Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 25

:
Armenian - NEA
1 Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու ողբաց նրան։ Նրան թաղեցին Արիմաթեմի իր տանը։ Դավիթը վեր կացավ ու գնաց Մաոնի անապատը։
2 Մաոնում մի մարդ կար, որի հոտերը Կարմելոսում էին։ Նա շատ հարուստ էր. ուներ երեք հազար ոչխար, հազար այծ։ Իր հոտերը Կարմելոսում էին խուզում։
3 Նրա անունը Նաբաղ էր, իսկ կնոջ անունը՝ Աբիգեա։ Կինը լի էր իմաստությամբ և շատ բարետես էր, իսկ ամուսինը դաժան էր, չարամիտ ու շնաբարո։
4 Այդ օրերին Դավիթը լսեց, որ Նաբաղ կարմեղացին խուզում է իր հոտերը։
5 Դավիթը տասը ծառաների ուղարկեց՝ նրանց ասելով. «Բարձրացե՛ք Կարմելոս, գնացե՛ք Նաբաղի մոտ և իմ անունից նրա ողջությունը հարցնելուց հետո
6 այսպե՛ս ասեք. “Այս օրերին ողջ լինես դու ու քո տունը, և ինչ գործ որ բռնես, հաջող լինի։
7 Լսել եմ, որ խուզում ես քո հոտերը։ Քո հովիվները մեզ հետ էին այստեղ՝ անապատում, և մեզ հետ որքան մնացել են Կարմելոսում, նրանց արգելք չհանդիսացանք և ոչ մի բանի ձեռք չտվեցինք։
8 Հարցրո՛ւ քո ծառաներին, և նրանք կասեն քեզ։ Այս ծառաները թող շնորհ գտնեն քո առաջ, քանի որ բարի օրում եկան. ինչ որ ձեռքիցդ կգա, տո՛ւր քո ծառաներին և քո Դավիթ որդուն”»։
9 Դավթի ծառաները եկան և այդ խոսքերը Դավթի անունից ասացին Նաբաղին։
10 Նա ըմբոստացավ և Դավթի ծառաներին պատասխան տվեց՝ ասելով. «Ո՞վ է Դավիթը, կամ Հեսսեի որդին ո՞վ է։ Այս օրերին շատացել են իրենց տերերից փախած թափառական ծառաները։
11 Ուրեմն առնեմ իմ հացը, գինին և խուզողների համար մորթված անասուններս ու տամ այս մարդկանց, որոնց որտեղից լինելը չգիտեմ»։
12 Դավթի ծառաները վերադարձան իրենց ճանապարհով, եկան և այդ խոսքերը հաղորդեցին Դավթին։
13 Դավիթն իր մարդկանց ասաց. «Ամեն մեկն իր սուրը թող կապի մեջքին»։ Բոլորն իրենց սրերը կապեցին իրենց մեջքին։ Դավիթը նույնպես իր սուրը կապեց մեջքին. Դավթի հետևից չորս հարյուր մարդ ելավ, երկու հարյուր մարդ էլ մնաց կահ-կարասու մոտ։
14 Ծառաներից մեկը Նաբաղի կնոջը՝ Աբիգեային, պատմեց՝ ասելով. «Դավիթն անապատից պատգամաբերներ ուղարկեց՝ մեր տիրոջը ողջունելու, իսկ նա երես դարձրեց նրանցից։
15 Այդ մարդիկ մեր նկատմամբ շատ բարյացակամ էին. որքան նրանց հետ բաց դաշտում էինք, մեզ վնաս չտվեցին, և մեզանից ոչ մի բան չի պակասել։
16 Ինչքան նրանց հետ էինք և արածեցնում էինք ոչխարները, նրանք մեզ համար պարիսպ եղան գիշեր ու ցերեկ։
17 Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։
18 Աբիգեան շտապեց, առավ երկու հարյուր նկանակ, երկու տիկ գինի, հինգ եփած ոչխար, հինգ արդու բոված ցորեն, մեկ զամբյուղ չամիչ, երկու հարյուր շարոց չոր թուզ ու դրանք դրեց էշերի վրա։
19 Նա ծառաներին ասաց. «Առա՛ջ անցեք ինձնից, ես կգամ ձեր հետևից»։ Նա այդ մասին իր ամուսին Նաբաղին չհայտնեց։
20 Երբ նա, էշին հեծած, լեռան ծածուկ տեղերով իջնում էր, Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ գնացին նրան. Աբիգեան հանդիպեց նրանց։
21 Դավիթն ասաց. «Ուրեմն իզուր էր, որ Նաբաղի ամեն ինչը պահպանեցի այնտեղ՝ անապատում։ Նրա ունեցվածքից ոչինչ չառա, բայց նա իմ երախտիքի փոխարեն չարություն է հատուցում։
22 Աստված թող այսպես ու այսպես անի ինձ, եթե մինչև վաղն առավոտ Նաբաղի ամբողջ տնից պատին միզող մեկ արու թողնեմ»։
23 Երբ Աբիգեան Դավթին տեսավ, էշից շտապ իջնելով՝ Դավթի առաջ ընկավ, երկրպագեց նրան մինչև գետին
