի հետևից։ Ինչո՞վ եմ մեղանչել և ի՞նչ վնաս եմ հասցրել։
19 Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։
20 Արդ, իմ արյունը Տիրոջ առջև գետնին թող չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը ելել է իմ կյանքը խլելու, ինչպես որ ագռավն է թևածում լեռների վրա»։
21 Սավուղն ասաց. «Մեղք եմ գործել։ Վերադարձի՛ր, որդյա՛կ իմ Դավիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձն այսօր էլ քո աչքին պատվական է։ Ես անզգամ եմ եղել և խիստ հանցավոր»։
22 Դավիթը պատասխան տվեց՝ ասելով. «Ահավասիկ արքայի գեղարդը։ Թող ծառաներից մեկը գա և վերցնի սա։
23 Թող Տերն ամեն մեկին ըստ իր արդարության և հավատարմության հատուցի։ Տերն այսօր քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցա իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծյալի վրա։
24 Եվ ահա, ինչպես քո անձն այսօր իմ աչքին պատվական երևաց, իմ անձն էլ Տիրոջ առջև այնպես պատվական թող երևա, ինձ զորացնի ու փրկի ամեն տեսակ նեղությունից»։
25 Սավուղն ասաց Դավթին. «Օրհնյալ ես դու, որդյա՛կ իմ Դավիթ, դու հաջողություն ես գտնելու և զորանալով զորանալու ես»։ Դավիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սավուղը վերադարձավ իր տեղը։