24 և նրա ոտքերն ընկնելով՝ ասաց. «Մեղքն ինձ վրա լինի, տե՛ր, բայց թող քո աղախինը խոսի քեզ հետ, և դու լսի՛ր քո աղախնի խոսքերը։
25 Իմ տերը այդ դաժան Նաբաղի արարքն իր սրտին մոտ թող չընդունի, քանի որ ինչպես իր անունն է, այնպես էլ ինքն է։ Նրա անունը Նաբաղ է, ուրեմն անզգամությունն իր հետ է։ Ես՝ քո աղախինը, քո ուղարկած ծառաներին չեմ տեսել։
26 Արդ, կենդանի է Տերը, և կենդանի ես դու. Տերն է քեզ արգելել անպարտ արյուն թափելը և այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։ Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես թող լինեն։
27 Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնվող ծառաներին և
28 ների՛ր քո աղախնի հանցանքը, քանի որ Տերն իմ տիրոջը հավատարիմ տուն պիտի դարձնի, քանի որ իմ տիրոջ պատերազմները Տերն է վարում։ Քո մեջ երբեք չարություն թող չլինի։
29 Եթե որևէ մեկը քո դեմ դուրս գա քեզ հալածելու և քո կյանքն ուզենա խլել, իմ տիրոջ հոգին թող Տիրոջ՝ Աստծու կենաց ծրարի մեջ ծրարվի, իսկ քո թշնամիների հոգիները որպես պարսաքարեր արձակվեն։
30 Եվ երբ Տերն իմ տիրոջ համար խոստացած այս բոլոր բարիքները կատարի և քեզ, ըստ իր պատգամի, Իսրայելի առաջնորդ հաստատի,
31 իմ տիրոջ սրտում վատություն ու գայթակղություն թող չլինի, որ իզուր արդար արյուն թափի։ Թող իմ տիրոջ ձեռքն ուրիշի վրա չբարձրանա, և Տերը թող բարին անի իմ տիրոջը, որ հիշես քո աղախնին ու բարիք գործես նրա հանդեպ»։
32 Դավիթն Աբիգեային ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։
33 Օրհնյալ լինի քո խոհեմությունը, և օրհնյալ լինես դու, որ արգելք հանդիսացար ինձ այսօր, և ես չգնացի արյուն թափելու ու իմ ձեռքն ուրիշի վրա բարձրացնելու։
34 Բայց կենդանի է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այսօր ինձ արգելք հանդիսացավ չարիք գործելու քո հանդեպ, քանի որ եթե շտապ չգայիր և իմ առջև չելնեիր, ինչպես ասել էի, մինչև առավոտ Նաբաղը կզրկվեր պատին միզողներից»։
35 Դավիթը նրա ձեռքից առավ այն ամենը, ինչ բերել էր, և նրան ասաց. «Գնա՛ քո տունը խաղաղությամբ։ Տե՛ս, քո խոսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»։
36 Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։
37 Առավոտյան, երբ Նաբաղը գինուց սթափվեց, կինն այդ բաները պատմեց, Նաբաղի սիրտը մահացու հարված ստացավ, և նա կարծես քար կտրեց։
38 Տասը օր անց Տերը հարվածեց Նաբաղին, և նա մեռավ։
39 Երբ Դավիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Աստված, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսավ, իր ծառային չար ձեռքից փրկեց։ Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին թափեց»։ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեային համոզելու, որ իր կինը դառնա։
40 Դավթի ծառաները եկան Կարմելոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ՝ ասելով. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կնության առնի»։
41 Նա վեր կացավ ու գլուխը մինչև գետին խոնարհելով՝ ասաց. «Քո աղախինը պատրաստ է ստրկուհի լինել և իր տիրոջ ծառաների ոտքերը լվանալ»։
42 Աբիգեան անմիջապես վեր կացավ, հեծավ էշը և իր հետ հինգ ծառայող աղջիկներ վերցնելով՝ գնաց Դավթի ծառաների հետևից։ Եվ Աբիգեան դարձավ Դավթի կինը։
43 Դավիթը կին առավ նաև Եզրայելից Աքինովամին. այս երկուսն էլ դարձան նրա կանայք,
44 իսկ Սավուղն իր Մեղքող դստերը, որը Դավթի կինն էր, կնության տվեց ռովմացի Հեմեսսայի որդի Փաղտիելին։